Ա ԹԱԳԱՎՈՐԱՑ20
- 1Եւ Դաւիթը Ռամայի Նաւաթից փախաւ եւ գնաց յովնաթանի առաջին ասեց. Ես ի՞նչ եմ արել, ի՞նչ է իմ յանցանքը, եւ ի՞նչ մեղք եմ գործել քո հօր առաջին, որ նա ինձ ուզում է մեռցնել։
- 2Եւ Յովնաթանն ասեց նորան. Քաւ լիցի, դու պիտի չ’մեռնես. Ահա իմ հայրը մեծ կամ փոքր մի բան չէ անում առանց ինձ յայտնելու. Եւ իմ հայրն ի՞նչու համար պիտի ծածկէ այդ բանը ինձանից. Այդպիսի բան չ’կայ։
- 3Եւ Դաւիթն երդում էլ արաւ եւ ասեց. Քո հայրը լաւ գիտէ, որ ես քո առաջին շնորհք եմ գտել. Նորա համար ասում է թէ Յովնաթանն այս բանը չ’իմանայ, մի գուցէ վշտանայ. Բայց կենդանի է Տէրն ու կենդանի է քո անձը, որ իմ ու մահուան մէջտեղը միայն մէկ քայլ կայ։
- 4Եւ Յովնաթանն ասեց Դաւիթին. Ինչ որ քո սիրտն ինձ ասէ, ես քեզ կ’անեմ։
- 5Եւ Դաւիթն ասեց Յովնաթանին. Ահա էգուց ամսագլուխ է. Եւ պէտք է որ ես նստէի թագաւորի հետ կերակուր ուտելու, սակայն ինձ թող տուր որ մինչեւ երրորդ օրուայ իրիկունը դաշտի մէջ թաք կենամ։
- 6Եթէ հայրդ ինձ որոնելու լինի, ասես որ՝ Դաւիթն ինձ շատ աղաչեց որ շտապէ իր քաղաքը Բեթլեհէմ. Որովհետեւ այնտեղ բոլոր ազգատոհմի տարեկան զոհն է։
- 7Եթէ այսպէս ասէ. Լաւ, այն ժամանակ քո ծառայի համար խաղաղութիւն է. Բայց եթէ բարկանայ, իմացիր որ նորանից որոշուած է այդ չարութիւնը։
- 8Եւ ծառայիդ ողորմութիւն արա. Որովհետեւ դու քո ծառային քեզ հետ Տիրոջ ուխտը մտցրիր. Եւ եթէ ինձ վերայ մէկ յանցանք կայ, դու մեռցրու ինձ, եւ ի՞նչու համար ինձ քո հօրը տանես։
- 9Եւ Յովնաթանն ասեց. Քաւ լիցի որ ես իմանալով թէ իմ հօր կողմանէ քեզ համար չարիք է որոշուած, եւ այն քեզ չ’իմացնեմ։
- 10Եւ Դաւիթն ասեց Յովնաթանին. Ո՞վ կ’իմացնէ ինձ, եթէ քո հայրը քեզ խստութեամբ պատասխանէ։
- 11Եւ Յովնաթանն ասեց Դաւիթին. Եկ դուրս գնանք դաշտը. Եւ երկուսն էլ գնացին դաշտը։
- 12Եւ Յովնաթանն ասեց Դաւիթին. Վկայ է Իսրայէլի Տէր Աստուածը. Որ այս ժամանակ էգուց կամ միւս օր իմ հօրը քննելով տեսնեմ թէ Դաւիթի համար լաւ է, եւ նոյն ժամանակ մարդ չ’ուղարկեմ եւ քեզ չ’յայտնեմ.
- 13Տէրը Յովնաթանին այսպէս եւ սորանից աւելի անէ. Բայց եթէ իմ հայրը քեզ չարութիւն անել ուզէ, քեզ կ’յայտնեմ, եւ քեզ կ’արձակեմ, որ խաղաղութեամբ գնաս, եւ Տէրը քեզ հետ լինի, ինչպէս որ իմ հօր հետ էր։
- 14Եւ ոչ միայն դեռ իմ կենդանութեան ժամանակին դու ինձ Տիրոջ ողորմութիւնը անես, դեռ ես չ’մեռած.
- 15Մանաւանդ ոչ էլ այն ժամանակ քո ողորմութիւնը իմ տանիցը չ’կտրես յաւիտեան, երբոր Տէրը Դաւիթի բոլոր թշնամիներին երկրիս վերայից ջնջէ։
- 16Եւ Յովնաթանը Դաւիթի տան հետ դաշնակցութիւն արաւ եւ ասեց. Տէրը Դաւիթի թշնամիներիցը վրէժ առնէ։
- 17Եւ Յովնաթանը Դաւիթին կրկին երդում անել տուաւ նորան սիրելու համար, որովհետեւ նորան սիրում էր իր անձի պէս։
- 18Եւ Յովնաթանը նորան ասեց. Էգուց ամսագլուխ է, եւ քեզ պիտի որոնեն, որովհետեւ քո տեղը դարտակ պիտի մնայ։
- 19Եւ երրորդ օրը շուտով իջնես, եւ գաս այն տեղը՝ ուր որ այն բանի օրը թաք կացար, եւ Եզելի քարի մօտ նստես։
- 20Եւ ես նորա մօտ երեք նետ կ’գցեմ նշան գցելու պէս։
- 21Եւ ահա տղան կ’ուղարկեմ՝ ասելով. Գնա նետերը գտիր. Եւ եթէ տղային ասեմ. Ահա նետերը քեզանից այս կողմն են, նորանց վեր առ, այն ժամանակ գաս. Որովհետեւ քեզ համար խաղաղութիւն է, եւ մի բան չ’կայ՝ Տէրը կենդանի է.
