Ա ԹԱԳԱՎՈՐԱՑ6
  • 1Եւ Տիրոջ տապանակը մնաց Փղշտացիների երկրումը եօթը ամիս։
  • 2Եւ Փղշտացիները կանչեցին քուրմերին եւ գուշակողներին եւ ասեցին. Եհովայի տապանակին ի՞նչ անենք. Մեզ իմացրէք թէ նորան ի՞նչով իր տեղն ուղարկենք։
  • 3Նորանք էլ ասեցին. Եթէ Իսրայէլի Աստուծոյ տապանակը ուղարկէք. Նորան դարտակ չ’ուղարկէք, այլ անպատճառ յանցանքի պատարագ տուէք նորան, այն ժամանակ կ’բժշկուիք, եւ ձեզ յայտնի կ’լինի թէ ի՞նչու համար նորա ձեռքը ձեզանից չէ հեռանում։
  • 4Եւ նորանք ասեցին. Ո՞րն է այն պատարագը որ նորան մատուցանենք։ Եւ նորանք ասեցին. Փղշտացիների նախարարների թիւովը հինգ ոսկեղէն թանչքի ուռեցքներ եւ հինգ ոսկի մուկ է. Որովհետեւ մի եւ նոյնն էր հարուածը ձեր ամենի վերայ՝ եւ ձեր նախարարների վերայ։
  • 5Եւ հիմա ձեր թանչքի ուռեցքների պատկերները, եւ ձեր երկիրն աւերող մուկերի պատկերները շինեցէք, եւ Իսրայէլի Աստուծուն փառք տուէք, կարելի է որ նա իր ձեռքը ձեր վերայից ձեր աստուածների վերայից, եւ ձեր երկրի վերայից թեթեւացնէ։
  • 6Եւ ի՞նչու համար էք ձեր սիրտերը խստացնում, ինչպէս որ Եգիպտացիները եւ Փարաւօնն իրանց սիրտերը խստացրին. Չէ՞ որ Աստուած նորանց մէջ հրաշալի գործքեր անելուց յետոյ՝ նորանք թող տուին նորանց որ գնան։
  • 7Հիմա մէկ նոր սայլ շինեցէք, եւ երկու հատ կաթնատու երինջ առէք, որոնց վերայ բնաւ լուծ դրուած չ’լինի. Եւ երինջները սայլին լծեցէք, եւ նորանց հորթերը նորանց քամակիցը ետ տարէք տուն։
  • 8Եւ Եհովայի տապանակն առէք, եւ սայլի վերայ դրէք նորան, եւ այն ոսկեղէն անօթները, որ դուք յանցանքի համար նրան ընծայ պիտի տաք, մի պզտիկ արկղով նորա մէկ կողմին դրէք, եւ նորան ճանապարհեցէք որ գնայ։
  • 9Եւ նայեցէք, եթէ իր սահմանի ճանապարհովը Բեթսամիւս է գնում, այս մեծ չարիքը մեզ անողը նա է. Ապա եթէ ոչ, գիտենանք որ նորա ձեռքը չէ մեզ դպել. Այս բանը դիպուածով է պատահել մեզ։
  • 10Եւ այն մարդիկը այնպէս արին. Երկու հատ կաթնատու երինջ առան, եւ նորանց լծեցին սայլին, եւ նորանց հորթերին տան մէջ փակեցին։
  • 11Եւ Տիրոջ տապանակը, եւ ոսկի մուկերի եւ իրանց թանչքի ուռեցքների պատկերների պզտիկ արկղը դրին այն սայլի վերայ։
  • 12Եւ երինջները ճանապարհ ընկան ուղիղ դէպի Բեթսամիւսի ճանապարհը, եւ մէկ շաւիղով գնալով բառաչում էին, եւ աջ կամ ձախ կողմը չ’խոտորուեցան. Եւ Փղշտացիների նախարարները գնում էին մինչեւ Բեթսամիւսի սահմանը նորանց ետեւից։
  • 14Եւ սայլը Բեթսամիւսացի Յեսուի արտը մտաւ եւ այնտեղ կանգնեց, եւ այնտեղ մէկ մեծ քար կար. Եւ սայլի փայտերը ճեղքեցին եւ այն երինջներին ողջակէզ մատուցրին Տիրոջը։
  • 15Եւ Ղեւտացիները իջեցրին Տիրոջ տապանակը եւ նորա հետ եղող ոսկի անօթների պզտիկ արկղը եւ դրին այն մեծ քարի վերայ. Եւ այն օրը Բեթսամիւսի մարդիկը ողջակէզներ եւ զոհեր մատուցրին Տիրոջը։
  • 16Եւ Փղշտացիների հինգ նախարարները տեսան եւ ետ դառան նոյն օրը Ակկարոն։
  • 17Եւ այն ոսկեղէն թանչքի ուռեցքները՝ որ Փղշտացիները իբրեւ յանցանքի ընծայ տուին Տիրոջը, սորանք էին. Մէկ հատ Ազովտոսի համար, մէկ հատ գազայի համար, մէկ հատ Ասկաղոնի համար, մէկ հատ Գէթի համար, մէկ հատ Ակկարոնի համար։
  • 18Եւ ոսկի մուկերը Փղշտացիների հինգ նախարարութիւնների բոլոր քաղաքների թիւովն էին, պարսպաւոր քաղաքից մինչեւ անպարիսպ գիւղը, եւ մինչեւ այն մեծ քարը՝ որի վերայ Տիրոջ տապանակը դրուեցաւ, որ կայ մինչեւ այս օր Բեթսամիւսացի Յեսուի արտումը։
  • 19Եւ Տէրը Բեթսամիւսի մարդկանցը զարկեց, որովհետեւ նորանք նայեցին Տիրոջ տապանակի մէջ. Եւ ժողովրդիցը յիսուն հազար եօթանասուն մարդ զարկեց, եւ ժողովուրդը սուգ բռնեց, որովհետեւ Տէրը ժողովրդի մէջ մեծ կոտորած արաւ։
  • 20Եւ Բեթսամիւսի մարդիկն ասեցին. Ո՞վ կարող է կանգնել այս սուրբ Աստուած Եհովայի առաջին, եւ նա ո՞րի մօտ պիտի գնայ մեր մօտիցը։
  • 21Եւ Կարիաթարիմի բնակիչների մօտ պատգամաւորներ ուղարկեցին՝ ասելով. Փղշտացիները Տիրոջ տապանակը ետ են բերել. Իջէք վեր տարէք նորան ձեզ մօտ։
← Ցանկ