ԴԱՏԱՎՈՐԱՑ4
  • 1Եւ Իսրայէլի որդիքը շարունակեցին Տիրոջ առաջին չարութիւն անելու, եւ Աւովդը մեռած էր։
  • 2Եւ Տէրը մատնեց նորանց Քանանացիների Յաբին թագաւորի ձեռքը, որ թագաւորում էր Հասորի մէջ, եւ նորա զօրագլուխը Սիսարան էր, եւ բնակվում էր ազգաց Արիսօթի մէջ։
  • 3Եւ Իսրայէլի որդիքը Տիրոջն աղաղակեցին, որովհետեւ նա ինը հարիւր երկաթի կառքեր ունէր, եւ քսան տարի Իսրայէլի որդկանցը սաստիկ նեղեց։
  • 4Եւ Դեբօրա մարգարէուհին՝ Ղաբիդօթի կինը Իսրայէլի մէջ դատաւորութիւն էր անում այն ժամանակը։
  • 5Եւ բնակվում էր Եփրեմի սարի վերայ Ռամայի եւ Բեթէլի մէջտեղը՝ Դեբօրայի արմաւենիի տակ, եւ Իսրայէլի որդիքը վեր էին գնում նորա մօտ դատաստանի համար։
  • 6Եւ նա մարդ ուղարկեց, եւ կանչեց Նեփթաղիմի Կադէսից Աբինոամի որդի Բարակին եւ նորան ասեց. Մի՞թէ Իսրայէլի Տէր Աստուածը չ’հրամայեց թէ. Գնա վեր ելիր Թաբօր սարը, եւ քեզ հետ Նեփթաղիմի որդկանցից եւ Զաբուղոնի որդկանցից տասը հազար մարդ վեր առ.
  • 7Եւ ես կ’բերեմ քո դիմացը Յաբինի զօրագլուխ Սիսարային եւ նորա կառքերը եւ բազմութիւնը Կիսոն հեղեղատի մօտ եւ նորան քո ձեռքը կ’մատնեմ։
  • 9Եւ նա ասեց. Անպատճառ ես քեզ հետ կ’գնամ, սակայն փառքը քոնը չի լինիլ քո գնացած ճանապարհումը, որովհետեւ Տէրը Սիսարային մէկ կնկայ ձեռքը կ’մատնէ։ Եւ Դեբօրան վեր կացաւ Բարակի հետ գնաց Կադէս։
  • 10Եւ Բարակը Զաբուղոնին եւ Նեփթաղիմին ժողովեց Կադէսի մէջ, եւ տասը հազար մարդ վեր կացաւ նորա ետեւիցը. Դեբօրան էլ նորա հետ վեր կացաւ։
  • 11(Եւ Կենեցի Քաբերը բաժանուել էր Մովսէսի աներ Յոբաբի որդիք Կենեցիներիցը եւ իր վրանը կանգնեցրել էր Կադէսի մօտ Սանանիմի կաղնիի մօտ։)
  • 12Եւ Սիսարային իմացրին, որ Աբինոամի որդի Բարակը վեր է ելել Թաբօր սարը։
  • 13Եւ Սիսարան իր բոլոր կառքերը՝ ինը հարիւր երկաթի կառքերը՝ եւ իր հետ եղող բոլոր զօրքը ազգաց Արիսօթից ժողովեց Կիսոն հեղեղատը։
  • 14Եւ Դեբօրան ասեց Բարակին. Վեր կաց, որովհետեւ Տէրն այսօր Սիսարային քո ձեռքը մատնեց. մի՞թէ Տէրը չէ քո առաջ դուրս գալիս։ Եւ Բարակը Թաբօր սարիցը իջաւ. Եւ նորա հետ տասը հազար մարդ կար։
  • 15Եւ Տէրը խորտակեց Սիսարային եւ բոլոր կառքերը եւ բոլոր բանակը Բարակի առաջին սուրի բերանով. Եւ Սիսարան կառքերիցը վայր իջաւ եւ ոտքով փախաւ։
  • 16Եւ Բարակը հալածեց կառքերը եւ բանակը մինչեւ ազգաց Արիսօթը, եւ Սիսարայի բոլոր բանակը սուրի բերանով ընկաւ, եւ մարդ չ’մնաց։
  • 17Եւ Սիսարան ոտքով փախաւ Կենեցի Քաբերի կնկայ Յայէլի վրանը, որովհետեւ Հասորի Յաբին թագաւորի եւ Կենեցի Քաբերի տան մէջտեղ խաղաղութիւն կար։
  • 18Եւ Յայէլը Սիսարային դիմաւորելու դուրս եկաւ եւ նորան ասեց. Տէր իմ, դարձիր, ինձ մօտ դարձիր, մի վախենար։ Եւ նա դէպի վրանը դարձաւ նորա մօտ. Եւ կինը նորան ծածկեց գորգով։
  • 19Եւ նա ասեց այն կնկան. Աղաչում եմ ինձ մի քիչ ջուր տուր խմեմ, որովհետեւ ծարաւ եմ։ Նա էլ կաթի տիկը բացաւ, եւ նորան խմեցրեց. Եւ ծածկեց նորան։
  • 20Եւ նա ասեց այն կնկան. Վրանի դռանը կանգնիր, եւ եթէ մարդ գայ, քեզ հարցնէ եւ ասէ թէ Այս տեղ մարդ կա՞յ. Ասես Չ’կայ։
  • 21Եւ Քաբերի կինը Յայէլը առաւ վրանի մէկ ցից, եւ ուռն էլ բռնեց ձեռքին եւ կամաց գնաց նորա մօտ, եւ ցիցը մխեց նորա ծամելիքին եւ գետնին բեւեռեց եւ նա քնել էր եւ յոգնած էր, եւ մեռաւ։
  • 22Եւ ահա բարակը Սիսարայի ետեւիցն էր ընկել, եւ Յայէլը դուրս եկաւ նորան դիմաւորելու եւ նորան ասեց. Եկ ցոյց տամ քեզ այն մարդը որ դու պտրում ես. Եւ նա այն կնկայ հետ ներս մտաւ, եւ ահա Սիսարան մեռած վայր ընկած էր եւ ցիցը նորա ծամելիքի մէջ էր։
  • 23Եւ Աստուած այն օր Քանանացիների Յաբին թագաւորին կորացրեց Իսրայէլի որդկանց առաջին։
  • 24Եւ Քանանացիների Յաբին թագաւորի դէմ Իսրայէլի որդկանց ձեռքը օրէցօր զօրանում էր մինչեւ որ Քանանացիների Յաբին թագաւորին բնաջինջ արին։
← Ցանկ