Ա ԹԱԳԱՎՈՐԱՑ17
  • 1Եւ Փղշտացիները իրանց զօրագունդերը ժողովեցին պատերազմելու համար, եւ Յուդայի Սոքովի մէջ ժողովուեցան. Եւ բանակ տուին Սոքովի ու Ազեկայի մէջտեղը Ափեսդոմմի։
  • 2Եւ Սաւուղը եւ Իսրայէլի մարդիկը ժողովուեցան, Էլայի հովտումը բանակ տուին եւ կարգաւ շարուեցան Փղշտացիների դէմ պատերազմ անելու համար։
  • 3Եւ Փղշտացիները կանգնել էին սարի վերայ մէկ կողմանէ, եւ Իսրայէլացիները կանգնել էին սարի վերայ միւս կողմանէ, եւ հովիտը նորանց մէջտեղը։
  • 4Եւ մի միջնամարտիկ էր դուրս եկել Փղշտացիների բանակից՝ անունը Գողիաթ՝ Գէթացի՝ բարձրութիւնը մէկ կանգուն եւ մէկ թիզ։
  • 5Նորա գլխին կար մի պղնձի սաղաւարտ. Եւ նա մի հիւսուած զրահ էր հագած. Եւ նորա զրահի ծանրութիւնը հինգ հազար սիկղ պղինձ։
  • 6Եւ նորա ոտքերի վերայ պղնձի սռնապաններ, եւ ուսերի մէջ պղնձի գեղարդ։
  • 8Եւ նա կանգնեց եւ կանչեց Իսրայէլի գունդերին եւ նորանց ասեց. Ի՞նչու համար էք դուրս եկել եւ պատերազմի շարուել. Մի՞թէ ես Փղշտացի չեմ, եւ դուք՝ Սաւուղի ծառանե՞րը. Ձեր միջիցը մի մարդ ընտրեցէք, որ իջնէ ինձ մօտ։
  • 9Եթէ նա կարողանայ ինձ հետ մենամարտել, եւ ինձ մեռցնէ, այն ժամանակ մենք ձեր ծառաները լինենք. Բայց եթէ ես յաղթեմ եւ նորան մեռցնեմ, այն ժամանակ դուք մեր ծառաները լինէք եւ մեզ ծառայէք։
  • 10Եւ այն Փղշտացին ասեց. Ես այսօր Իսրայէլի գունդերին նախատեցի. Ինձ մէկ մարդ տուէք, որ իրար հետ մենամարտենք։
  • 11Եւ երբոր Սաւուղն ու բոլոր Իսրայէլը լսեցին Փղշտացիի այս խօսքերը, զարհուրեցին եւ շատ վախեցան։
  • 12Բայց Դաւիթը այն Եփրաթացի՝ այսինքն Յուդայի Բեթլեհէմացի Յեսսէ անունով մարդի որդին էր, եւ նա ութը որդի ունէր, եւ նա Սաւուղի ժամանակներին մարդկանց մէջ ծեր մարդ էր համարվում։
  • 13Եւ Յեսսէի երեք մեծ որդիները դուրս էին եկել՝ Սաւուղի ետեւից պատերազմի գնացել. Եւ պատերազմի գնացող երեք որդկանց անունները՝ անդրանիկը Եղիաբ, երկրորդինը Աբինադաբ, եւ երրորդինը Սամաա էր։
  • 14Եւ Դաւիթը կրտսերն էր. Եւ երեք մեծերը Սաւուղի ետեւից գնացին.
