Ա ԹԱԳԱՎՈՐԱՑ14
  • 1Եւ եղաւ որ մէկ օր Սաւուղի որդի Յովնաթանն իր զէնքերը կրող պատանիին ասեց. Եկ, անցնենք Փղշտացիների պահապան զօրքի մօտ որ այն կողմին է. Բայց իր հօրը չ’իմացրեց։
  • 2Եւ Սաւուղը նստել էր Գաբաայի գլխին, Մագրոնի մէջ եղող նռնենիի տակին, եւ նորա հետ եղող ժողովուրդը վեց հարիւր մարդի չափ էր։
  • 3Եւ Հեղիի որդի Փենէհէսի որդիի Իքաբօդի եղբայր Աքիտովբի որդի Աքիան Սելովումը Տիրոջ քահանան էր, որ եփուդ էր հագնում, եւ ժողովուրդը չ’գիտէր թէ Յովնաթանը գնաց։
  • 4Եւ այն կիրճերումը, որոնցով Յովնաթանն ուզում էր Փղշտացիների պահապան զօրքի մօտ անցնել, մէկ կողմանէ քարաժայռ եւ միւս կողմանէ մէկ ուրիշ քարաժայռ կար, որոնց մէկի անունը Բազէս եւ միւսի անունը Սենա էր։
  • 5Այս քարաժայռները հիւսիսային կողմին Մաքմասի դէմ ցցուած էր. Եւ միւսը հարաւային կողմին Գաբաայի դէմ։
  • 6Եւ Յովնաթանն իր զէնքերը կրող պատանիին ասեց. Եկ այս անթլփատների պահապան զօրքի մօտն անցնենք, կարելի է Տէրը մեզ համար մի բան անէ. Որովհետեւ Տիրոջ համար արգելք չ’կայ որ շատով կամ քիչով ազատէ։
  • 7Եւ իր զէնքերը կրողը նորան ասեց. Բոլոր քո սրտի մէջ եղածն արա. Առաջ գնա. Ահա ես քեզ հետ եմ քո ուզածի պէս։
  • 9Եթէ մեզ այսպէս ասեն. Կանգնեցէք՝ մինչեւ որ մենք ձեզ մօտ գանք, այն ժամանակ մեր տեղը կանգնենք եւ վեր չ’ելնենք նորանց մօտ։
  • 10Բայց եթէ այսպէս ասեն. Վեր եկէք մեզ մօտ, այն ժամանակ ելնենք, որովհետեւ Տէրը նորանց մեր ձեռքն է տուել. Եւ այս մեզ համար նշան լինի։
  • 11Եւ երբոր նորանք երկուսը Փղշտացիների պահապան զօրքին երեւեցան, Փղշտացիները ասեցին. Ահա Եբրայեցիները դուրս են եկել իրանց թաք կացած ծակերիցը։
  • 12Եւ պահապան զօրքերը Յովնաթանին եւ նորա զէնքերը կրողին պատասխանեցին եւ ասեցին. Վեր եկէք մեզ մօտ, եւ մենք ձեզ մի բան իմացնենք. Եւ Յովնաթանն իր զէնքերը կրողին ասեց. Իմ ետեւից վեր ելիր, որովհետեւ Տէրը նորանց Իսրայէլի ձեռքն է տուել։
  • 13Եւ Յովնաթանը ձեռքերովը եւ ոտքերովը վեր ելաւ, եւ նորա զէնքերը կրողն էլ նորա ետեւիցը. Եւ նորանք ընկնում էին Յովնաթանի առաջը. Նորա զէնքերը կրողն էլ նորա ետեւիցն էր մեռցնում։
  • 14Եւ Յովնաթանն ու նորա զէնքերը կրողը այս առաջին կոտորածի մէջ՝ քսան մարդի չափ մեռցրին կէս լծավարի չափ գետնի վերայ։
  • 15Եւ բանակումը դաշտի մէջ եւ բոլոր ժողովրդի մէջ խռովութիւն եղաւ. Պահապան զօրքերը եւ աւարառուներն էլ զարհուրեցին, եւ երկիրը դողաց եւ վախը Աստուածանից էր։
  • 16Եւ Սաւուղի դէտերը Բենիամինի Գաբաայից տեսան, որ ահա այն բազմութիւնը հալվում էր, եւ գնալով ցրվում էր։
  • 17Եւ Սաւուղն ասեց իր հետ եղող ժողովրդին. Նայեցէք, եւ տեսէք, ո՞վ է գնացել մեզանից. Եւ նայեցին, եւ ահա Յովնաթանն ու նորա զէնքերը կրողը չ’կար։
  • 18Այն ժամանակ Սաւուղն Աքիային ասեց. Աստուծոյ տապանակը մօտեցրու, որովհետեւ այն ժամանակ Աստուծոյ տապանակը Իսրայէլի որդկանց հետ էր։
  • 19Եւ երբոր Սաւուղը դեռ քահանայի հետ խօսում էր, Փղշտացիների բանակի միջի աղմուկը գնալով շատանում էր. Եւ Սաւուղն ասեց քահանային. Ձեռքդ քաշիր։
