Ա ԹԱԳԱՎՈՐԱՑ25
  • 1Եւ Սամուէլը մեռաւ, եւ բոլոր Իսրայէլը ժողովուեցան եւ նորա համար սուգ արին, եւ նորան թաղեցին իր տանը Ռամայումը։ Եւ Դաւիթը վեր կացաւ իջաւ Փառանի անապատը։
  • 2Եւ Մաոնի մէջ մի մարդ կար, եւ նորա գործը Կարմեղոսի մէջ էր. Եւ նա շատ մեծ մարդ էր, եւ երեք հազար ոչխար եւ հազար այծ ունէր, եւ իր ոչխարները ասրակտուր անելու համար Կարմեղոսումն էր լինում։
  • 3Եւ այն մարդի անունը Նաբաղ էր, եւ նորա կնկայ անունը Աբիգեա. Եւ այն կինը խոհեմամիտ եւ գեղեցկադէմ էր, բայց մարդը խստաբարոյ եւ չարագործ էր, եւ նա Քաղեբեան էր։
  • 4Եւ Դաւիթը լսեց անապատի մէջ որ Նաբաղ իր ոչխարները խուզում է։
  • 5Եւ Դաւիթը տասը երիտասարդ ուղարկեց, եւ Դաւիթն այն երիտասարդներին ասեց. Վեր գնացէք Կարմեղոս եւ Նաբաղի մօտ գնացէք, եւ իմ անունովը նորա ողջութիւնը հարցրէք։
  • 6Եւ այսպէս ասեցէք. Ողջ կաց. Քեզ եւ քո տանը եւ քո բոլոր ստացուածքին խաղաղութիւն լինի։
  • 7Եւ հիմա լսել եմ, որ ոչխարներդ խուզում ես. Հիմա քո հովիւները մեզ հետ էին, նորանց վնաս չենք տուել, եւ նորանց մէկը բանը չէ պակասել՝ որչափ ժամանակ որ մնացել են Կարմեղոսումը։
  • 8Քո պատանիներին հարցրու, եւ թող նորանք քեզ ասեն. Եւ այս երիտասարդները թող քո աչքերի առաջին շնորհք գտնեն, որովհետեւ բարի օր եկանք. Շնորհք արա՝ քո ծառաներին եւ քո որդի Դաւիթին ձեռքիցդ եկածը տուր։
  • 9Եւ Դաւիթի երիտասարդները գնացին, եւ այս բոլոր խօսքերի համեմատ Դաւիթի անունովը խօսեցին Նաբաղի հետ եւ կանգնեցին։
  • 10Եւ Նաբաղը Դաւիթի ծառաներին պատասխանեց եւ ասեց. Դաւիթն ո՞վ է, եւ Յեսսէի որդին ո՞վ է. Այս օրերը իրանց տէրերի երեսից փախչող ծառաները շատացել են։
  • 11Ես իմ հացը, իմ ջուրը եւ խուզողներիս համար մորթած անասուններս առնեմ եւ այն մարդկանց տա՞մ, որ չ’գիտեմ թէ որտեղից են։
  • 12Եւ Դաւիթի երիտասարդներն իրանց ճանապարհը դարձան, եւ գնացին այս բոլոր խօսքերը նորան պատմեցին։
  • 13Եւ Դաւիթն իր մարդկանցն ասեց. Ամեն մարդ իր սուրը մէջքը կապէ. Եւ ամեն մարդ իր սուրը մէջքը կապեց, եւ Դաւիթն էլ իր սուրը մէջքը կապեց. Եւ Դաւիթի ետեւից չորս հարիւրի չափ մարդ դուրս եկաւ. Եւ երկու հարիւր մարդ մնացին կարասիների մօտ։
  • 14Եւ ծառաների մէկը Նաբաղի կնկան Աբիգեային իմացրեց եւ ասեց. Ահա Դաւիթն անապատից մարդիկ է ուղարկել մեր Տիրոջն օրհնելու համար, բայց նա նորանց դուրս արաւ։
  • 15Բայց այն մարդիկը մեզ հետ շատ լաւ էին, եւ մեզ վնաս չ’տուին. Եւ մեզանից մի բան չ’կորաւ դաշտումը որչափ ժամանակ որ նորանց հետ ման եկանք։
  • 16Նորանք մեզ համար պարիսպ էին գիշերն էլ ցերեկն էլ, որչափ ժամանակ որ նորանց մօտ ոչխարները արածեցնում էինք։
  • 17Եւ հիմա իմացիր եւ տես՝ թէ ինչ ես անելու. Որովհետեւ մեր տիրոջ վերայ եւ նորա բոլոր տան վերայ չարիքը հասել է. Որովհետեւ նա մի այնպիսի չար մարդ է, որ նորա հետ խօսել չի լինիլ։
  • 18Եւ Աբիգեան շուտով երկու հարիւր հաց, եւ երկու տիկ գինի, եւ հինգ պատրաստուած ոչխար, եւ հինգ գրիւ հեղի ցորեն, հարիւր ողկոյզ չամիչ, եւ երկու հարիւր շարոց թուզ առաւ եւ էշերի վերայ դրաւ նորանց.