  • 15Բայց Դաւիթը Սաւուղի մօտից դուրս էր եկել ետ դառել Բեթլէհէմ, որ իր հօր ոչխարները արածեցնէ։
  • 16Եւ այն Փղշտացին քառասուն օր առաւօտ եւ իրիկուն մօտենում էր եւ կանգնում։
  • 17Եւ Յեսսէն իր որդի Դաւիթին ասեց. Քո եղբայրների համար վեր առ այս մէկ արդու հեղին եւ այս տասը հացը, եւ վազիր բանակը եղբայրներիդ մօտ։
  • 18Եւ այս տասը գլուխ կաթնապանիրը տար հազարապետին, եւ տես եղբայրներդ առո՞ղջ են, եւ նորանցից ապահովութեան նշան բեր։
  • 19Եւ Սաւուղը եւ նորանք եւ բոլոր Իսրայէլի մարդիկը Էլայի հովիտումը Փղշտացիների հետ պատերազմում էին։
  • 20Եւ Դաւիթն առաւօտը կանուխ վեր կացաւ ոչխարները պահապանին յանձնեց, եւ վեր առաւ գնաց, ինչպէս որ Յեսսէն նորան հրամայել էր։ Եւ երբոր հասաւ կառքերի տեղը, զօրքերը կարգաւ շարվում ու պատերազմի համար բարձր ձայնով աղաղակում էին։
  • 21Եւ Իսրայէլն ու Փղշտացիները շարուեցան ճակատ առ ճակատ։
  • 22Եւ Դաւիթն իր վերայից ամանները յանձնեց ամանների պահապանի ձեռքը եւ վազեց գունդը. Եւ գնաց իր եղբայրներին հարցրեց, թէ ո՞ղջ են։
  • 23Եւ երբոր նա նորանց հետ խօսում էր, ահա այն միջնամարտիկը՝ Փղշտացի Գողիաթ անունով՝ որ Գէթիցն էր, Փղշտացի գունդերիցը դուրս եկաւ, եւ այն խօսքերի պէս խօսեց. Եւ Դաւիթը լսեց։
  • 24Եւ Իսրայէլի բոլոր մարդիկը երբոր այն մարդին տեսան, նորա երեսիցը փախան եւ շատ վախեցան։
  • 25Եւ Իսրայէլի մարդիկն ասեցին. Այս դուրս եկած մարդը տեսա՞ք, որ դուրս է եկել Իսրայէլին նախատելու. Ով որ նորան մեռցնէ, թագաւորը մեծ հարստութիւնով հարստացնելու է նորան, եւ իր աղջիկը նորան է տալու եւ նորա հօր տունը Իսրայէլի մէջ ազատ է անելու։
  • 26Եւ Դաւիթը խօսեց իր մօտ եղող մարդկանց հետ եւ ասեց. Ի՞նչ կ’անեն այն մարդին՝ որ այս Փղշտացիին մեռցնէ եւ Իսրայէլիցը նախատինքը վեր առնէ. Որովհետեւ այս անթլփատ Փղշտացին ո՞վ է՝ որ կենդանի Աստուծոյ զօրքերին նախատէ։
  • 27Եւ ժողովուրդը նոյն խօսքերն ասեց նորան թէ Այսպէս պիտի լինի այն մարդին որ նորան մեռցնէ։
  • 28Եւ նորա մեծ եղբայր Եղիաբը, երբոր լսեց նորա խօսելն այն մարդկանց հետ, Դաւիթի վերայ Եղիաբի բարկութիւնը բորբոքուեց եւ ասեց. Դու ի՞նչու իջար այստեղ, եւ այն մի քանի ոչխարները անապատում որի՞ յանձնեցիր. Ես քո հպարտութիւնը եւ քո սրտի չարութիւնը գիտեմ. Անտարակոյս դու իջել ես պատերազմը տեսնելու։
  • 29Եւ Դաւիթն ասեց. Հիմա ես ի՞նչ եմ արել. Այս բանը չէ՞։
  • 30Եւ նորա մօտից մէկ ուրիշ մարդի դարձաւ, եւ նոյն խօսքերն ասեց, եւ ժողովուրդն էլ առաջի խօսքերի պէս պատասխանեցին նորան։