  • 20Եւ Սաւուղը եւ իր հետը եղող բոլոր ժողովուրդը մէկտեղ ժողովուեցան եւ գնացին մինչեւ պատերազմը, եւ ահա ամեն մարդի սուրը իր ընկերի դէմ էր, և շատ մեծ խռովութիւն կար։
  • 21Եւ այն Եբրայեցիները որ առաջուց Փղշտացիների հետ էին, եւ որ շրջակայ երկիրներիցը նորանց հետ բանակն էին վեր եկել, նորանք էլ Սաւուղի եւ Յովնաթանի հետ եղող Իսրայէլի հետ միացան։
  • 22Եւ Իսրայէլի բոլոր մարդիկը, որ Եփրեմի սարումը թաք էին կացել, լսեցին Փղշտացիների փախչիլը, եւ նորանք էլ նորանց ետեւիցը պատերազմը մտան։
  • 23Եւ այն օրը Տէրը ազատեց Իսրայէլին, եւ պատերազմը անցաւ Բեթաւան։
  • 24Եւ այն օրը Իսրայէլի մարդիկը տագնապուեցան, որովհետեւ Սաւուղը ժողովրդին երդում էր անել տուել ասելով. Անիծեալ լինի այն մարդը որ մինչեւ իրիկուն հաց ուտէ, որպէս զի իմ թշնամիներիցը վրէժ առնեմ. Եւ բոլոր ժողովուրդը բերանը հաց չ’դրաւ։
  • 25Եւ բոլոր ժողովուրդը մի անտառի մէջ մտաւ, եւ գետնի երեսի վերայ մեղր կար։
  • 26Եւ երբոր ժողովուրդն անտառը մտաւ, ահա մեղր էր ծորում. Բայց ձեռքը բերանին մօտեցնող չ’կար, որովհետեւ ժողովուրդը երդումիցը վախեցաւ։
  • 27Բայց Յովնաթանը չէր լսել, երբոր իր հայրը ժողովրդին երդում էր անել տուել. Եւ իր ձեռքի գաւազանի ծայրը մեկնեց, մեղրի խորիսխի մէջ կոխեց այն եւ իր ձեռքը բերանը տարաւ, եւ նորա աչքերը բացուեցան։
  • 28Այն ժամանակ ժողովրդից մէկը պատասխանեց եւ ասեց. Հայրդ ժողովրդին մեծ երդում անել տուաւ, ասելով. Անիծեալ լինի այն մարդը որ այսօր հաց ուտէ։
  • 29Եւ ժողովուրդը նուաղած էր։ Եւ Յովնաթանն ասեց. Հայրս ժողովրդին նեղութեան մէջ է գցել. Նայեցէք, աչքերս լոյս ստացան երբոր այս մեղրիցը մի քիչ կերայ։
  • 30Բայց որչափ առաւել եւս՝ եթէ ժողովուրդը ուտէր այսօր իր թշնամիներից գտած աւարը, որովհետեւ հիմա Փղշտացիների մէջ մեծ կոտորած չ’եղաւ։
  • 31Եւ այն օրը Փղշտացիներին զարկեցին Մաքմասից մինչեւ Այեղոն. Եւ ժողովուրդը նուաղեցաւ։
  • 32Եւ ժողովուրդը աւարի վերայ յարձակուեցաւ, եւ ոչխարները, արջառները եւ հորթերը առան, եւ գետնի վերայ մորթեցին, եւ ժողովուրդը արիւնովը կերաւ։
  • 33Եւ Սաւուղին իմացրին եւ ասեցին. Ահա ժողովուրդը Տիրոջ դէմ մեղանչում է, որովհետեւ արիւնովն է ուտում։ Եւ նա ասեց. Անօրէնութիւն արիք. Հիմա ինձ համար մէկ մեծ քար գլորեցէք։
  • 34Եւ Սաւուղն ասեց. Ժողովրդի մէջ ցրուեցէք եւ նորանց ասեցէք. Ամեն մարդ իր արջառը եւ իր ոչխարը ինձ մօտ բերէ, եւ այստեղ մորթեցէք եւ կերէք, եւ արիւնով ուտելով՝ Տիրոջ դէմ մեղք մի գործէք։ Եւ բոլոր ժողովուրդը՝ ամեն մարդ այն գիշեր իր արջառը իր ձեռքովը մօտեցրեց եւ այնտեղ մորթեց։
  • 35Եւ Սաւուղը Տիրոջ համար սեղան շինեց. Այս էր սկզբի սեղանը որ նա շինեց Տիրոջ համար։
  • 36Եւ Սաւուղն ասեց. Գիշերով Փղշտացիների ետեւից իջնենք, եւ մինչեւ առաւօտը լուսանալը նորանց կողոպտենք եւ նորանցից մի մարդ չ’թողենք. Եւ նորանք ասեցին. Քո աչքերին ինչ որ հաճոյ է, այն արա։ Եւ քահանան ասեց. Այստեղ Աստուծուն մօտենանք.
