ՀՌՈՒԹ2
  • 1Եւ Նոեմին իր մարդի կողմանէ մէկ ազգական ունէր. Նա շատ հարուստ մարդ էր Ելիմելէքի ազգատոհմիցը, եւ նորա անունը Բոոս։
  • 2Եւ Մովաբացի Հռութը Նոեմիին ասեց. Գնամ արտերը, եւ որի աչքի առաջին ողորմութիւն գտնեմ, նորա ետեւից հասկեր ժողովեմ։ Եւ նա ասեց նորան. Գնա, աղջիկս։
  • 3Եւ նա գնաց. Եւ մի արտի մէջ մտնելով հնձողների ետեւից ժողովում էր. Եւ այնպէս պատահեց, որ նա հանդիպեց Ելիմելէքի ազգատոհմիցն եղող Բոոսի արտին։
  • 4Եւ ահա Բոոսը Բեթլեհեմիցն եկաւ, եւ հնձողներին ասեց. Տէրը ձեզ հետ։ Եւ նորանք ասեցին. Տէրը քեզ օրհնէ։
  • 5Եւ Բոոսը հնձողների վերայ նշանակուած պատանիին ասեց. Որի՞նն է այս աղջիկը։
  • 6Եւ հնձողների վերակացու պատանին պատասխանեց եւ ասեց. Նոեմիի հետ Մովաբի երկրիցը դարձող Մովաբացի աղջիկն է.
  • 7Եւ մեզ ասեց. Աղաչում եմ, որաների մէջ հնձողների ետեւից հասկ քաղեմ եւ ժողովեմ. Եւ նա առաւօտանց կանուխ եկել է եւ մինչեւ հիմա մնացել. Միայն թէ հիմա մի քիչ տանը նստեց։
  • 8Եւ Բոոսն ասեց Հռութին. Ահա, աղջիկս. Հասկ ժողովելու համար ուրիշի արտը չ’գնաս, եւ այստեղից էլ չ’բաժանուիս, այլ այստեղ իմ աղջկերանց մօտ կենաս։
  • 9Աչքերդ նորանց հնձած արտի վերայ լինի, եւ նորանց ետեւիցը գնա. Ահա պատանիներին պատուիրել եմ որ քեզ չ’դիպչեն. Եւ երբոր ծարաւես՝ ամանների մօտ գնա, եւ պատանիների քաշած ջրիցը խմիր։
  • 10Եւ աղջիկը երեսի վերայ ընկաւ, եւ մինչեւ գետին երկրպագութիւն անելով նորան ասեց. Ի՞նչից է որ ես քո աչքերի առաջին շնորհք գտայ. Եւ դու ինձ ճանաչում ես. Քանի որ ես մէկ օտար կին եմ։
  • 12Քո գործքի փոխարէնը Տէրը հատուցանէ, եւ քո վարձքը Իսրայէլի Տէր Աստուծոյ կողմանէ առատապէս տրուի. Որովհետեւ դու եկար որ նորա թեւերի տակ ապաստանարան գտնես։
  • 13Եւ նա ասեց. Տէր իմ, քո աչքերի առաջին շնորհք գտնեմ, որովհետեւ դու ինձ մխիթարեցիր, եւ քո աղախնի հետ քաղցրութեամբ խօսեցիր, թէպէտ եւ ես քո աղախինների մէկի պէս էլ չեմ։
  • 14Եւ Բոոսը կերակուրի ժամանակ նորան ասեց. Մօտեցիր, եւ հացիցը կեր, եւ պատառդ քացախին թաթախիր։ Եւ նա հնձողների մօտ նստեց. Նորան հեղի տուաւ. Նա էլ կերաւ կշտացաւ, եւ աւելացածը պահեց։
  • 15Եւ երբոր վեր կացաւ հասկ ժողովելու, Բոոսն իր պատանիներին պատուիրեց ասելով, Թող որաների միջիցն էլ ժողովէ, եւ նորան մի ամաչացնէք։
  • 16Եւ խուրձերիցն էլ նորա համար գետինը ձգեցէք, եւ թող տուէք որ ժողովէ, եւ նորան մի յանդիմանէք։
  • 17Եւ նա մինչեւ իրիկուն այն արտի մէջ ժողովեց. Եւ երբոր ժողովածը ծեծեց, մէկ արդուի չափ գարի եղաւ։
  • 18Եւ առաւ եւ քաղաքը մտաւ. Եւ սկեսուրը նորա ժողովածը տեսաւ. Եւ Հռութը հանեց այն իր կշտացածիցն աւելացածը նորան տուաւ։
  • 19Եւ սկեսուրը նորան ասեց. Ո՞րտեղ ժողովեցիր այսօր, եւ ո՞ւր աշխատեցիր. քեզ ճանաչողը օրհնեալ լինի։ Այն ժամանակ նա նորան իր սկեսրին իմացրեց, թէ որի մօտ է աշխատել, եւ ասեց. Այն մարդի անունը, որի մօտ ես այսօր աշխատեցի, Բոոս է։
  • 20Եւ Նոեմին իր հարսին ասեց. Նա Տէրիցն օրհնեալ լինի, որ կենդանիներիցն ու մեռածներիցն իր ողորմութիւնը չ’պակասացրեց. Եւ Նոեմին նորան ասեց. Այն մարդը մեր ազգատոհմիցն է. Նա մօտ ազգական է մեզ։
  • 21Եւ Մովաբացի Հռութն ասեց. Նաեւ ինձ ասեց թէ Իմ պատանիների մօտիցը չ’բաժանուիս, մինչեւ որ նորանք իմ բոլոր հունձքը վերջացնեն։
  • 22Եւ Նոեմին իր հարս Հռութին ասեց. Լաւ է, աղջիկս, որ դու նորա աղջկերանց հետ գնաս, եւ քեզ ուրիշ արտի մէջ չ’հանդիպեն։
  • 23Եւ նա Բոոսի աղջկերքիցը չ’բաժանուեցաւ, եւ մինչեւ գարիի հունձքի եւ ցորենի հունձքի վերջը հասկ ժողովեց, եւ իր սկեսրի մօտ էր բնակվում։
← Ցանկ