Ա ԹԱԳԱՎՈՐԱՑ10
  • 2Այսօր իմ մօտիցը գնալիս Բենիամինի սահմանի վերայ Սելսահի մէջ Ռաքէլի գերեզմանի մօտ երկու մարդ կ’գտնես, եւ նորանք քեզ կ’ասեն. Գտնուել են այն էշերը որ նորանց որոնելու գնացել էիր. Եւ ահա հայրդ էշերի հոգսը թողել է, եւ ձեզ համար է հոգս անում, եւ ասում. Տղայիս համար ի՞նչ անեմ։
  • 3Եւ երբոր այնտեղից գնաց եւ Թաբօրի կաղնիին հասնես, այնտեղ քեզ երեք մարդ կ’հանդիպեն որոնք գնում են Բեթէլ Աստուծոյ մօտ, որոնցից մէկը երեք ուլ, մէկը երեք հացի նկանակ եւ մէկը մի տիկ գինի է տանում։
  • 4Եւ քո ողջութիւնը կ’հարցնեն եւ քեզ երկու հաց կ’տան. Դու էլ նորանց ձեռքիցն առնես։
  • 5Նորանից յետոյ կ’գնաս Աստուծոյ բլուրը ուր որ Փղշտացիների բերդապահ զօրքն է. Եւ երբոր այնտեղ քաղաքը մտնես, բարձր տեղից իջնող մարգարէների մի գունդի կ’հանդիպես, որոնք իրանց առաջին տաւիղ, թմբուկ, սրինգ եւ քնար ունեն եւ որոնք մարգարէութիւն են անում։
  • 6Եւ քեզ վերայ կ’գայ Տիրոջ հոգին, եւ նորանց հետ մարգարէութիւն կ’անես, եւ դու կ’փոխուիս ուրիշ մարդ կ’դառնաս։
  • 7Եւ երբոր այս նշանները քեզ վերայ գան՝ ձեռքիցդ եկածն անես, որովհետեւ Աստուած քեզ հետ է։
  • 8Եւ ինձանից առաջ Գաղգաղա իջնես. Եւ ահա ես քեզ մօտ պիտի իջնեմ ողջակէզներ եւ խաղաղութեան զոհեր մատուցանելու համար. եօթն օր սպասես մինչեւ որ ես քեզ մօտ գամ, եւ քո անելու գործը քեզ իմացնեմ։
  • 9Եւ երբոր նա իր մէջքը դարձրեց՝ Սամուէլի մօտիցը գնալու համար, Աստուած փոխեց նորան մէկ ուրիշ սիրտ տուաւ. Եւ նոյն օրը այս բոլոր նշանները կատարուեցան։
  • 10Եւ երբոր եկան այնտեղ բլուրը, ահա մարգարէների մի գունդ նորա առաջը դուրս եկան. Եւ Աստուծոյ Հոգին նորա վերայ եկաւ, եւ նորանց մէջ մարգարէութիւն արաւ։
  • 11Եւ այն ամենքը որ նորան առաջուց ճանաչում էին, երբոր տեսան որ նա մարգարէների հետ մարգարէութիւն է անում, այն ժողովուրդն իրար ասեցին. Այս ի՞նչ է եղել Կիսի որդիին. մի՞թէ Սաւուղն էլ մարգարէների մէջ է։
  • 12Եւ այնտեղ մարդկանցից մէկը պատասխանեց եւ ասեց. Ապա նորանց հայրը ո՞վ է։ Նորա համար սա մէկ առակ եղաւ, Մի՞թէ Սաւուղն էլ մարգարէների մէջ է։
  • 13Եւ երբոր մարգարէութիւն անելուց դադարեց, բարձր տեղը եկաւ։
  • 14Եւ Սաւուղի հօրեղբայրը նորան եւ նորա երիտասարդին ասեց. Ո՞ւր գնացիք։ Եւ նա ասեց. Էշերը որոնելու. Եւ տեսանք որ չ’կան, գնացինք Սամուէլի մօտ։
  • 15Եւ Սաւուղի հօրեղբայրն ասեց. Պատմիր ինձ, Սամուէլը ձեզ ի՞նչ ասեց։
  • 16Եւ Սաւուղն իր հօրեղբօրն ասեց. Նա մեզ յայտնապէս իմացրեց էշերի գտնուիլը։ Բայց թագաւորութեան մասին Սամուէլի ասած խօսքը նորան չ’յայտնեց։
  • 17Եւ Սամուէլը ժողովրդին ժողովեց Մասփայի մէջ Տիրոջ առաջին։
  • 18Եւ Իսրայէլի որդկանցն ասեց. Իսրայէլի Տէր Աստուածն այսպէս է ասում. Ես Իսրայէլին Եգիպտոսից հանեցի, եւ ձեզ Եգիպտացիների ձեռքիցը՝ եւ ձեզ նեղութիւն տուող բոլոր թագաւորների ձեռքիցն ազատեցի։
  • 19Եւ դուք այսօր մերժում էք ձեր Աստուծուն, որ ձեր ամեն չարիքներիցն ու նեղութիւններիցը ձեզ ազատեց եւ նորան ասում էք. Անպատճառ մեզ վերայ մէկ թագաւոր դիր։ Եւ հիմա կանգնեցէք ձեր ցեղերովը եւ հազարաւորներովը Տիրոջ առաջին։
  • 20Եւ Սամուէլն Իսրայէլի ամեն ցեղերը ներկայացրեց, եւ վիճակը Բենիամինի ցեղին ընկաւ։
  • 21Եւ Բենիամինի ցեղը ներկայացրեց իր ազգատոհմներովը, եւ վիճակը Մատրիի ազգատոհմին ընկաւ, եւ Կիսի որդի Սաւուղին ընկաւ. Եւ նորան որոնեցին՝ բայց չ’գտնուեցաւ։
  • 22Եւ դարձեալ Տիրոջը հարցրին, թէ Արդեօք այն մարդը այստեղ կ’գա՞յ. Եւ Տէրն ասեց. Ահա նա թաք է կացել՝ կարասիների մէջ է։
  • 23Եւ վազեցին նորան առան այնտեղից, եւ նա կանգնեց ժողովրդի մէջտեղը. Եւ բարձր էր բոլոր ժողովրդիցը՝ ուսիցը վեր։
  • 24Եւ Սամուէլը բոլոր ժողովրդին ասեց. Տեսա՞ք Տէրը որին է ընտրել. Որ բոլոր ժողովրդի մէջ նորա պէսը չ’կայ, եւ բոլոր ժողովուրդը աղաղակեց եւ ասեց. Կեցցէ՜ թագաւորը։
  • 25Եւ Սամուէլը թագաւորութեան իրաւունքն ասեց ժողովրդին եւ գրքի մէջ գրեց եւ Տիրոջ առաջը դրաւ. Եւ Սամուէլը բոլոր ժողովրդին արձակեց՝ ամեն մարդին իր տունը։
  • 26Սաւուղն էլ գնաց իր տունը Գաբաա. Եւ նորա հետ գնացին մի խումբ մարդիկ, որոնց սիրտը Աստուած գրգռեց։
  • 27Բայց չար մարդիկ ասեցին. Սա մեզ ի՞նչ կ’ազատէ. Եւ նորան անարգեցին, եւ նորա համար ընծայ չ’տարին. Բայց նա լռեց։
← Ցանկ