ԴԱՏԱՎՈՐԱՑ9
  • 1Եւ Յերոբաաղի որդի Աբիմելէքը գնաց Սիւքէմ՝ իր մօր եղբայրների մօտ. Եւ խօսեց նորանց հետ եւ իր մօր հօր բոլոր ազգատոհմի հետ, ասելով.
  • 2Աղաչում եմ՝ Սիւքէմի բոլոր բնակիչների ականջներին ասեցէք թէ՝ Որն է լաւ ձեզ համար, Յերոբաաղին բոլոր որդկանց՝ եօթանասուն մարդկանց ձեզ վերայ թագաւորե՞լը, թէ մէկ մարդի ձեզ վերայ թագաւորելը. Եւ յիշեցէք, որ ես ձեր ոսկորն ու ձեր մարմինն եմ։
  • 3Եւ նորա մօր եղբայրները նորա մասին ամեն այս խօսքերը Սիւքէմի բոլոր բնակիչների ականջներին ասեցին. Եւ նորանց սիրտը դարձաւ Աբիմելէքին, որովհետեւ ասեցին. Թէ Նա մեր եղբայրն է.
  • 4Եւ Բահաղ-բերիթի տանիցը եօթանասուն կտոր արծաթ տուին նորան. Եւ Աբիմելէքը նորանցով դատարկակեաց եւ սրիկայ մարդիկ վարձքով բռնեց, եւ նորանք նորա ետեւիցը գնացին։
  • 5Եւ գնաց Եփրայ իր հօր տունը, եւ իր եղբայրներին՝ Յերոբաաղի որդկանցը՝ եօթանասուն հոգի մէկ քարի վերայ սպանեց. Բայց Յերոբաաղի փոքր տղան Յովաթամը ողջ մնաց ըստ որում թաք էր կացել։
  • 6Եւ բոլոր Սիւքէմի բնակիչները եւ Մելօնի բոլոր տունը մէկտեղ ժողովուեցան, եւ գնացին Աբիմելէքին թագաւոր արին արձանի կաղնիի մօտ որ Սիւքէմումն է։
  • 7Եւ այս բանը Յովաթամին իմացրին. Եւ նա գնաց Գարիզին սարի գլխին կանգնեց, եւ ձայնը բարձրացնելով աղաղակեց եւ նորանց ասեց. Ով Սիւքէմի բնակիչներ, ինձ լսեցէք, եւ Աստուած ձեզ լսէ։
  • 8Ծառերը գնացին որ իրանց համար մի թագաւոր օծեն, եւ ձիթենիին ասեցին. Մեզ վերայ թագաւոր եղիր։
  • 9Բայց ձիթենին նորանց ասեց. Իմ պարարտութիւնը թողեմ, որ ինձանով պատւվում են Աստուած ու մարդիկը, եւ գնամ ծառերի վերայ իշխե՞մ։
  • 10Եւ ծառերը թզենիին ասեցին. Դու եկ մեզ վերայ թագաւոր եղիր։
  • 11Եւ թզենին նորանց ասեց. Իմ քաղցրութիւնը եւ իմ լաւ պտուղը թողեմ, եւ գնամ ծառերի վերայ իշխե՞մ։
  • 12Այն ժամանակ ծառերը որթին ասեցին. Դու եկ մեզ վերայ թագաւոր եղիր։
  • 13Որթն էլ նորանց ասեց. Իմ Աստուած ու մարդիկ ուրախացնող գինին թողեմ, եւ գնամ ծառերի վերայ իշխե՞մ։
  • 14Այն ժամանակ ամեն ծառերը դժնկին ասեցին. Դու եկ մեզ վերայ թագաւոր եղիր։
  • 15Եւ դժնիկը ծառերին ասեց Եթէ դուք իրաւ ինձ ձեզ վերայ թագաւոր էք օծում, եկէք իմ հովանիի տակին նստեցէք, եթէ ոչ՝ դժնկիցը կրակ դուրս գայ եւ Լիբանանի եղեւիններն այրէ։
  • 16Եւ հիմա եթէ դուք ճշմարտութեամբ եւ արդարութեամբ վարուեցիք, եւ Աբիմելէքին թագաւոր արիք, եւ եթէ Յերոբաաղին եւ նորա տանը բարութիւն արիք, եւ եթէ նորա ձեռքի գործքերի համեմատ նորան հատուցում արիք.
  • 17(Որ իմ հայրը ձեզ համար պատերազմ արաւ, եւ իր անձը չ’խնայեց, եւ մեզ Մադիամի ձեռքիցն ազատեց.
  • 18Իսկ դուք այսօր իմ հօր տան դէմ էք կանգնել, եւ նորա որդիքը՝ եօթանասուն մարդ մէկ քարի վերայ սպանեցիք, եւ նորա աղախնի տղան Աբիմելէքը՝ Սիւքէմի բնակիչների վերայ թագաւոր արիք, ըստ որում ձեր եղբայրն էր.)
