Ա ԹԱԳԱՎՈՐԱՑ28
  • 1Եւ այն օրերում Փղշտացիները իրանց զօրքերը ժողովեցին պատերազմի, որ դուրս գան Իսրայէլի հետ պատերազմեն. Եւ Անքուսը Դաւիթին ասեց. Գիտենաս որ դու քո մարդկանցովը ինձ հետ պիտի բանակը դուրս գաս։
  • 2Եւ Դաւիթն Անքուսին ասեց. Ուրեմն դու կ’իմանաս թէ ծառադ ինչ կ’անէ, եւ Անքուսը Դաւիթին ասեց. Նորա համար քեզ միշտ ինձ անձնապահ եմ անելու։
  • 3Իսկ Սամուէլը մեռած էր. Եւ բոլոր Իսրայէլը նորա համար սուգ էին արել. Եւ նորան թաղել էին իր քաղաքումը Ռամայի մէջ։ Սաւուղն էլ վհուկներին եւ նշանագէտներին՝ երկրիցը վեր էր առել։
  • 4Եւ Փղշտացիները ժողովուեցան եւ եկան Սունամումը բանակ տուին. Սաւուղն էլ ժողովեց բոլոր Իսրայէլին եւ բանակ տուին Գեղբուէումը։
  • 5Եւ Սաւուղը տեսաւ Փղշտացիների բանակը՝ եւ վախեցաւ, եւ սիրտը շատ դողաց։
  • 6Եւ Սաւուղը Տիրոջը հարցրեց, բայց Տէրը չ’պատասխանեց նորան՝ ոչ երազներով, ոչ ուրիմով, եւ ոչ մարգարէներով։
  • 7Այն ժամանակ Սաւուղն իր ծառաներին ասեց. Ինձ համար մէկ վհուկ կին որոնեցէք, որ գնամ նորան հարցնեմ։ Եւ ծառաները նորան ասեցին. Ահա Ենդովրի մէջ մէկ վհուկ կին կայ։
  • 8Եւ Սաւուղն իր հանդերձները փոխեց եւ ուրիշ հանդերձներ հագաւ, եւ իր հետ եղող երկու մարդով գնաց, եւ նորանք գիշերով այն կնկայ մօտ հասան։ Եւ Սաւուղն ասեց. Շնորհք արա, ինձ վհուկի ոգիով դիւթութիւն արա, եւ վեր հանիր ինձ համար որին որ քեզ ասեմ։
  • 9Եւ կինը նորան ասեց. Ահա դու գիտես Սաւուղի արած բանը, որ վհուկներին եւ նշանագէտներին երկրիցը բնաջինջ է արել. Ուրեմն ի՞նչու ինձ մեռցնելու համար իմ անձին որոգայթ ես պատրաստում։
  • 10Եւ Սաւուղը Տէրովը երդում արաւ նորան եւ ասեց. Տէրը կենդանի է որ այս բանից քեզ մէկ վնաս չի պատահիլ։
  • 11Այն ժամանակ կինն ասեց. Քեզ համար ո՞վ վեր հանեմ. Եւ նա ասեց. Սամուէլին հանիր ինձ համար։
  • 12Եւ կինը Սամուէլին տեսնելով՝ մեծ ձայնով աղաղակեց. Եւ կինը Սաւուղի հետ խօսեց եւ ասեց. Ի՞նչու ինձ խաբեցիր, որովհետեւ դու Սաւուղն ես։
  • 13Եւ թագաւորը նորան ասեց. Մի վախենար, բայց ի՞նչ տեսար։ Եւ կինը Սաւուղին ասեց. Գետնից դուրս եկող աստուածներ տեսայ։
  • 14Եւ Սաւուղը նորան ասեց. Նորա կերպարանքը ի՞նչպէս է։ Եւ կինն ասեց. Ահա մէկ ծեր մարդ է վեր գալիս, եւ մի վերարկու է հագած։ Եւ Սաւուղը հասկացաւ որ նա Սամուէլն է. Եւ երեսի վերայ գետինը ծռուելով նորան երկրպագութիւն արաւ։
  • 15Եւ Սամուէլն ասեց Սաւուղին. Ի՞նչու համար ինձ նեղութիւն տուիր եւ ինձ վեր հանեցիր։ Եւ Սաւուղն ասեց. Ես մեծ նեղութեան մէջ եմ, որովհետեւ Փղշտացիները ինձ հետ պատերազմ են անում, եւ Աստուած ինձանից հեռացել է, եւ ինձ չէ պատասխանում ոչ մարգարէների միջոցով եւ ոչ երազներով, նորա համար քեզ կանչեցի, որ ինձ իմացնես թէ ինչ անեմ։
  • 16Եւ Սամուէլն ասեց. Ի՞նչու համար ինձ ես հարցնում, հիմա որ Տէրը քեզանից հեռացել է ու քեզ թշնամի եղել։
  • 17Եւ Տէրն արաւ ինչպէս որ իմ ձեռովը խօսել էր, եւ Տէրը քո ձեռքիցը թագաւորութիւնը պատառեց, եւ քո ընկեր Դաւիթին տուաւ այն։
  • 18Որովհետեւ դու Տիրոջ խօսքին չ’լսեցիր եւ նորա սաստիկ բարկութիւնը Ամաղէկի վերայ գործ չ’դրիր, նորա համար այսօր Տէրը քեզ արաւ այս բանը։
  • 19Եւ Տէրը քեզ հետ Իսրայէլին էլ է մատնելու Փղշտացիների ձեռքը. Եւ էգուց դու եւ քո որդիքն ինձ մօտ կ’լինէք. Տէրը Իսրայէլի բանակն էլ է մատնելու Փղշտացիների ձեռքը։
  • 20Այն ժամանակ Սաւուղը շուտով վայր ընկաւ բոլոր հասակովը գետնի վերայ, եւ Սամուէլի խօսքերիցը շատ վախեցաւ, որ վերան ոյժ էլ չ’մնաց. Որովհետեւ բոլոր օրը եւ բոլոր գիշերը հաց չէր կերել։
  • 21Եւ կինը Սաւուղի մօտ գնաց, եւ տեսաւ նորա չափազանց սոսկումը եւ նորան ասեց. Ահա աղախինդ խօսքիդ լսեց. Եւ հոգիս ձեռքիս մէջ դնելով՝ ինձ ասած խօսքերիդ հնազանդեցի։
  • 22Եւ հիմա աղաչում եմ՝ դու էլ քո աղախնի խօսքին լսիր, եւ քո առաջին մի պատառ հաց դնեմ եւ կեր՝ որ ոյժ առնես. Որովհետեւ ճանապարհ ես գնալու։
  • 23Բայց նա չ’ուզեց, եւ ասեց. Չեմ ուտում. Սակայն նորա ծառաները եւ կինն էլ բռնադատեցին նորան, եւ նորանց խօսքին լսեց. Եւ գետնից վեր կացաւ անկողնի վերայ նստեց։
  • 24Եւ կինը տան մէջ սնուցած մի հորթ ունէր, շուտով նորան մորթեց, եւ ալիւր առաւ հունցեց, եւ նորանով բաղարջ թխեց.
  • 25Եւ Սաւուղի առաջը եւ նորա ծառաների առաջը դրաւ. Եւ նորանք կերան եւ վեր կացան նոյն գիշերը գնացին։
← Ցանկ