ԴԱՏԱՎՈՐԱՑ8
  • 1Եւ Եփրեմեանք նորան ասեցին. Այս ի՞նչ բան է որ մեզ արիր, որ առանց մեզ կանչելու գնացիր Մադիամի դէմ պատերազմելու. Եւ նորա հետ սաստիկ վէճ արին։
  • 2Եւ նա նորանց ասեց. Ես հիմա ի՞նչ եմ արել ձեզ պէս, մի՞թէ Եփրեմի ճռաքաղութիւնը Աբիեզերի այգեկութիցը լաւագոյն չէ։
  • 3Աստուած Մադիամի իշխաններին՝ Օրէբին եւ Զէբին ձեր ձեռքը տուաւ. Ես ի՞նչ կարողացայ անել ձեզ պէս։ Իսկոյն նորանց սիրտը հանդարտացաւ նորա վերայ հէնց որ նա այս խօսքն ասեց։
  • 4Եւ Գեդէօնն եկաւ Յորդանան, եւ անցաւ ինքը եւ իր հետը եղող երեք հարիւր մարդիկը. Թէեւ նուաղած էին, բայց հալածում էին։
  • 5Եւ նա ասեց Սոկքովթի մարդկանցը. Աղաչում եմ, ետեւիցս եկող ժողովրդին հացի նկանակներ տուէք, որովհետեւ նուաղած են. Եւ ես Մադիամի թագաւորներին Զեբէէին եւ Սաղմանային հալածում եմ։
  • 6Եւ Սոկքովթի իշխաններն ասեցին. Մի՞թէ Զեբէէի ու Սաղմանայի ձեռքը արդէն քո ձեռքի մէջ է, որ մենք քո զօրքին հաց տանք։
  • 7Եւ Գեդէօնն ասեց. Ուրեմն երբոր Տէրը Զեբէէին ու Սաղմանային իմ ձեռքը տայ, ձեր մարմինները անապատի փուշերովն ու տատասկներովը պիտի ծեծեմ։
  • 8Եւ այնտեղից վեր գնաց Փանուէլ, եւ նորանց էլ այնպէս ասեց. Եւ Փանուէլի մարդիկը Սոկքովթի մարդկանց տուած պատասխանի պէս պատասխանեցին։
  • 9Եւ Փանուէլի մարդկանցն էլ ասեց՝ թէ, Երբ որ խաղաղութեամբ ետ դառնամ, այդ աշտարակը պիտի քանդեմ։
  • 10Եւ Զեբէէն ու Սաղմանան Կարկարումն էին եւ նորանց հետ նորանց բանակը արեւելքի բնակիչների բոլոր բանակից մնացածը՝ ամենը տասնեւհինգ չափ մարդ. Եւ ընկած մեռածները հարիւր քսան հազար սուսերամերկ մարդիկ էին։
  • 11Եւ Գեդէօնը վեր ելաւ Նոբահի եւ Յօգբէհայի արեւելեան կողմից վրանաբնակների ճանապարհովը եւ բանակը զարկեց, որովհետեւ բանակը անհոգ էր։
  • 12Եւ Զեբէէն ու Սաղմանան փախան. Եւ Գեդէօնը նորանց հալածեց եւ Մադիամի երկու թագաւորներին՝ Զեբէէին եւ Սաղմանային բռնեց, եւ բոլոր բանակը դղրդեցրեց։
  • 13Եւ Յովասի որդի Գեդէօնը պատերազմից ետ դառաւ Արեսի զառիվերիցը.
