Ա ԹԱԳԱՎՈՐԱՑ22
  • 1Եւ Դաւիթն այնտեղից գնաց, եւ փախաւ Ոդողոմի քարայրը հասաւ. Եւ իր եղբայրները եւ իր հօր բոլոր տունը լսեցին, եւ իջան այնտեղ նորա մօտ։
  • 2Եւ նորա մօտ հաւաքուեցան ամեն հարստահարեալ մարդիկ, պարտք ունեցող մարդիկ եւ ամեն սիրտը վիրաւորուած մարդիկ, եւ նա նորանց վերայ զօրագլուխ եղաւ, եւ նորա հետ չորս հարիւրի չափ մարդ եղան։
  • 3Եւ Դաւիթն այնտեղից գնաց Մովաբի Մասփան, եւ Մովաբի թագաւորին ասեց. Աղաչում եմ՝ թող իմ հայրն ու մայրը ձեզ մօտ գան, մինչեւ որ իմանամ թէ Աստուած ինձ ինչ պիտի անէ։
  • 4Եւ նորանց Մովաբի թագաւորի առաջը բերել տուաւ. Եւ նորանք նորա մօտ բնակուեցան՝ որչափ ժամանակ որ Դաւիթը բերդումն էր։
  • 5Եւ Գադ մարգարէն Դաւիթին ասեց. Բերդումը մի նստիր, եւ դուրս եկ գնա Յուդայի երկիրը։ Եւ Դաւիթը գնաց Հարեթի անտառը մտաւ։
  • 6Եւ Սաւուղը լսեց, որ Դաւիթը եւ նորա հետ եղող մարդիկը իմացուել են, եւ Սաւուղը Գաբաայի մէջ Ռամայի մոշի ծառի տակին նստել էր, եւ նիզակը իր ձեռքին, եւ իր ամեն ծառաներն էլ կանգնել էին իր մօտ։
  • 7Եւ Սաւուղն ասեց իր մօտ կանգնող ծառաներին. Լսեցէք, ով Բենիամինի որդիք, Յեսսէի որդին ձեր ամենքիդ էլ արտեր եւ այգինե՞ր պիտի տայ, ամենքիդ էլ հազարապետներ ու հարիւրապետնե՞ր պիտի անէ,
  • 8Որ ամենքդ ինձ դէմ միաբանուել էք, եւ Յեսսէի որդիի իմ որդիի հետ արած դաշնակցութիւնը իմ ականջին ասող չ’կայ. Եւ ձեր մէջ մարդ չ’կայ որ ինձ համար ցաւէ, եւ ինձ յայտնէ թէ իմ որդին՝ իմ ծառային ինձ դէմ է վեր կացրել, որ դարանամուտ լինի, ինչպէս որ այսօր է։
  • 9Եւ Սաւուղի ծառաների վերակացու Եդովմայեցի Դովեկը պատասխանեց եւ ասեց. Ես Յեսսէի որդիին տեսայ որ եկաւ Նոբ Աքիտովբի որդի Աքիմելէքի մօտ.
  • 10Եւ նա նորա համար Տիրոջը հարցրեց, եւ նորան պաշար տուաւ, եւ Փղշտացի Գողիաթի սուրը տուաւ նորան։
  • 12Եւ Սաւուղն ասեց. Լսիր, ով Աքիտովբի որդի. Եւ նա ասեց. Ահա ես, տէր իմ։
  • 13Եւ Սաւուղը նորան ասեց. Ի՞նչու համար ինձ դէմ միաբանուեցաք դու եւ Յեսսէի որդին, եւ դու նորան հաց ու սուր տուիր, եւ նորա համար Աստուծուն հարցրիր, որ նա ինձ դէմ վեր կենայ դարանամուտ լինի, ինչպէս որ այսօր է։
  • 14Եւ Աքիմելէքը պատասխանեց թագաւորին եւ ասեց. Քո բոլոր ծառաների մէջ ո՞վ կայ Դաւիթի պէս հաւատարիմ, որ թագաւորի փեսայ, հրամաններիդ լսող, եւ քո տան մէջ պատուաւոր է։
  • 15Մի՞թէ ես այսօր եմ սկսել նորա համար Աստուծուն հարցնելու. Քաւ լիցի. Թագաւորը իր ծառայի վերայ իմ հօր բոլոր տան վերայ մի բան չ’դնէ, որովհետեւ ծառադ այս բոլոր բաներից մի պզտիկ կամ մեծ բան չ’գիտէր։
  • 16Եւ թագաւորն ասեց. Ով Աքիմելէք, անպատճառ պիտի մեռնես, եւ քո հօր բոլոր տունը։
  • 17Եւ թագաւորն իր մօտ կանգնող սուրհանդակներին ասեց. Ետ դարձէք եւ Տիրոջ քահանաներին մեռցրէք, որ նորանց ձեռքն էլ Դաւիթի հետ է. Որովհետեւ գիտէին նորա փախչելը՝ եւ ինձ չ’յայտնեցին. Բայց թագաւորի ծառաները չ’ուզեցին իրանց ձեռքը ձգել Տիրոջ քահանաներին զարկելու։
  • 18Եւ թագաւորը Դովեկին ասեց. Դու դարձիր եւ քահանաներին զարկ։ Եւ Եդովմայեցի Դովեկն ետ դառաւ եւ քահանաներին զարկեց, եւ այն օրը նա ութսունեւհինգ մարդ մեռցրեց, որ քթանի եփուդ էին հագնում։
  • 19Եւ քահանաների Նոր քաղաքը սուրի բերանով անցրեց, մարդից մինչեւ կին, երեխայից մինչեւ կաթնակեր մանուկը, եւ մինչեւ արջառը, էշը եւ ոչխարը սուրի բերանով անցրեց։
  • 20Եւ Աքիտովբեան Աքիմելէքի մէկ որդին՝ որի անունը Աբիաթար էր, ազատուեցաւ եւ փախաւ Դաւիթի ետեւից։
  • 21Եւ Աբիաթարը Դաւիթին պատմեց թէ Սաւուղը Տիրոջ քահանաներին մեռցրեց։
  • 22Եւ Դաւիթն Աբիաթարին ասեց. Ես այն օրը իմացայ երբոր Եդովմայեցի Դովեկն այնտեղ էր, թէ անպատճառ Սաւուղին պատմելու է. Քո հօր տան բոլոր հոգիների յանցաւորը ես եմ։
  • 23Ինձ մօտ նստիր, մի վախենար. Որովհետեւ իմ հոգին որոնողը քո հոգին էլ է որոնում. Բայց դու ապահով ես ինձ մօտ։
← Ցանկ