ԴԱՏԱՎՈՐԱՑ6
  • 1Եւ Իսրայէլի որդիքը Տիրոջ առաջին չարութիւն արին, եւ Տէրը նորանց եօթը տարի Մադիանացիների ձեռքը մատնեց։
  • 2Եւ Մադիանացիների ձեռքը Իսրայէլի վերայ սաստկացաւ. Իսրայէլի որդիքը Մադիանացիների պատճառով իրանց համար սարերի մէջ խոռոչներ, քարայրներ եւ պատնէշներ շինեցին։
  • 3Եւ երբոր Իսրայէլացիները սերմ էին ցանում, Մադիանացիները նորանց վերայ էին գալիս. Եւ Ամաղեկացիները եւ արեւելքի բնակիչներն էլ էին նորանց վերայ գալիս.
  • 4Եւ նորանց դէմ բանակ կազմելով փչացնում էին գետնի բերքը մինչեւ Գազա, եւ Իսրայէլի մէջ ապրուստ չէին թողում, ոչ ոչխար, ոչ արջառ եւ ոչ էշ։
  • 5Որովհետեւ նորանք իրանց հօտերովը եւ վրաններովը վեր էին կենում, եւ մարախի պէս բազմութեամբ գալիս, այնպէս որ նորանց եւ նորանց ուղտերին թիւ չ’կար, եւ երկիրն էին գալիս որ նորան փչացնեն։
  • 6Եւ Իսրայէլը Մադիանացիների պատճառով շատ աղքատացաւ. Եւ Իսրայէլի որդիքը Տիրոջն աղաղակեցին։
  • 7Եւ երբոր Իսրայէլի որդիքը Տիրոջն աղաղակեցին մադիանացիների պատճառով,
  • 8Տէրը Իսրայէլի որդկանց համար մէկ մարգարէ ուղարկեց. Եւ նա ասեց նորանց. Իսրայէլի Տէր Աստուածն այսպէս է ասում. Ես ձեզ Եգիպտոսիցը հանեցի, եւ ձեզ ծառայութեան տանիցը դուրս բերի,
  • 9Եւ ազատեցի ձեզ Եգիպտացիների ձեռքիցը, եւ բոլոր ձեզ նեղութիւն տուողների ձեռքիցը, եւ նորանց ձեր առաջից քշեցի, եւ նորանց երկիրը ձեզ տուի.
  • 10Եւ ձեզ ասեցի. Ես եմ Եհովան ձեր Աստուածը. մի վախենաք Ամօրհացիների աստուածներիցը, որոնց երկրումը դուք բնակվում էք, բայց դուք իմ խօսքին չ’լսեցիք։
  • 11Եւ Տիրոջ հրեշտակն եկաւ, եւ Աբիեզերեան Յովասի բեւեկնիի տակին նստեց, որ Եփրայի մէջ էր, եւ նորա որդի Գեդէօնը կալումը ցորեն էր ծեծում մադիանացիների երեսիցը փախցնելու համար։
  • 12Եւ Տիրոջ հրեշտակը նորան երեւեցաւ, եւ ասեց. Ով հզօր զօրաւոր, Տէրը քեզ հետ։
  • 13Եւ Գեդէօնը նորան ասեց. Ոհ, Տէր իմ, եթէ Տէրը մեզ հետ է, ի՞նչու համար այս բոլոր բաները մեզ հասան. Եւ ո՞ւր են նորա ամեն հրաշքները, որոնք մեր հայրերը մեզ պատմում են՝ ասելով. Թէ Տէրը մեզ Եգիպտոսիցը հանեց. Բայց հիմա Տէրը մեզ մերժել է, եւ մեզ Մադիանացիների ձեռքն է մատնել։
  • 14Եւ Տէրը նորան նայեց, եւ ասեց. Գնա քո այդ զօրութիւնովը, եւ ազատիր Իսրայէլին Մադիանացիների ձեռքիցը. ահա ես եմ քեզ ուղարկում։
  • 15Եւ նա նորան ասեց. Ոհ, Տէր իմ, ես ինչո՞վ ազատեմ Իսրայէլին, ահա իմ ազգատոհմը Մանասէի մէջ ամենից աղքատն է, եւ ես իմ հօր տան կրտսերն եմ։
  • 16Եւ Տէրը նորան ասեց. Ես քեզ հետ կ’լինեմ, եւ դու Մադիամին մէկ մարդի պէս կ’զարկես։
  • 17Եւ նա նորան ասեց. Աղաչում եմ, եթէ ես քո աչքի առաջին շնորհք գտայ, ինձ մի նշան ցոյց տուր, թէ դու ես ինձ հետ խօսողը։
  • 18Աղաչում եմ՝ այս տեղից չ’գնաս, մինչեւ որ ես քեզ մօտ գամ, իմ նուէրը բերեմ եւ քո առաջը դնեմ։ Եւ նա ասեց. Ես կ’մնամ մինչեւ քո ետ դառնալը։
  • 19Եւ Գեդէօնը գնաց, այծերից մի ուլ, եւ մէկ արդու ալիւրից բաղարջ պատրաստեց. Միսը մի սակառի մէջ դրաւ, եւ արգանակն էլ մի կճուճի մէջ ածեց, եւ նորա առաջը հանեց այն բեւեկնիի տակ ու մատուցրեց։
  • 20Եւ Աստուծոյ հրեշտակը նորան ասեց. Միսն ու բաղարջն առ, եւ այս վէմի վերայ դիր, եւ արգանակը թափիր։ Եւ նա այնպէս արաւ։