  • 14Եւ Սոկքովթի մարդկանցից մի երիտասարդ բռնեց եւ նորան հարցրեց. Եւ նա գրեց նորա համար Սոկքովթի իշխաններին եւ ծերերին եօթանասունեւեօթը մարդ։
  • 15Եւ Գեդէօնը Սոկքովթի բնակիչների մօտ եկաւ եւ ասեց. Ահա Զեբէէն ու Սաղմանան, որոնց համար ինձ նախատեցիք՝ ասելով. Մի՞թէ Զեբէէի ու Սաղմանայի ձեռքը արդէն քո ձեռքի մէջ է, որ մենք քո նուաղած մարդկանցը հաց տանք։
  • 16Եւ նա քաղաքի ծերերին առաւ, եւ անապատիցը՝ փուշեր եւ տատասկներ, եւ նորանցով Սոկքովթի մարդկանցը պատժեց։
  • 17Եւ Փանուէլի աշտարակը քանդեց եւ քաղաքի մարդկանցը մեռցրեց։
  • 18Եւ Զեբէէին եւ Սաղմանային ասեց. Ի՞նչպէս մարդիկ էին նորանք, որոնց սպանեցիք Թաբօրումը։ Եւ նորանք ասեցին. Ինչպէս որ դու ես, նորանք էլ այնպէս էին. Ամեն մէկը թագաւորի որդիի էր նմանում։
  • 19Եւ նա ասեց. Նորանք իմ եղբայրները՝ մօրս տղերքն էին։ Կենդանի է Տէրը, եթէ դուք նորանց ողջ թողէիք, ես ձեզ չէի մեռցնիլ։
  • 20Եւ իր անդրանիկ որդի Յեթերին ասեց. Վեր կաց դորանց մեռցրու։ Բայց պատանին իր սուրը չ’քաշեց. Նորա համար որ վախեցաւ, որովհետեւ մանկահասակ էր։
  • 21Եւ Զեբէէն ու Սաղմանան ասեցին. Դու վեր կաց եւ մեզ սպանիր, որովհետեւ մարդիս ոյժը իրան համեմատ կ’լինի. Եւ Գեդէօնը վեր կացաւ եւ Զեբէէին եւ Սաղմանային մեռցրեց. Եւ նորանց ուղտերի պարանոցի վերայ եղած մահիկներն առաւ։
  • 22Եւ Իսրայէլի մարդիկը Գեդէօնին ասեցին. Մեզ վերայ թագաւորիր, դու էլ, քո որդին էլ, քո որդիի որդին էլ, որովհետեւ մեզ Մադիամի ձեռքիցն ազատեցիր։
  • 23Եւ Գեդէօնը նորանց ասեց. Ես ձեզ վերայ չ’եմ թագաւորիլ, ոչ էլ իմ որդին ձեզ վերայ կ’թագաւորէ, Եհովան թագաւորէ ձեզ վերայ։
  • 24Յետոյ Գեդէօնը նորանց ասեց. Ձեզանից մի բան խնդրեմ. Ամեն մարդ իր աւարի օղերն ինձ տայ. (որովհետեւ նորանք Իսմայէլացի լինելով ոսկի օղեր ունէին։)
  • 25Եւ նորանք ասեցին. Տալիս ենք. Եւ մի հանդերձ փռեցին. Եւ ամեն մարդ իր աւարի օղերը այնտեղ գցեց։
  • 26Եւ այն իր ուզած ոսկի օղերի կշիռքը հազար եօթը հարիւր սիկղ ոսկի եղաւ. Բացի մահիկներից, գինտերից եւ Մադիամի թագաւորների վերայի ծիրանի պատմուճաններից եւ բացի նորանց ուղտերի պարանոցի վերայ եղած մանեակներից։
  • 27Եւ Գեդէօնը նորանցով մի եփուդ շինեց, եւ իր Եփրա քաղաքի մէջ դրաւ. Եւ բոլոր Իսրայէլը այնտեղ նորան հետեւելով պոռնկուեցաւ. Եւ սա Գեդէօնի եւ նորա տան համար որոգայթ եղաւ։
  • 28Այսպէս Մադիամը Իսրայէլի որդկանց առաջին նուաճուեցաւ, եւ այլ եւս գլուխ չ’բարձրացրեց. Եւ Գեդէօնի օրերումը երկիրը քառասուն տարի հանգստացաւ։
  • 30Եւ Գեդէօնը եօթանասուն որդի ունէր՝ իր երանքից ելած, որովհետեւ շատ կանայք ունէր։
  • 31Եւ Սիւքէմի մէջ ունեցած հարճն էլ նորա համար մի որդի ծնեց. Եւ նորա անունը Աբիմելէք դրաւ։
  • 32Եւ Յովասի որդի Գեդէօնը բարի ծերութեամբ մեռաւ, եւ Աբիեզերեանց Եփրայի մէջ իր հօր Յովասի գերեզմանումը թաղուեցաւ։
  • 33Եւ եղաւ երբոր Գեդէօնը մեռաւ՝ Իսրայէլի որդիքը ետ դառան, եւ Բահաղիմին հետեւելով պոռնկուեցան, եւ Բահաղ-բերիթն իրանց աստուած արին։
  • 34Եւ Իսրայէլի որդիքը չ’յիշեցին իրանց Տէր Աստուծուն, որ իրանց ազատել էր իրանց շրջակայ ամեն թշնամիների ձեռքիցը։
  • 35Եւ Յերոբաաղի (այսինքն Գեդէօնի) տանը գթութիւն չ’արին այն ամեն բարութեան համեմատ, որ նա արաւ Իսրայէլին։
← Ցանկ