Ա ԹԱԳԱՎՈՐԱՑ8
  • 1Եւ երբոր Սամուէլը ծերացաւ իր որդիներին Իսրայէլի վերայ դատաւոր դրաւ։
  • 2Եւ նորա անդրանիկ որդիի անունը Յովէլ, եւ երկրորդի անունը Աբիա էր, եւ Բերսաբէէումը դատաւորութիւն էին անում։
  • 3Եւ նորա որդիքը չ’գնացին նորա ճանապարհների մէջ, այլ շահասիրութեան ետեւից ընկան եւ կաշառք էին առնում, եւ իրաւունքը ծռում էին։
  • 4Եւ Իսրայէլի բոլոր ծերերը ժողովուեցան, եւ գնացին Ռամա Սամուէլի մօտ,
  • 5Եւ նորան ասեցին. Ահա դու ծերացել ես, եւ քո որդիքը չեն գնում քո ճանապարհների մէջ. արդ մեզ վերայ թագաւոր դիր, որ մեզ դատէ ինչպէս որ ամեն ազգերը։
  • 6Եւ այս բանը Սամուէլի աչքին վատ երեւեցաւ, որ ասեցին թէ՝ մեզ թագաւոր տուր, որ մեզ դատէ. Եւ Սամուէլն աղօթք արաւ Տիրոջը։
  • 7Եւ Տէրը Սամուէլին ասեց. Լսիր ժողովրդի խօսքին եւ այն ամենին որ քեզ ասեցին. Որովհետեւ նորանք ոչ թէ քեզ են մերժում, այլ ինձ են մերժում, որ նորանց վերայ չ’թագաւորեմ։
  • 8Բոլոր այն գործերի պէս որ նորանք արին նորանց Եգիպտոսից հանած օրիցս մինչեւ այս օրը որ ինձ թող տալով ուրիշ աստուածների ծառայութիւն արին, այնպէս էլ քեզ են անում։
  • 9Եւ հիմա դու նորանց խօսքին լսիր. Բայց նորանց յայտնի վկայես եւ նորանց իմացնես այն թագաւորի իրաւունքը որ նորանց վերայ պիտի իշխէ։
  • 10Եւ Սամուէլը Տիրոջ բոլոր խօսքերն ասեց իրանից թագաւոր ուզող ժողովրդին.
  • 11Եւ ասեց. Ձեզ վերայ իշխելու թագաւորի իրաւունքը այս է լինելու. Ձեր տղերքը կ’առնէ եւ կ’տանէ իր համար իր կառքերի եւ ձիերի վերայ կ’դնէ, որ վազեն իր կառքերի առաջից.
  • 12Եւ իր համար հազարապետներ ու յիսնապետներ շինէ, եւ որ նորանք իր արտերը հերկեն եւ հունձերը հնձեն, եւ նորա պատերազմական զէնքերն ու կառքերի գործիքները շինեն։
  • 13Եւ կ’առնէ ձեր աղջկերքը իւղագործ, խոհարար ու հացթուխ կ’շինէ։
  • 14Եւ ձեր ընտիր արտերը՝ այգիները եւ ձիթենիները կ’առնէ եւ իր ծառաներին կ’տայ։
  • 15Եւ ձեր հունտերիցը եւ ձեր այգիներիցը տասանորդ կ’առնէ եւ իր ներքինիներին եւ ծառաներին կ’տայ։
  • 16Եւ ձեր ընտիր ծառաներն ու աղախինները, եւ ձեր տղամարդերը, եւ ձեր էշերը կ’առնէ եւ իր համար կ’գործածէ։
  • 17Ձեր հօտերիցը տասանորդ կ’առնէ, եւ դուք նորա ծառաները կ’լինէք։
  • 18Այն օրը դուք ձեր ընտրած թագաւորի երեսիցը կ’աղաղակէք, բայց Տէրը այն օրը ձեզ պատասխան չի տալ։
  • 19Սակայն ժողովուրդը Սամուէլի խօսքին լսել չ’ուզեց, եւ ասեցին. Ոչ, անպատճառ մեզ վերայ թագաւոր լինի.
  • 20Եւ մենք էլ բոլոր ազգերի պէս լինենք. Եւ մեր թագաւորը մեզ դատէ, եւ նա մեր առաջին դուրս գայ, եւ նա պատերազմէ մեր պատերազմները։
  • 21Եւ Սամուէլը ժողովրդի բոլոր խօսքերը լսեց եւ ասեց Տիրոջ ականջին։
  • 22Եւ Տէրը Սամուէլին ասեց. Նորանց ձայնին լսիր, եւ նորանց վերայ թագաւոր դիր։ Այն ժամանակ Սամուէլն Իսրայէլի որդկանցն ասեց. Ամեն մարդ իր քաղաքը գնայ։
← Ցանկ