  • 21Եւ Տիրոջ հրեշտակը իր ձեռքի գաւազանի ծայրը մեկնեց ու մսին եւ բաղարջին դպաւ, եւ վէմիցը կրակ դուրս եկաւ միսն ու բաղարջ այրեց, եւ Տիրոջ հրեշտակը նորա աչքերի առաջիցը գնաց։
  • 22Եւ Գեդէօնը տեսաւ որ նա Տիրոջ հրեշտակն է եւ Գեդէօնն ասեց. Ոհ, Տէր Եհովայ, որ Տիրոջ հրեշտակին երես առ երես տեսայ։
  • 23Բայց Տէրը նորան ասեց. Խաղաղութիւն քեզ, մի վախենար չես մեռնիլ։
  • 24Եւ Գեդէօնն այնտեղ Տիրոջ համար մի սեղան շինեց, եւ նորա անունը Եհովայ-շալօմ կոչեց, որ մինչեւ այս օրը կայ Աբիեզերեանց Եփրայի մէջ։
  • 25Եւ այն գիշերը Տէրը նորան ասեց. Առ քո հօր զուարակը եւ եօթը տարեկան երկրորդ զուարակը, եւ քո հօր ունեցած Բահաղի սեղանը քանդիր, եւ նորա վերայի Աստարովթը կտրիր։
  • 26Եւ քո Տէր Աստուծոյ համար մի սեղան շինիր այս ապառաժ քարի գլխին կարգով, եւ երկրորդ զուարակն առ, եւ քո կտրած Աստարովթի փայտերովը ողջակէզ արա։
  • 27Եւ Գեդէօնն իր ծառաներիցը տասը մարդ առաւ, եւ Տիրոջ իրան ասածին պէս արաւ, եւ իր հօր տանիցը, եւ քաղաքի մարդկանցից վախեցաւ ցերեկը անելու, եւ գիշերն արաւ։
  • 28Եւ երբոր քաղաքի մարդիկն առաւօտը կանուխ վեր կացան, տեսան որ ահա Բահաղի սեղանը քանդուած, եւ նորա վերայի Աստարովթը կտրուած, եւ երկրորդ զուարակը՝ շինուած սեղանի վերայ ողջակէզ եղած էր։
  • 29Եւ իրար ուսեցին. Այս բանն ո՞վ արաւ. Եւ պտրտեցին եւ քննեցին. Եւ ասուեցաւ, թէ Այս բանը Յովասի որդի Գեդէօնն է արել։
  • 30Եւ քաղաքի մարդիկը Յովասին ասեցին. Որդիդ դուրս բեր որ մեռնի, որովհետեւ Բահաղի սեղանը քանդել է եւ նորա վերայի Աստարովթը կտրել է։
  • 31Եւ Յովասն իր վերայ եկող բոլոր մարդկանցն ասեց. Միթէ դո՞ւք էք Բահաղին իրաւունքը պաշտպանելու, կամ թէ դո՞ւք էք նորան ազատելու. Ով որ նորա իրաւունքը պաշտպանէ թող մեռցնուի մինչեւ առաւօտը. Եթէ նա աստուած է՝ թող ինքն իր իրաւունքը պաշտպանէ նորա դէմ, որովհետեւ նորա սեղանը քանդել է։
  • 32Եւ նոյն օրը նորան Յերոբաաղ անուանեց, որովհետեւ ասեց. Թող Բահաղն իր իրաւունքը պաշտպանէ նորա դէմ, որովհետեւ նորա սեղանը քանդել է։
  • 33Եւ բոլոր Մադիանացիները, Ամաղեկացիները եւ արեւելքի բնակիչները մէկտեղ ժողովուեցան, եւ Յորդանանիցն անցնելով Յեզրայէլի հովիտում բանակ տուին։
  • 35Եւ բոլոր Մանասէին պատգամաւորներ ուղարկեց, նա էլ նորա ետեւից ժողովուեցաւ. Եւ Ասերին, Զաբուղոնին եւ Նեփթաղիմին էլ պատգամաւորներ ուղարկեց, եւ նորանք գնացին նորանց դիմաւորելու։
  • 36Եւ Գեդէօնն Աստուծուն ասեց. Եթէ Իսրայէլին իմ ձեռքովն ազատելու ես ինչպէս որ ասել ես,
  • 37Ահա ես կալումը բուրդի գզաթ կ’դնեմ. Եթէ մինակ գզաթի վերայ ցօղ եւ բոլոր գետնի վերայ չորութիւն լինի, այն ժամանակ կ’իմանամ որ Իսրայէլին իմ ձեռքովն ազատելու ես ինչպէս որ ասել ես։
  • 38Եւ այնպէս եղաւ. Որովհետեւ առաւօտը կանուխ վեր կացաւ, եւ գզաթը քամեց, եւ գզաթիցը ցօղը հանեց, որ մի կոնք լիքը ջուր եղաւ։
  • 39Եւ Գեդէօնն ասեց Աստուծուն. Քո բարկութիւնը ինձ վերայ չ’բորբոքուի, եւ մինակ այս անգամ էլ խօսեմ. Միայն այս անգամ էլ գզաթովը փորձեմ. Թող մինակ գզաթի վերայ չորութիւն, եւ բոլոր գետնի վերայ ցօղ լինի։
  • 40Եւ այն գիշերը Աստուած այնպէս արաւ. Մինակ գզաթի վերայ չորութիւն, եւ բոլոր գետնի վերայ ցօղ եղաւ։
← Ցանկ