Ա ԹԱԳԱՎՈՐԱՑ13
  • 1Սաւուղը մէկ տարուայ թագաւոր էր. Եւ երբոր Իսրայէլի վերայ երկու տարի թագաւորութիւն էր արել,
  • 2Սաւուղն Իսրայէլից երեք հազար մարդ ընտրեց իր համար. Երկու հազարը Սաւուղի հետ Մաքմաս ու Բեթէլի սարումն էին, եւ հազարը Յովնաթանի հետ Բենիամինի Գաբաայումն էր. Եւ մնացած ժողովրդին ուղարկեց ամեն մարդին իր վրանը։
  • 3Եւ Յովնաթանը զարկեց Գաբաայի մէջ եղող Փղշտացիների պահապան զօրքերին. Եւ Փղշտացիները լսեցին։ Եւ Սաւուղը բոլոր երկրի մէջ փող հնչեցնել տուաւ, ասելով. Եբրայեցիները թող լսեն։
  • 4Եւ բոլոր Իսրայէլը լսեց, որ Սաւուղը Փղշտացիների պահապան զօրքերին զարկեց, եւ Իսրայէլը Փղշտացիների առաջին ատելի եղաւ. Եւ ժողովուրդը ժողովուեցան Գաղգաղայի մէջ Սաւուղի մօտ։
  • 5Եւ Փղշտացիներն էլ ժողովուեցան Իսրայէլի դէմ պատերազմ անելու. Երեսուն հազար կառք եւ վեց հազար ձիաւոր, եւ ժողովուրդը ծովի եզերքի աւազի չափ շատ էր. Եւ վեր եկան՝ եւ Բեթաւանի արեւելեան կողմումը մաքմասի մէջ բանակ տուին։
  • 6Եւ Իսրայէլի որդիքը տեսան որ նեղութեան մէջ էին, եւ որ ժողովուրդը տագնապուած է, եւ թաք կացան այրերում, թուփերում, ժայռերում, աշտարակներում եւ փոսերում։
  • 7Եւ Եբրայեցիները Յորդանանովն անցան Գադի ու Գաղաադի երկիրը. Բայց Սաւուղը դեռ Գաղգաղայի մէջ էր. Եւ բոլոր ժողովուրդը դողալով նորան հետեւում էին։
  • 8Եւ նա Սամուէլի որոշած ժամանակի չափ եօթն օր սպասեց, բայց Սամուէլը Գաղգաղա չ’եկաւ, եւ ժողովուրդը նորա մօտից ցրուեցաւ։
  • 9Եւ Սաւուղն ասեց. Ողջակէզը եւ խաղաղութեան զոհը ինձ մօտ բերէք. Եւ ինքը մատուցրեց ողջակէզը։
  • 10Եւ երբոր նա ողջակէզը մատուցանելը վերջացրեց, այն ժամանակ Սամուէլը եկաւ. Եւ Սաւուղը դուրս եկաւ նորան դիմաւորելու որ նորան բարեւէ։
  • 11Եւ Սամուէլն ասեց. Ի՞նչ ես արել։ Եւ Սաւուղն ասեց. Տեսայ որ ժողովուրդն իմ մօտիցը ցրվում է, եւ դու քո որոշած օրերիդ չ’եկար. Եւ Փղշտացիները ժողովուած են Մաքմասի մէջ։
  • 12Այն ժամանակ ասեցի. Փղշտացիները հիմա ինձ վերայ կ’իջնեն Գաղգաղա, եւ ես տակաւին Տիրոջ առաջին աղօթք չեմ արել. Եւ ես ինձ ստիպելով ողջակէզը մատուցրի։
  • 13Եւ Սամուէլն ասեց Սաւուղին. Դու յիմարութիւն արիր, չ’պահեցիր քո Տէր Աստուծոյ պատուիրանքը, որ նա քեզ պատուիրել է. Որովհետեւ հիմա Տէրը քո թագաւորութիւնը Իսրայէլի վերայ մինչեւ յաւիտեան կ’հաստատէր։
  • 14Բայց հիմա քո թագաւորութիւնը հաստատ չէ լինելու։ Տէրն իր համար իր սրտի համեմատ մի մարդ է ուզում, որին իշխան նշանակէ Տէրը իր ժողովրդի վերայ. Որովհետեւ դու չ’պահեցիր ինչ որ Տէրը քեզ պատուիրել էր։
  • 15Եւ Սամուէլը վեր կացաւ, եւ Գաղգաղայից Բենիամինի Գաբաան գնաց։ Եւ Սաւուղն իր մօտ գտնուող ժողովուրդը համարեց, եւ վեց հարիւրի չափ մարդ էին։
  • 16Եւ Սաւուղը եւ նորա որդի Յովնաթանը եւ նորանց հետ գտնուող մարդիկը Բենիամինի Գաբաայումն էին բնակվում. Եւ Փղշտացիների բանակը Մաքմասի մէջ էր։
  • 17Եւ Փղշտացիների բանակից երեք գունդ աւարառու դուրս եկաւ. Գունդի մէկը դարձաւ դէպի Եփրայի ճանապարհը Սուաղի երկիրը.
  • 18Եւ գունդի մէկը դարձաւ դէպի Բեթորոնի ճանապարհը, եւ գունդի մէկն էլ դարձաւ դէպի անապատը, որ դէպի Սեբոյիմի հովիտն է նայում սահմանի ճանապարհին։
  • 19Եւ Իսրայէլի բոլոր երկրումը մէկ դարբին չէր գտնվում, որովհետեւ Փղշտացիները ասել էին թէ Մի գուցէ Եբրայեցիները սուր ու նիզակ շինեն։
  • 20Եւ բոլոր Իսրայէլացիները իջնում էին Փղշտացիների մօտ՝ ամեն մէկն իր բրիչը, խոփը, տապարը եւ բահը սրելու համար։
  • 21Երբոր լինում էր որ բրիչների, խոփերի, եռաժանի գործիքների եւ տապարների բերանը կոտրվում էր, խթանները սրելու համար խարտոց ունէին։
  • 22Եւ այնպէս եղաւ որ պատերազմի օրը՝ Սաւուղի եւ Յովնաթանի հետ եղող բոլոր ժողովրդի ձեռքին սուր կամ նիզակ չէր գտնվում. Միայն Սաւուղի եւ նորա որդի Յովնաթանի մօտ էր գտնվում։
  • 23Եւ Փղշտացիների պահապան զօրքը վեր գնացին Մաքմասի կիրճը։
← Ցանկ