Ա ԹԱԳԱՎՈՐԱՑ18
- 1Եւ երբոր Սաւուղի հետ խօսեց եւ վերջացրեց. Յովնաթանի սիրտը կապուեցաւ Դաւիթի սրտի հետ. Եւ Յովնաթանը նորան իր անձի պէս սիրեց։
- 2Եւ նոյն օրը Սաւուղը նորան առաւ եւ թող չ’տուաւ որ ետ դառնայ իր հօր տունը։
- 3Եւ Յովնաթանը եւ Դաւիթը ուխտ արին, որովհետեւ նա իր անձի պէս սիրում էր նորան։
- 4Եւ Յովնաթանն իր վերարկուն հանեց եւ այն ու իր հանդերձները մինչեւ իր սուրը, իր աղեղը եւ գօտին Դաւիթին տուաւ։
- 5Եւ Դաւիթը գնում էր ամեն տեղ, ուր որ Սաւուղը նորան ուղարկում էր, եւ իմաստութեամբ էր վարվում. Եւ Սաւուղը նորան պատերազմական մարդկանց վերայ դրաւ, եւ բոլոր ժողովրդին եւ Սաւուղի ծառաներին էլ հաճոյ եղաւ։
- 6Եւ երբոր նորանք գալիս էին և Դաւիթը Փղշտացիին մեռցնելուց ետ էր դառնում Իսրայէլի բոլոր քաղաքներից կանայք դուրս եկան երգելով եւ պար բռնելով Սաւուղ թագաւորին դիմաւորելու թմբուկներով, ուրախութեամբ եւ ծնծղաներով։
- 7Եւ պար բռնող կանայքը պատասխան տալով երգում էին եւ ասում. Սաւուղն իր հազարաւորներին զարկեց, Եւ Դաւիթն իր բիւրաւորներին։
- 8Եւ Սաւուղը շատ բարկացաւ, եւ այս խօսքի համար նեղացաւ, եւ ասեց. Բիւրաւորները Դաւիթին տուին, բայց ինձ տուին հազարաւորները. Եւ հիմա մնում է նորա համար միայն թագաւորութիւնը։
- 9Եւ այն օրից ի վեր Սաւուղը ծուռ աչքով էր նայում Դաւիթին։
- 10Եւ հետեւեալ օրը Սաւուղի վերայ Աստուածանից չար ոգի եկաւ, եւ նա տան մէջ մարգարէութիւն արաւ եւ Դաւիթն ուրիշ ժամանակների պէս իր ձեռքովը քնար էր ածում. Եւ նիզակը Սաւուղի ձեռքին էր։
- 11Եւ Սաւուղը նիզակը շպռտեց՝ ասելով. Դաւիթին զարկեմ՝ պատին բևեռեմ. Բայց Դաւիթը նորա երեսիցը երկու անգամ խոյս տուաւ։
- 12Եւ Սաւուղը Դաւիթի երեսիցը վախենում էր, որովհետեւ Տէրը նորա հետ էր. Բայց Սաւուղիցը հեռացել էր։
- 13Եւ Սաւուղը նորան իր մօտիցը հեռացրեց, եւ նորան հազարապետ արաւ. Եւ նա ժողովրդի առաջին դուրս էր գալիս եւ մտնում էր։
- 14Եւ Դաւիթն իր ամեն ճանապարհների մէջ իմաստութեամբ էր վարվում. Եւ Տէրը նորա հետ էր։
- 15Եւ երբոր Սաւուղը տեսաւ, որ նա իմաստութեամբ է վարվում, նորա երեսիցը վախենում էր։
- 16Եւ բոլոր Իսրայէլն ու Յուդան Դաւիթին սիրում էին, որովհետեւ նորանց առաջին նա էր դուրս եկող մտնողը։