  • 19Եւ իր ծառաներին ասեց. Առաջս անցէք, ահա ես ձեր ետեւիցը գալիս եմ. Բայց իր մարդին Նաբաղին չ’իմացրեց։
  • 20Եւ երբոր այն կինը էշի վերայ հեծած՝ սարի անխուլ տեղովը իջնում էր, ահա Դաւիթը եւ նորա մարդիկը նորա առաջն էին իջնում, եւ նա նորանց հանդիպեց։
  • 21Եւ Դաւիթն ասել էր. Ուրեմն զուր տեղն եմ անապատի մէջ այս մարդի բոլոր ունեցած բաները պահել, եւ նորա բոլոր ունեցածիցը մի բան չ’կորաւ, բայց նա ինձ լաւութեան փոխարէն վատութիւն է անում։
  • 22Աստուած Դաւիթի թշնամիներին այսպէս եւ սորանից աւելի անէ, եթէ մինչեւ էգուց առաւօտ նորա մարդկանցից մէկ արու մարդ ողջ թողեմ։
  • 23Եւ Աբիգեան Դաւիթին հէնց որ տեսաւ շուտով էշի վերայիցն իջաւ, եւ Դաւիթի առաջին երեսի վերայ ընկաւ եւ մինչեւ գետինը խոնարհութիւն արաւ։
  • 24Եւ նորա ոտքն ընկաւ եւ ասեց. Ով տէր իմ, յանցանքը ինձ վերայ լինի. Բայց հրաման տուր՝ որ աղախինդ քո առաջին խօսէ, եւ քո աղախնի խօսքերը լսիր։
  • 25Աղաչում եմ՝ որ իմ տէրը այս չար մարդ Նաբաղի մասին իր սրտի մէջ մի բան չ’դնէ. Որովհետեւ ինչպէս որ անունն է՝ այնպէս էլ ինքն է. Նորա անունը Նաբաղ է, եւ անզգամութիւնը իր հետն է. Բայց ես քո աղախինն իմ տիրոջ ուղարկած երիտասարդներին չ’տեսայ։
  • 26Եւ հիմա, ով տէր իմ, Տէրը կենդանի է եւ քո անձն էլ կենդանի է, որ Տէրը քեզ չ’թողեց որ արիւնի մէջ մտնես, եւ քո վրէժը քո ձեռքովն առնես. Եւ հիմա քո թշնամիներն ու իմ տիրոջը վատութիւն ուզողները Նաբաղի պէս լինեն։
  • 27Եւ հիմա այս ընծան որ քո աղախինը բերաւ իմ տիրոջը, թող իմ տիրոջ ետեւից եկող երիտասարդներին տրուի։
  • 28Աղաչում եմ՝ քո աղախնի յանցանքը ներիր. Որովհետեւ Տէրը իմ տիրոջ համար անպատճառ հաստատ տուն պիտի շինէ, որովհետեւ իմ տէրը Տիրոջ պատերազմները պատերազմեց, եւ քո օրերումը քեզ վերայ մի չարութիւն չ’գտնուեցաւ։
  • 29Բայց թէեւ քեզ հալածելու ու քո անձը որոնելու համար մէկ մարդ վեր է կացել, իմ տիրոջ հոգին քո Տէր Աստուծոյ առաջին կեանքի ծրարի մէջ ծրարուած պիտի լինի. Բայց քո թշնամիների հոգիները նա կ’շպռտէ պարսատիկի միջից դուրս եկածի պէս։
  • 30Եւ երբոր Տէրը բոլոր քեզ համար ասած բարութիւնները իմ տիրոջն անէ, եւ քեզ Իսրայէլի վերայ թագաւոր նշանակէ,
  • 31Այս քեզ համար գայթակղութիւն եւ իմ տիրոջ սրտի համար խիղճ չ’լինի. Թէ առանց պատճառի արիւն թափեցիր, կամ իմ տէրն ինքն իրան օգնեց. Եւ երբոր Տէրը իմ տիրոջը բարութիւն անէ, այն ժամանակ քո աղախնին յիշես։
  • 32Եւ Դաւիթն ասեց Աբիգեային. Օրհնեալ լինի Իսրայէլի Տէր Աստուածը, որ այսօր քեզ ուղարկեց ինձ դիմաւորելու.