  • 37Եւ Սաւուղն Աստուծուն հարցրեց՝ թէ Փղշտացիների ետեւիցն իջնե՞մ, նորանց Իսրայէլի ձեռքը կ’տա՞ս։ Բայց նա այն օրը չ’պատասխանեց նորան։
  • 38Այն ժամանակ Սաւուղն ասեց. Մօտեցէք այստեղ, ժողովրդի բոլոր իշխաններ, եւ հասկացէք եւ տեսէք թէ այսօր այս մեղքը որի՞նն է։
  • 39Որովհետեւ Իսրայէլն ազատող Տէրը կենդանի է, որ թէեւ իմ որդի Յովնաթանինն էլ լինի, անպատճառ պիտի մեռնէ. Եւ բոլոր ժողովրդի մէջ նորան պատասխանող չ’կար։
  • 40Այն ժամանակ բոլոր Իսրայէլին ասեց. Դուք մէկ կողմը կանգնեցէք, եւ ես ու իմ որդի Յովնաթանը միւս կողմը կանգնենք. Եւ ժողովուրդը Սաւուղին ասեց. Աչքերիդ հաճոյ եղածն արա։
  • 41Եւ Սաւուղն Իսրայէլի Տէր Աստուծուն ասեց. Ցոյց տուր ճշմարիտը. Եւ Յովնաթանն ու Սաւուղը բռնուեցան վիճակով, եւ ժողովուրդն ազատ մնաց։
  • 42Եւ Սաւուղն ասեց. Ինձ վերայ ու իմ որդի Յովնաթանի վերայ վիճակ գցեցէք, եւ Յովնաթանը բռնուեցաւ։
  • 43Եւ Սաւուղը Յովնաթանին ասեց. Ինձ յայտնիր թէ ի՞նչ ես արել. Եւ Յովնաթանը նորան յայտնեց եւ ասեց. Ձեռքիս գաւազանի ծայրովը մի քիչ մեղր եմ կերել. Ահա ես պէտք է մեռնեմ։
  • 44Եւ Սաւուղն ասեց. Աստուած այսպէս եւ սորանից աւելի անէ՝ որ անպատճառ պիտի մեռնես, Յովնաթան։
  • 45Բայց ժողովուրդը Սաւուղին ասեց. Յովնաթա՞նը մեռնէ, որ այսօր Իսրայէլի մէջ արաւ այս մեծ փրկութիւնը. Քաւ լիցի. կենդանի է Տէրը որ նորա գլխի մէկ մազը գետինը պիտի չ’ընկնէ, որովհետեւ այսօր Աստուծով գործեց։ Այսպէս ժողովուրդը Յովնաթանին ազատեց, եւ նա չ’մեռաւ։
  • 46Եւ Սաւուղը Փղշտացիներից ետ դառաւ, եւ Փղշտացիները գնացին իրանց տեղը։
  • 47Եւ Սաւուղն սկսեց Իսրայէլի վերայ թագաւորել. Եւ բոլոր շրջակայ թշնամիների հետ՝ այսինքն Մովաբի հետ եւ Ամմոնի որդկանց հետ, Եդովմի հետ, Սուբայի թագաւորների հետ, եւ Փղշտացիների հետ պատերազմ արաւ. Եւ ամեն ուր որ դառնում էր՝ յաղթութիւն էր անում։
  • 48Եւ քաջութիւն արաւ եւ Ամաղէկին զարկեց, եւ ազատեց Իսրայէլին իր կողոպտիչների ձեռքիցը։
  • 49Եւ Սաւուղի որդիքն էին Յովնաթան, Յեսուի եւ Մեղքիսաւէ, եւ նորա երկու աղջկերանց անունները՝ առաջինի անունը Մերովբ, եւ փոքրի անունը Մեղքող էր։
  • 50Եւ Սաւուղի կնկայ անունը Աքինոամ էր՝ Աքիմաասի աղջիկը. Եւ նորա զօրավարի անունը Աբեններ էր՝ Սաւուղի հօրեղբայր՝ Ների որդին։
  • 51Եւ Կիսը՝ Սաւուղի հայրը, եւ Աբենների հայրը Ները՝ Աբիէլի որդիքն էին։
  • 52Եւ Սաւուղի բոլոր օրերումը Փղշտացիների դէմ սաստիկ պատերազմ կար. Եւ Սաւուղն ամեն տեսած զօրաւոր մարդին եւ ամեն ուժի տէր եղողին իր մօտն էր ժողովում։
← Ցանկ