  • 31Եւ լսուեցան այն խօսքերը որ Դաւիթը խօսել էր. Եւ երբոր Սաւուղի առաջին պատմեցին, բերել տուաւ նորան։
  • 32Եւ Դաւիթը Սաւուղին ասեց. Սորա պատճառով ոչ մի մարդի սիրտը չ’թուլանայ. Ծառադ կ’գնայ, եւ այն Փղշտացիի հետ կ’մարտնչէ։
  • 33Եւ Սաւուղը Դաւիթին ասեց. Դու չես կարող այն Փղշտացիի վերայ գնալ եւ նորա հետ մարտնչել, որովհետեւ դու երիտասարդ ես, բայց նա իր մանկութիւնիցն ի վեր պատերազմի մարդ է։
  • 34Եւ Դաւիթն ասեց Սաւուղին. Ծառադ իր հօր ոչխարները արածեցնում էր, եւ առիւծը կամ արջը գալիս էր, եւ հօտերիցը ոչխար էր տանում։
  • 35Ես նորա ետեւիցը գնում էի՝ նորան զարկում եւ նորա բերանիցը ազատում էի. Եւ երբոր նա վեր էր կենում ինձ վերայ, մօրուքիցը բռնում էի, զարկում եւ մեռցնում։
  • 36Ծառադ առիւծ էլ է մեռցրել՝ արջ էլ. Եւ այս անթլփատ Փղշտացին էլ թող նորանց մէկի պէս լինի, որովհետեւ կենդանի Աստուծոյ զօրքերին նախատեց։
  • 37Եւ Դաւիթն ասեց. Եհովան որ առիւծի եւ արջի ձեռքից ինձ ազատեց, այս Փղշտացիի ձեռքիցն էլ կ’ազատէ։ Եւ Սաւուղը Դաւիթին ասեց. Գնա, եւ Տէրը քեզ հետ լինի։
  • 38Եւ Սաւուղն իր հանդերձները հագցրեց Դաւիթին, եւ նորա գլխին մէկ պղնձի սաղաւարտ դրաւ, եւ նորան զրահ էլ հագցրեց։
  • 39Եւ Դաւիթը նորա սուրը մէջքը կապեց հանդերձների վերայից եւ սկսեց ման գալ, որովհետեւ սովոր չէր. Եւ Դաւիթը Սաւուղին ասեց. Սորանցով չեմ կարող ման գալ, որովհետեւ սովոր չեմ. Եւ Դաւիթը հանեց նորանք իր վերայից։
  • 40Եւ իր ցուպը ձեռքն առաւ, եւ հեղեղատիցն իր համար հինգ հատ գայլախազ քար ջոկեց, եւ նորանց իր հովուական ամանի՝ այսինքն մախաղի մէջ դրաւ, եւ պարսը ձեռքին՝ մօտեցաւ Փղշտացիին։
  • 41Եւ Փղշտացին էլ եկաւ եւ Դաւիթին մօտեցաւ, եւ նորա վահանը կրող մարդը նորա առաջին էր։
  • 42Եւ երբոր Փղշտացին նայեց եւ Դաւիթին տեսաւ, արհամարհեց նորան, որովհետեւ նա կարմիր գոյնով եւ գեղեցկադէմ պատանի էր։
  • 43Եւ Փղշտացին ասեց Դաւիթին. Մի՞թէ ես շուն եմ՝ որ ինձ վերայ ցուպով ես գալիս, եւ Փղշտացին նզովեց Դաւիթին իր աստուածներովը։
  • 44Եւ Փղշտացին ասեց Դաւիթին. Եկ ինձ մօտ, եւ ես քո մարմինը երկնքի թռչուններին եւ դաշտի գազաններին տամ։
  • 45Եւ Դաւիթն ասեց Փղշտացիին. Դու սրով, նիզակով եւ գեղարդով ես գալիս ինձ վերայ, բայց ես գալիս եմ քեզ վերայ Զօրաց Տիրոջ Իսրայէլի զօրքերի Աստուծոյ անունովը, որին դու նախատեցիր։
  • 46Այսօր Տէրը քեզ իմ ձեռքը կ’մատնէ. Ու ես քեզ կ’մեռցնեմ, եւ քո վերայից գլուխդ կ’առնեմ. Եւ Փղշտացիների բանակի դիակները այսօր երկնքի թռչուններին եւ երկրի գազաններին կ’տամ. որպէս զի բոլոր երկիրը իմանայ որ Իսրայէլը Աստուած ունի.