  • 19Եւ եթէ այսօր Յերոբաաղի եւ նորա տան հետ ճշմարտութեամբ եւ արդարութեամբ վարուեցիք, Աբիմելէքի վերայ ուրախացէք, նա էլ ձեզ վերայ թող ուրախանայ.
  • 20Ապա եթէ ոչ՝ թող Աբիմելէքիցը կրակ դուրս գայ եւ Սիւքէմի բնակիչներին եւ Մելօնի տունը այրէ. Եւ Սիւքէմի բնակիչներիցը եւ Մելօնի տանիցը կրակ դուրս գայ եւ Աբիմելէքին այրէ։
  • 21Եւ Յովաթամը փախաւ ազատուեցաւ, եւ գնաց Բէիր, եւ իր Աբիմելէք եղբօրից վախենալով այնտեղ բնակուեց։
  • 22Եւ Աբիմելէքը Իսրայէլի վերայ երեք տարի իշխեց։
  • 23Եւ Աստուած Աբիմելէքի եւ Սիւքէմի բնակիչների մէջ չար ոգի ուղարկեց, եւ Սիւքէմի բնակիչները Աբիմելէքի հետ նենգութեամբ վարուեցան.
  • 24Որպէս զի Յերոբաաղի եօթանասուն որդկանց եղած անիրաւութիւնը գայ՝ եւ նորանց արիւնը նորանց եղբօր Աբիմելէքի վերայ հասնէ, որ նորանց սպանել էր, եւ Սիւքէմի բնակիչների վերայ՝ որոնք նորա ձեռքը զօրացրել էին իր եղբայրներին սպանելու։
  • 25Եւ Սիւքէմի բնակիչները սարերի գլուխներին նորա համար դարաններ պատրաստեցին, եւ կողոպտում էին իրանց մօտով ամեն անցնողներին. Եւ այս բանը իմացրին Աբիմելէքին։
  • 26Եւ Աբեդի որդի Գաաղը եւ նորա եղբայրները եկան՝ Սիւքէմի մէջը մտան, եւ Սիւքէմի բնակիչները նորան ապաւինեցին.
  • 27Եւ դուրս եկան դաշտը եւ իրանց այգիների խաղողները քաղեցին, եւ կոխելով ուրախութիւն արին, եւ իրանց Աստուծոյ տունը մտան, եւ կերան ու խմեցին՝ եւ Աբիմելէքին անիծեցին։
  • 28Եւ Աբեդեան Գաաղն ասեց. Աբիմելէքն ո՞վ է, եւ Սիւքէմն ո՞վ է որ մենք նորան ծառայենք, չէ՞ որ Յերոբաաղի տղան է, եւ Զեբուղը՝ նորա փոխանորդը։ Դուք Սիւքէմի հօր՝ Եմովրի մարդկանցը ծառայութիւն արէք. Եւ մենք ի՞նչու համար նորան ծառայենք։
  • 29Երանի թէ այս ժողովուրդն իմ ձեռքն անցնէր. Եւ ես Աբիմելէքին հեռացնէի. Եւ Աբիմելէքին ասեց. Զօրքերդ շատացրու եւ դուրս եկ։
  • 30Եւ քաղաքի իշխան՝ Զեբուղը երբոր լսեց Աբեդեան Գաաղի խօսքերը, բարկութիւնը բորբոքուեց։
  • 31Եւ խորամանկ կերպով Աբիմելէքին պատգամաւորներ ուղարկեց, ասելով. Ահա Աբեդեան Գաաղը եւ իր եղբայրները եկել են Սիւքէմ, եւ ահա նորանք քաղաքը քեզ դէմ են հանում։
  • 32Եւ հիմա դու եւ քեզ հետ լինող ժողովուրդը գիշերով վեր կաց, եւ դաշտումը դարան նստիր.
  • 33Եւ առաւօտը հէնց որ արեգակը ծագէ՝ կանուխ վեր կաց ու քաղաքի վերայ յարձակուիր, եւ ահա նա եւ նորա հետ եղող ժողովուրդը քեզ դէմ են դուրս գալու. Այն ժամանակ ձեռքիցդ եկածը արա նորան։
  • 34Եւ Աբիմելէքը եւ նորա հետ եղող բոլոր ժողովուրդը գիշերով վեր կացան, եւ չորս գունդով Սիւքէմի դէմ դարանի մէջ նստեցին։
  • 35Եւ Աբեդեան Գաաղը դուրս եկաւ եւ քաղաքի դռան առաջին կանգնեց. Եւ Աբիմելէքը եւ իր հետն եղող ժողովուրդը դուրս եկան դարաններիցը։
  • 36Եւ Գաղաադը տեսաւ այն ժողովրդին եւ Զեբուղին ասեց. Ահա սարերի գլխիցը ժողովուրդ է իջնում։ Եւ Զեբուղը նորան ասեց. Դու սարերի շուքն ես տեսնում մարդկանց պէս։
  • 37Եւ Գաաղը շարունակեց խօսքը եւ ասեց. Ահա երկրի բարձր տեղիցը ժողովուրդ է իջնում, եւ մէկ գունդ էլ է գալիս Մէօնէնիմի կաղնիի ճանապարհովը.
