Ա ԹԱԳԱՎՈՐԱՑ19
  • 1Եւ Սաւուղն իր որդի Յովնաթանին եւ իր ամեն ծառաներին ասեց, որ Դաւիթին մեռցնեն։
  • 2Բայց Սաւուղի որդի Յովնաթանը շատ էր սիրում Դաւիթին. Եւ Յովնաթանը Դաւիթին իմացրեց եւ ասեց. Իմ հայր Սաւուղը ուզում է քեզ մեռցնել. Ուրեմն հիմա մինչեւ առաւօտ զգոյշ կաց, եւ մէկ ծածուկ տեղ նստիր եւ թաք կաց։
  • 3Եւ ես դուրս կ’գամ եւ իմ հօր մօտ կ’կանգնեմ այն դաշտումը ուր որ դու կ’լինես, եւ քեզ համար իմ հօր հետ կ’խօսեմ, եւ ինչ որ իմանամ՝ քեզ կ’պատմեմ։
  • 4Եւ Յովնաթանը Դաւիթի մասին լաւ խօսեց իր հայր Սաւուղի հետ, եւ նորան ասեց. Թող թագաւորը իր ծառայ Դաւիթի դէմ մեղք չ’գործէ. Որովհետեւ նա քեզ դէմ մեղք չէ արել. Եւ նորա գործքերը քեզ համար շատ լաւ են։
  • 5Ըստ որում նա իր հոգին իր ձեռքի մէջ դրաւ եւ Փղշտացիին զարկեց. Եւ Տէրը բոլոր Իսրայէլին մեծ փրկութիւն շնորհեց. Դու տեսար եւ ուրախացար, եւ ի՞նչու համար անմեղ արիւնով մեղանչես՝ Դաւիթն առանց պատճառի մեռցնելով։
  • 6Եւ Սաւուղը Յովնաթանի խօսքին լսեց, եւ Սաւուղն երդում արաւ՝ թէ Տէրը կենդանի է որ նա պիտի չ’մեռցնուի։
  • 7Եւ Յովնաթանը Դաւիթին կանչեց. Եւ Յովնաթանը պատմեց նորան այս բոլոր խօսքերը. Եւ Յովնաթանը Դաւիթին տարաւ Սաւուղի մօտ, եւ նա լինում էր նորա առաջին ինչպէս երէկ եւ միւս օրը։
  • 8Եւ դարձեալ պատերազմ եղաւ. Եւ Դաւիթը դուրս եկաւ Փղշտացիների հետ պատերազմ արաւ, եւ նորանց մէջ մէկ մեծ կոտորած արաւ. Եւ նորանք նորա առաջիցը փախան։
  • 9Եւ Տէրիցը չար ոգի եկաւ Սաւուղի վերայ, եւ նա իր տանը նստած էր, եւ նիզակը ձեռքին. Դաւիթն էլ իր ձեռքովը ածում էր քնարը։
  • 10Եւ Սաւուղն ուզեց որ Դաւիթին նիզակով զարկէ՝ պատին բեւեռէ. Բայց նա Սաւուղի երեսիցն իրան շուռ տուաւ, եւ նիզակը պատին զարկեց. Եւ Դաւիթը փախաւ եւ այն գիշերը պրծաւ։
  • 11Բայց Սաւուղը Դաւիթի տունը մարդիկ ուղարկեց, որ նորան պաշարեն եւ առաւօտը մեռցնեն։ Սակայն Դաւիթի կին Մեղքողը նորան իմացրեց եւ ասեց. Եթէ այս գիշեր քո անձը չ’ապրեցնես, էգուց քեզ պիտի մեռցնեն։
  • 12Եւ Մեղքողը Դաւիթին վայր իջեցրեց պատուհանիցը. Եւ նա գնաց՝ փախաւ եւ պրծաւ։
  • 13Եւ Մեղքողը մէկ արձան առաւ, եւ նորան անկողինի մէջ դրաւ, եւ նորա գլխի տակ այծի մազի բարձ դրաւ եւ նորան ծածկոցով ծածկեց։
  • 14Եւ երբոր Սաւուղը մարդիկ ուղարկեց Դաւիթին բռնելու համար, նա ասեց. Հիւանդ է։
  • 15Եւ Սաւուղը մարդիկ ուղարկեց Դաւիթին տեսնելու համար, եւ ասեց. Նորան անկողինովը ինձ մօտ բերէք, որ մեռցնեմ։
  • 16Եւ այն մարդիկն եկան. Եւ ահա անկողինի մէջ մէկ արձան կար. Եւ գլխի տակ այծի մազի բարձ։
  • 17Եւ Սաւուղը Մեղքողին ասեց. Ի՞նչու համար այսպէս խաբեցիր ինձ, եւ իմ թշնամիին բաց թողեցիր, եւ նա էլ պրծաւ։ Եւ Մեղքողը Սաւուղին ասեց. Նա ինձ ասեց. Ինձ բաց թող, ի՞նչու համար քեզ մեռցնեմ։
  • 18Այսպէս փախաւ Դաւիթը եւ պրծաւ, եւ գնաց Ռամա Սամուէլի մօտ, եւ նորան պատմեց այն ամենը որ Սաւուղն իրան արել էր։ Յետոյ նա Սամուէլի հետ գնաց, եւ Նաւաթի մէջ բնակուեցան։
  • 19Եւ Սաւուղին իմացրին եւ ասեցին. Ահա Դաւիթը Ռամայի Նաւաթումն է։
  • 20Այն ժամանակ Սաւուղը մարդիկ ուղարկեց որ Դաւիթին բռնեն, եւ երբոր նորանք տեսան մարգարէութիւն անող մարգարէների ժողովքը՝ եւ նորանց վերակացու Սամուէլին կանգնած, Աստուծոյ Հոգին Սաւուղի ուղարկած մարդկանց վերայ եկաւ, եւ նորանք էլ մարգարէութիւն արին։
  • 21Եւ երբոր Սաւուղին իմացրին, նա ուրիշ մարդիկ ուղարկեց, եւ նորանք էլ մարգարէութիւն արին։ Եւ Սաւուղը երրորդ անգամ մարդիկ ուղարկեց, եւ նորանք էլ մարգարէութիւն արին։
  • 22Այն ժամանակ ինքն էլ գնաց Ռամա, եւ մինչեւ Սոկքովի մեծ ջրհորը գալը՝ հարցրեց եւ ասեց. Ո՞ւր են Սամուէլն ու Դաւիթը. Եւ ասեցին. Ահա նորանք Ռամայի Նաւաթումն են։
  • 23Գնաց եւ Ռամայի Նաւաթը. Եւ նորա վերայ էլ եկաւ Աստուծոյ Հոգին, եւ մինչեւ Ռամայի Նաւաթը հասնելը գնալով մարգարէութիւն էր անում։
  • 24Եւ նա էլ իր հանդերձները հանեց, եւ Սամուէլի առաջին նա էլ էր մարգարէութիւն անում. Եւ այն բոլոր օրը եւ բոլոր գիշերը մերկ վայր ընկաւ գետինը. Նորա համար ասում են թէ՝ Սաւո՞ւղն էլ է մարգարէների մէջ։
← Ցանկ