  • 47Եւ այս բոլոր ժողովքը իմանան՝ որ Տէրը սրով եւ նիզակով չէ ազատում. Որովհետեւ պատերազմը Տիրոջն է, եւ նա ձեզ մեր ձեռքը կ’մատնէ։
  • 48Եւ երբոր Փղշտացին վեր կացաւ եւ եկաւ դիմաւորելով Դաւիթին մօտեցաւ, Դաւիթն էլ շուտով վազեց պատերազմի ասպարէզը Փղշտացիին դիմաւորելու։
  • 49Եւ Դաւիթն իր ձեռքը իր մախաղի մէջ կոխեց եւ այն տեղից մի քար առաւ, եւ պարսով շպռտեց եւ Փղշտացիի ճակատին զարկեց. Եւ քարը նորա ճակատի մէջ փորուեցաւ, եւ նա երեսի վերայ գետինն ընկաւ։
  • 50Այսպէս Դաւիթը պարսով եւ քարով Փղշտացիին յաղթեց. Եւ զարկեց Փղշտացիին եւ մեռցրեց նորան, բայց Դաւիթի ձեռքին սուր չ’կար։
  • 51Եւ Դաւիթը վազեց այն Փղշտացիի վերայ կանգնեց, եւ նորա սուրն առաւ, պատեանիցը հանեց, եւ նորան մեռցրեց՝ յետոյ գլուխը նորանով կտրեց։ Եւ երբոր Փղշտացիները իրանց զօրաւոր մարդի մեռնելը տեսան, փախան։
  • 52Այն ժամանակ Իսրայէլի եւ Յուդայի մարդիկը վեր կացան, եւ աղաղակներով հալածեցին Փղշտացիներին մինչեւ հովիտը՝ եւ մինչեւ Ակկարոնի դռները՝ եւ Փղշտացիների սպանուածները ընկան Սագարիմի ճանապարհի վերայ եւ մինչեւ Գէթ ու Ակկարոն։
  • 53Եւ Իսրայէլի որդիքը Փղշտացիներին հալածելուց յետոյ ետ դառան եւ նորանց բանակը կողոպտեցին։
  • 54Եւ Դաւիթը Փղշտացիի գլուխն առաւ, եւ նորան տարաւ Երուսաղէմ. Բայց նորա զէնքերը դրաւ իր վրանի մէջ։
  • 55Եւ երբոր Սաւուղը Դաւիթին տեսաւ, որ դուրս է գալիս Փղշտացիի դէմ, զօրավար Աբեններին ասեց. Աբեններ, այս պատանին որի՞ տղան է։ Եւ Աբեններն ասեց. կենդանի է քո անձը, ով թագաւոր, եթէ գիտեմ՝՝։
  • 56Եւ թագաւորն ասեց. Հարցրու թէ այս պատանին որի՞ տղան է։
  • 57Եւ երբոր Դաւիթը Փղշտացիին մեռցնելուց ետ դառաւ, Աբեններն առաւ նորան եւ Սաւուղի առաջը տարաւ, եւ Փղշտացիի գլուխը նորա ձեռքին էր։
  • 58Եւ Սաւուղն ասեց նորան. Ո՞ւմ տղան ես դու, պատանի։ Եւ Դաւիթն ասեց. Քո ծառայ Բեթլեհէմացի Յեսսէի տղան եմ։
← Ցանկ