  • 38Եւ Զեբուղը նորան ասեց. Ո՞ւր է քո այն բերանը, որով ասում էիր թէ Աբիմելէքն ո՞վ է որ մենք նորան ծառայութիւն անենք. Ահա սա այն ժողովուրդն են, որ դու արհամարհեցիր. Հիմա վեր կաց նորա հետ պատերազմիր։
  • 39Եւ Գաաղը Սիւքէմի բնակիչների առաջը դուրս եկաւ եւ Աբիմելէքի հետ պատերազմ արաւ։
  • 40Եւ Աբիմելէքը նորան հալածեց եւ նա նորա առաջիցը փախաւ, եւ շատերը մեռած ընկան մինչեւ դռան առաջը։
  • 41Եւ Աբիմելէքը Արումայի մէջ բնակուեց, եւ Զեբուղը՝ քշեց Գաաղին եւ նորա եղբայրներին որ Սիւքէմում չ’բնակուին։
  • 42Եւ հետեւեալ օրը ժողովուրդը դուրս եկաւ դաշտը. Եւ Աբիմելէքին իմացրին,
  • 43Եւ նա ժողովուրդն առաւ՝ երեք գունդի բաժանեց. Եւ դաշտի մէջ դարանամուտ եղաւ. Եւ տեսաւ որ ահա ժողովուրդը քաղաքիցը դուրս է գալիս, եւ նորանց վերայ յարձակուելով նորանց զարկեց։
  • 44Եւ Աբիմելէքը եւ նորա հետ եղող գունդը յարձակուեցան՝ քաղաքի դռան առաջին կանգնեցին, եւ երկու գունդերը բոլոր դաշտի մէջ եղողների վերայ յարձակուելով նորանց զարկեցին։
  • 45Եւ Աբիմելէքն այն բոլոր օրը քաղաքի հետ պատերազմեց եւ քաղաքն առաւ, եւ այն մարդիկը որ մէջն էին՝ կոտորեց, եւ քաղաքը քանդեց եւ աղ ցանեց։
  • 46Եւ Սիւքէմի աշտարակի բոլոր բնակիչները երբոր լսեցին, Բերիթ աստուծոյ տան բերդը մտան։
  • 47Եւ Աբիմելէքին իմացրին, թէ Սիւքէմի աշտարակի բոլոր բնակիչները ժողովուել են։
  • 48Եւ Աբիմելէքը եւ իր հետ եղող բոլոր ժողովուրդը վեր ելան Սելմօն սարը. Եւ Աբիմելէքը տապարը ձեռքն առաւ եւ մի ծառի ոստ կտրեց, եւ նորան վեր առաւ իր ուսի վերայ դրաւ, եւ իր հետ եղող ժողովրդին ասեց. Ահա տեսաք ինչ որ ես արի, շուտով դուք էլ ինձ պէս արէք։
  • 49Եւ ժողովրդի ամենն էլ մէկ մէկ ոստ կտրեցին. Եւ Աբիմելէքի ետեւից գնացին, եւ բերդի մօտ դրին, եւ նորանցով բերդը կրակով այրեցին. Այսպէս Սիւքէմի աշտարակի բոլոր մարդիկն էլ՝ որոնք հազարի չափ մարդիկ եւ կանայք էին՝ մեռան։
  • 50Եւ Աբիմելէքը գնաց Թեբէս, եւ Թեբէսը պաշարեց, եւ նորան առաւ։
  • 51Եւ քաղաքի մէջտեղումը մէկ պինդ աշտարակ կար. Եւ քաղաքի բոլոր բնակիչները՝ մարդիկը եւ կանայքը փախան այնտեղ, եւ դուռը ներսիցը կողպեցին եւ վեր ելան աշտարակի կտուրը։
  • 52Եւ Աբիմելէքը գնաց մինչեւ աշտարակը եւ նորա հետ պատերազմ արաւ, եւ աշտարակի դռանը մօտեցաւ որ նորան կրակով այրէ։
  • 53Եւ մի կին մի երկանաքարի կտոր գցեց Աբիմելէքի գլխին, եւ նորա գագաթը կոտրեց։
  • 54Եւ նա շուտով կանչեց իր զէնքերը կրող երիտասարդին եւ նորան ասեց. Սուրդ քաշիր եւ ինձ մեռցրու. Մի գուցէ ինձ համար ասեն թէ Մի կին սպանեց նորան։ Եւ երիտասարդը նորան խոցեց, եւ նա մեռաւ։
  • 55Եւ Իսրայէլի մարդիկը տեսան, որ Աբիմելէքը մեռաւ. Եւ ամեն մարդ իր տեղը գնաց։
  • 56Այսպէս Աստուած ետ դարձրեց Աբիմելէքի չարութիւնը, որ նա իր հօրն արել էր՝ իր եօթանասուն եղբայրներին սպանելով։
  • 57Եւ Սիւքէմի մարդկանց բոլոր չարութիւնը Աստուած նորանց գլխին դարձրեց. Եւ Յերոբաաղի որդի Յովաթամի անէծքը նորանց վերայ եկաւ։
← Ցանկ