- 17Եւ Սաւուղը Դաւիթին ասեց. Ահա իմ մեծ աղջիկ Մերովբը քեզ կին կ’տամ. Միայն թէ դու ինձ համար զօրաւոր եղիր, եւ Տիրոջ պատերազմները պատերազմիր, որովհետեւ Սաւուղն ասեց. Իմ ձեռքը նորա վերայ չ’լինի, այլ Փղշտացիների ձեռքը նորա վերայ լինի։
- 18Եւ Դաւիթը Սաւուղին ասեց. Ես ո՞վ եմ, եւ ի՞նչ է իմ կեանքը, իմ հօր ազգատոհմը՝ Իսրայէլի մէջ, որ թագաւորին փեսայ դառնամ։
- 19Եւ եղաւ երբոր Սաւուղի աղջիկ Մերովբը պիտի Դաւիթին տրուէր՝ Մաուլացի Եդրիելին կին տրուեցաւ։
- 20Եւ Սաւուղի Մեղքող աղջիկը սիրում էր Դաւիթին. Եւ երբոր Սաւուղին իմացրին, այս բանը նորա աչքերին հաճոյ երեւեցաւ։
- 21Եւ Սաւուղն ասեց. Ես աղջիկս նորան տամ՝ որ նորա համար որոգայթ դառնայ, եւ Փղշտացիների ձեռքը նորա վերայ լինի։ Եւ Սաւուղը Դաւիթին ասեց. Ինձ այս օր երկրորդովս փեսայ եղիր։
- 22Եւ Սաւուղն իր ծառաներին հրամայեց, որ Դաւիթի հետ ծածկաբար խօսեն եւ ասեն. Ահա թագաւորը քեզ հաւանել է, ու նորա բոլոր ծառաները քեզ սիրում են. Եւ հիմա թագաւորին փեսայ եղիր։
- 23Եւ Սաւուղի ծառաները այս խօսքերը Դաւիթի ականջներին ասեցին, եւ Դաւիթն ասեց. Թագաւորին փեսայ դառնալը ձեր աչքին փո՞քր բան է երեւում. Որովհետեւ ես մի աղքատ եւ աննշան մարդ եմ։
- 24Եւ Սաւուղի ծառաները նորան իմացրին եւ ասեցին. Դաւիթն այսպէս խօսեց.
- 25Եւ Սաւուղն ասեց. Դաւիթին այսպէս ասեցէք. Թագաւորը ուրիշ օժիտ չէ ուզում, բայց միայն Փղշտացիների հարիւր անթլփատութիւն, որպէս զի թագաւորի թշնամիներիցը վրէժ առնուի. (բայց Սաւուղը խորհում էր Դաւիթին Փղշտացիների ձեռքովը սպանել տալ։)
- 26Եւ երբոր նորա ծառաները այս խօսքերը Դաւիթին իմացրին, այս բանը Դաւիթի աչքերին լաւ երեւեցաւ, որ թագաւորին փեսայ դառնայ։
- 27Եւ օրերը չէին լրացել, եւ Դաւիթը վեր կացաւ եւ իր մարդկանց հետ գնաց, եւ Փղշտացիներից երկու հարիւր մարդ մեռցրեց. Եւ Դաւիթը նորանց անթլփատութիւնները բերաւ, եւ լրիւ թագաւորին տուին, որ թագաւորին փեսայ դառնայ։ Եւ Սաւուղն իր աղջիկ Մեղքողը կին տուաւ նորան։
- 28Եւ Սաւուղը երբոր տեսաւ եւ հասկացաւ, որ Տէրը Դաւիթի հետ է, եւ Սաւուղի Մեղքող աղջիկը նորան սիրում է,
- 29Սաւուղն առաւել եւս վախեցաւ Դաւիթից, եւ Սաւուղը միշտ Դաւիթին թշնամութիւն էր անում։
- 30Եւ Փղշտացիների իշխանները դուրս էին գալիս պատերազմելու. Երբոր նորանք դուրս էին գալիս, Դաւիթը Սաւուղի բոլոր ծառաներիցն աւելի էր իմաստութեամբ վարվում. Եւ նորա անունը շատ հռչակուեցաւ։