- 22Բայց եթէ տղային այսպէս ասեմ. Ահա նետերը քեզանից այն կողմն են, այն ժամանակ գնաս. Որովհետեւ Տէրն է քեզ ուղարկում։
- 23Եւ այս խօսքի համար որ ես ու դու խօսեցինք՝ ահա Տէրը իմ եւ քո մէջն է յաւիտեան։
- 24Եւ Դաւիթը դաշտումը թաք կացաւ. Եւ երբոր եղաւ ամսագլխին թագաւորը հացի նստեց կերակուր ուտելու.
- 25Եւ թագաւորը իր սովորութեան պէս իր աթոռի վերայ պատի աթոռի վերայ նստեց. Եւ Յովնաթանը կանգնեց, եւ Աբենները նստել էր Սաւուղի մօտ եւ Դաւիթի տեղը դարտակ էր։
- 26Եւ Սաւուղն այն օրը մի բան չ’խօսեց. Որովհետեւ ասեց, նորան մի բան է պատահել. նա մաքուր չէ, անտարակոյս մաքուր չէ։
- 27Եւ հետեւեալ օրը՝ ամսի երկուսին էլ Դաւիթի տեղը դարտակ էր. Եւ Սաւուղն իր որդի Յովնաթանին ասեց. Յեսսէի որդին ի՞նչու համար երէկ ու այսօր հացի չ’եկաւ։
- 28Եւ Յովնաթանը Սաւուղին պատասխանեց. Դաւիթն ինձանից հրաման խնդրեց՝ որ Բեթլեհէմ գնայ։
- 29Եւ ասեց. Աղաչում եմ՝ ինձ արձակիր. Որովհետեւ այն քաղաքումը մեր ազգատոհմը զոհ ունի. Եւ իմ եղբայրն ինձ պատուիրել է եւ եթէ հիմա քո աչքերի առաջին շնորհք եմ գտել, աղաչում եմ՝ ինձ թող տուր գնամ եւ եղբայրներիս տեսնեմ. Այս պատճառով թագաւորի սեղանին չ’եկաւ։
- 30Եւ Սաւուղի բարկութիւնը բորբոքուեց Յովնաթանի դէմ, եւ նորան ասեց. Ով ապստամբ եւ չար կնկայ զաւակ, մի՞թէ ես չ’գիտեմ որ դու Յեսսէի որդիին ընտրել ես քո ամօթի եւ քո մօր ամօթի եւ խայտառակութեան համար։
- 31Որովհետեւ քանի որ Յեսսէի որդին երկրիս վերայ ողջ է, դու չես հաստատուիլ, ոչ էլ քո թագաւորութիւնը. Եւ հիմա մարդ ուղարկիր եւ նորան ինձ մօտ բեր, որովհետեւ նա մահապարտ է։
- 32Եւ Յովնաթանն իր հօրը՝ Սաւուղին պատասխանեց եւ ասեց. Ի՞նչու համար պիտի մեռցնուի, ի՞նչ է արել։
- 33Եւ Սաւուղը նիզակը շպռտեց նորա վերայ, որ նորան զարկէ. Այն ժամանակ Յովնաթանն իմացաւ որ իր հայրը որոշել է որ Դաւիթին մեռցնէ։
- 34Եւ Յովնաթանը սեղանիցը վեր կացաւ բարկութիւնը բորբոքուած, եւ ամսի երկրորդ օրը կերակուր չ’կերաւ. Որովհետեւ Դաւիթի համար տխրեց, որ իր հայրը նորան անարգեց։
- 35Եւ երբոր առաւօտ եղաւ Յովնաթանը դուրս եկաւ դաշտը, Դաւիթին հետ որոշած ժամանակին, եւ իր հետ մի փոքր տղայ կար։
- 36Եւ իր տղային ասեց. Վազիր գտիր այս նետերը որ ես գցում եմ. Եւ երբոր տղան վազում էր, նա նետը նորանից այն կողմը գցեց։
- 37Եւ երբոր այն տղան Յովնաթանի գցած նետի տեղը գնաց, Յովնաթանը այն տղայի ետեւից կանչեց եւ ասեց. Ահա նետը քեզանից այն կողմն է։
- 38Եւ Յովնաթանը այն տղայի ետեւից կանչեց. Շուտ արա, շտապիր, մի կանգնիր։ Եւ Յովնաթանի տղան նետերը ժողովեց, եւ եկաւ իր տիրոջ մօտ։
- 39Բայց տղան մի բան չ’գիտէր. Միայն Յովնաթանն ու Դաւիթը գիտէին այս բանը։
- 40Եւ Յովնաթանն իր գործիքները տղային տուաւ եւ նորան ասեց. Գնա՝ քաղաքը տար։
- 41Եւ տղան գնաց եւ Դաւիթը հարաւային կողմից դուրս եկաւ եւ գետինը ընկաւ երեսի վերայ եւ երեք անգամ երկրպագութիւն արաւ, եւ իրար համբուրեցին, ու իրար վերայ լաց եղան մինչեւ որ Դաւիթը շատ լաց եղաւ։
- 42Եւ Յովնաթանը Դաւիթին ասեց. Գնա խաղաղութեամբ, ինչպէս որ մենք երկուսս Տիրոջ՝ անունովը երդում արինք եւ ասեցինք թէ Տէրը իմ ու քո մէջ՝ եւ իմ սերունդի ու քո սերունդի մէջ վկայ լինի մինչեւ յաւիտեան։ Եւ Դաւիթը վեր կացաւ գնաց, Յովնաթանն էլ գնաց քաղաքը։