Ա ԹԱԳԱՎՈՐԱՑ11
  • 1Եւ Ամմոնացի Նաասը վեր գնաց, եւ Գաղաադի Յաբիսի դէմ բանակ տուաւ. Եւ Յաբիսի բոլոր բնակիչները Նաասին ասեցին. Մեզ հետ դաշինք դիր, եւ մենք քեզ ծառայենք։
  • 2Բայց Ամմոնացի Նաասը նորանց ասեց. Ձեզ հետ այս պայմանով դաշինք կ’դնեմ, որ ձեր ամենի աջ աչքը փորեմ եւ այս բանը բոլոր Իսրայէլի վերայ նախատինք դնեմ։
  • 3Եւ Յաբիսի ծերերը նորան ասեցին. Մեզ եօթն օր ժամանակ տուր, որ Իսրայէլի բոլոր սահմանները պատգամաւորներ ուղարկենք, եւ եթէ մեզ ազատող չ’լինի՝ այն ժամանակ դուրս կ’գանք քեզ մօտ։
  • 4Եւ պատգամաւորները գնացին Սաւուղի Գաբաան եւ այս խօսքերը խօսեցին ժողովրդի ականջներին. Եւ բոլոր ժողովուրդն իրանց ձայնը բարձրացրին եւ լաց եղան։
  • 5Եւ ահա Սաւուղը գալիս էր եզների ետեւից արտիցը. Եւ Սաւուղն ասեց. Ժողովրդին ի՞նչ կայ որ լաց է լինում, եւ Յաբիսի բնակիչների խօսքերը պատմեցին նորան։
  • 7Եւ մի զոյգ եզ առաւ եւ նորանց կտորեց, եւ պատգամաւորների ձեռքով Իսրայէլի բոլոր սահմաններն ուղարկեց ասելով. Ով որ Սաւուղի ետեւից եւ Սամուէլի ետեւից չ’գայ, նորա եզներին այսպէս կ’անեն։ Եւ Տիրոջ սարսափն ընկաւ ժողովրդի վերայ, և ամենքը մէկ մարդի պէս դուրս եկան։
  • 8Եւ Սաւուղը Բեզեկի մէջ հանդէս արաւ նորանց. Եւ Իսրայէլի որդիքը երեք հարիւր հազար, եւ Յուդայի մարդիկը երեսուն հազար էին։
  • 9Եւ եկող պատգամաւորներին ասեցին. Գաղաադի Յաբիսի բնակիչներին այսպէս ասէք. Էգուց արեգակը տաքանալիս ձեզ համար ազատութիւն է լինելու։ Եւ պատգամաւորները գնացին եւ Յաբիսի բնակիչներին իմացրին, եւ նորանք ուրախացան։
  • 10Եւ Յաբիսի բնակիչներն ասեցին Ամմոնացիներին. Էգուց ձեզ մօտ դուրս կ’գանք. Եւ ձեր աչքերին ինչ որ հաճելի լինի այն արէք մեզ։
  • 11Եւ հետեւեալ օրը Սաւուղը ժողովրդին երեք գունդի բաժանեց, եւ առաւօտեան պահին բանակը մտան, եւ մինչեւ որ օրը տաքացաւ՝ Ամմոնացիներին զարկեցին. Եւ մնացածները այնպէս ցրուեցան որ նորանցից երկու մարդ մէկտեղ չ’մնաց։
  • 12Եւ ժողովուրդն ասեց Սամուէլին. Ո՞վ էր այն ասողը՝ թէ Սաւո՞ւղը մեր վերայ թագաւոր լինի. Տուէք այն մարդիկը որ մեռցնենք։
  • 13Եւ Սաւուղն ասեց. Այսօր մի մարդ չ’մեռցնուի, որովհետեւ այսօր Տէրը Իսրայէլի համար փրկութիւն արաւ։
  • 14Եւ Սամուէլը ժողովրդին ասեց. Եկէք գնանք Գաղգաղա, եւ թագաւորութիւնը այնտեղ նորոգենք։
  • 15Եւ բոլոր ժողովուրդը Գաղգաղա գնացին, եւ այնտեղ Գաղգաղայումը Տիրոջ առաջին Սաւուղին թագաւոր արին, եւ այնտեղ խաղաղութեան զոհեր մատուցրին. Եւ Սաւուղը եւ բոլոր Իսրայէլի մարդիկը այնտեղ մեծ ուրախութիւն արին։
← Ցանկ