Ա ԹԱԳԱՎՈՐԱՑ1
- 1Եւ մի մարդ կար Արիմաթեմ-սօփիմից Եփրեմի սարից՝ անունը Եղկանա՝ Եփրաթացի Սուփիի որդիի Թովայի որդիի Եղիուսի որդիի Յերոամի որդին։
- 2Եւ նա երկու կին ունէր. Մէկի անունը Աննա, եւ միւսի անունը Փենանա. Եւ Փենանան զաւակներ ունէր, բայց Աննան զաւակ չ’ունէր։
- 3Եւ այն մարդը տարուց տարի իր քաղաքիցը վեր էր գնում, որ Սելովի մէջ Զօրաց Տիրոջը երկրպագութիւն եւ զոհ մատուցանէ, եւ Հեղիի երկու որդիքը՝ Ոփնի եւ Փենէհէս այնտեղ Տիրոջ քահանաներն էին։
- 4Եւ Եղկանան իր զոհ մատուցրած օրը իր կնկան Փենանային եւ նորա որդկանցը եւ աղջկերանցը բաժիններ տուաւ.
- 5Իսկ Աննային կրկնապատիկ բաժին տուաւ, որովհետեւ Աննային սիրում էր. բայց Տէրը փակել էր նորա արգանդը։
- 6Եւ նորա նախանձորդը Փենանան գրգռում էր նորան եւ վշտացնում. Որովհետեւ Տէրը փակել էր նորա արգանդը։
- 7Եւ այնպէս էր անում տարուց տարի Տիրոջ տունը գնալիս. Փենանան էլ նոյնպէս վշտացնում էր. Եւ նա լաց էր լինում եւ չէր ուտում։
- 8Եւ մարդը՝ Եղկանան նորան ասեց. Աննա, ի՞նչու ես լաց լինում, եւ ի՞նչու չես ուտում, եւ ի՞նչու համար սիրտդ այդպէս տրտում է։ Մի՞թէ ես քեզ համար տասը որդիից լաւ չեմ։
- 9Եւ Աննան վեր կացաւ Սելովի մէջ ուտելուց եւ խմելուց յետոյ. (եւ Հեղի քահանան Տիրոջ տաճարի սեմի մօտ մի աթոռի վերայ նստել էր.)
- 10Եւ նա աղօթք արաւ տրտմալից հոգիով դէպի Տէրը եւ շատ լաց եղաւ։
- 11Եւ ուխտ արաւ ու ասեց. Ով Զօրաց Տէր, եթէ քո աղախինի նեղութեանը նայես եւ ինձ յիշես, եւ քո աղախինին չ’մոռանալով՝ քո աղախինին արու զաւակ տաս, ես նորան Տիրոջը կ’նուիրեմ իր կեանքի բոլոր օրերումը. Եւ նորա գլխին ածելի չի բարձրանալ։
- 12Եւ երբոր նա իր աղօթելը Տիրոջ առաջին շատացրեց, Հեղին նայում էր նորա բերանին։
- 13Եւ Աննան իր սրտիցը խօսում էր. Միայն նորա շրթունքները շարժում էին, բայց ձայնը չէր լսվում. Նորա համար Հեղին նորան արբած կարծեց։
- 14Եւ Հեղին նորան ասեց Մինչեւ ե՞րբ պիտի արբածութիւն անես. Գինովութիւնդ թող։
- 15Եւ Աննան պատասխանեց եւ ասեց. Ոչ, տէր իմ, ես վշտացած սրտով մի կին եմ, եւ գինի կամ ցքի խմած չեմ, այլ իմ սիրտը բացել եմ Տիրոջ առաջին։
- 16Քո աղախինը չար կին մի կարծիր, որովհետեւ իմ վիշտերի ու նեղութեան շատութեան համար մինչեւ հիմա խօսեցի։
- 17Այն ժամանակ Հեղին պատասխանեց եւ ասեց. Գնա խաղաղութեամբ, եւ Իսրայէլի Աստուածը տայ քո խնդրուածքը, ինչ որ նորանից խնդրեցիր։
- 18Եւ նա ասեց. Քո աղախինը թող քո առաջին շնորհք գտնէ. Եւ կինը գնաց իր ճանապարհը եւ կերաւ, եւ երեսը այլ եւս տրտում չէր։
- 19Եւ նորանք առաւօտը կանուխ վեր կացան եւ Տիրոջ առաջին երկրպագութիւն արին եւ ետ դառան Ռամա եւ գնացին իրանց տունը։ Եւ Եղկանան մօտեցաւ իր Աննա կնկան. Եւ Տէրը նորան յիշեց։
- 20Եւ եղաւ որ տարին դառնալիս Աննան յղացաւ եւ մի տղայ ծնեց, եւ նորա անունը Սամուէլ կոչեց՝ ասելով, թէ Տէրիցը խնդրեցի նորան։
- 21Եւ նորա այրը Եղկանան վեր գնաց իր բոլոր ընտանիքովը, որ տարեկան զոհը եւ իր ուխտը մատուցանէ Տիրոջ առաջին։
- 22Բայց Աննան չ’գնաց, որովհետեւ իր մարդին ասեց. Կ’նստեմ մինչեւ տղայի կաթից կտրուիլը. յետոյ կ’տանեմ նորան որ Տիրոջ առաջին երեւայ, եւ միշտ այնտեղ կենայ։
- 23Եւ նորա այրը՝ Եղկանան նորան ասեց. Արա ինչ որ աչքերիդ հաճելի է, նստիր մինչեւ որ նորան կաթից կտրես. միայն թէ Տէրը հաստատէ իր խօսքը. Եւ կինը նստեց, եւ մինչեւ իր տղան կաթից կտրելը նորան սնուցանում էր։
- 24Եւ հէնց որ նորան կաթից կտրեց, իր հետն առաւ նորան, եւ երեք զուարակով, մէկ արդու ալիւրով եւ մէկ տիկ գինիով՝ տարաւ նորան Տիրոջ տունը՝ Սելով. Եւ տղան փոքր էր։
- 25Եւ զուարակը մորթեցին, եւ տղան Հեղիի մօտ տարան։
- 26Եւ Աննան ասեց. Ո՜հ, տէր իմ, քո անձը կենդանի է. Ես այն կինն եմ, որ այստեղ քեզ մօտ կանգնեցի Տիրոջը աղօթք անելու համար։
- 27Ես այս տղայի համար աղօթք արի, եւ Տէրն իմ խնդրուածքն ինձ տուաւ՝ ինչ որ նորանից խնդրեցի։
- 28Հիմա ես էլ նորան փոխ եմ տալիս Տիրոջը. Իր բոլոր կեանքի մէջ Տիրոջը փոխ տրուած լինի. Եւ նա այնտեղ Տիրոջը երկրպագութիւն արաւ։