  • 33Եւ օրհնեալ է քո խոհեմութիւնը. Եւ օրհնեալ ես դու որ այսօր ինձ արգիլեցիր արիւնի մէջ մտնելուց, եւ որ իմ ձեռքն ինձ օգնէր։
  • 34Բայց կենդանի է Իսրայէլի Տէր Աստուածը՝ որ ինձ արգիլեց քեզ չարութիւն անելուց, որ եթէ դու շուտով չ’գայիր եւ առաջս չ’ելնէիր, մինչեւ էգուց առաւօտ Նաբաղի մէկ արու մարդը չէր մնալ։
  • 35Եւ Դաւիթը նորա ձեռքիցն առաւ ինչ որ բերել էր նորա համար եւ նորան ասեց. Խաղաղութիւնով տունդ գնա. Ահա խօսքիդ լսեցի եւ քո խնդիրքն ընդունեցի։
  • 36Եւ Աբիգեան գնաց Նաբաղի մօտ, եւ ահա նա իր տանը մէջ թագաւորական խնջոյքի պէս խնջոյք ունէր. Եւ Նաբաղի սիրտը զուարթացել էր, եւ նա շատ արբել էր. Եւ կինը մինչեւ առաւօտեան լոյսը մի պզտիկ կամ մեծ բան չ’պատմեց նորան։
  • 37Եւ առաւօտը երբոր Նաբաղը գինիիցն սթափուեցաւ, նորա կինը այս բաները պատմեց նորան. Եւ նորա սիրտն իր միջումը մեռաւ, եւ քար դառաւ։
  • 38Եւ տասը օրի չափ եղաւ՝ Տէրը զարկեց Նաբաղին որ մեռաւ։
  • 39Եւ Դաւիթը Նաբաղի մեռնելը լսեց՝ ասեց. Օրհնեալ է Տէրը, որ Նաբաղի ձեռքից կրած նախատինքիս դատաստանն ինքը դատեց, եւ իր ծառային չարութիւնից ետ պահեց. Եւ Տէրը Նաբաղի չարութիւնը նոր գլխին դարձրեց։ Եւ Դաւիթը մարդ ուղարկեց՝ եւ Աբիգեայի հետ խօսեց, որ նորան իր համար կին առնէ։
  • 40Եւ Դաւիթի ծառաները գնացին Կարմեղոս Աբիգեայի մօտ եւ նորա հետ խօսեցին եւ ասեցին. Դաւիթը մեզ քեզ մօտ ուղարկեց, որ քեզ իրան կին առնէ։
  • 41Եւ նա վեր կացաւ եւ երեսի վերայ մինչեւ գետինը երկրպագութիւն արաւ, եւ ասեց. Ահա քո աղախինը թող սպասաւոր լինի իմ տիրոջ ծառաների ոտքերը լուանալու համար։
  • 42Եւ Աբիգեան շուտով կանգնեց՝ էշը հեծաւ ինքը եւ իրան հետեւող հինգ աղջիկները, եւ Դաւիթի պատգամաւորների ետեւից գնաց, եւ նորա կինը եղաւ։
  • 43Դաւիթը Յեզրայէլից Աքինոամին էլ առաւ, եւ այս երկուսն էլ նորա կանայքն եղան։
  • 44Բայց Սաւուղն իր Մեղքող աղջիկը՝ որ Դաւիթի կինն էր՝ Գաղղիմացի Լայիսի որդի Փաղտիէլին տուաւ։
← Ցանկ