ԴԱՏԱՎՈՐԱՑ21
  • 1Եւ Իսրայէլի մարդիկը Մասփայումն երդում էին արել եւ ասել. Թէ Մեզանից ոչ ով իր աղջիկը Բենիամինցիի կին չ’տայ։
  • 2Եւ ժողովուրդը գնաց Բեթէլ եւ այնտեղ Աստուծոյ առաջին մինչեւ իրիկուն նստեցին, եւ իրանց ձայնը բարձրացնելով՝ մեծ լացով լաց եղան,
  • 3Եւ ասեցին. Ով Իսրայէլի Տէր Աստուած, ի՞նչու համար պատահեց այս բանը Իսրայէլի մէջ, որ այսօր Իսրայէլիցը մէկ ցեղ պակաս է։
  • 4Եւ հետեւեալ օրը ժողովուրդը կանուխ վեր կացաւ, եւ այնտեղ սեղան շինեցին, եւ ողջակէզներ եւ խաղաղութեան զոհեր մատուցրին։
  • 5Եւ Իսրայէլի որդիքն ասեցին. Ո՞վ է որ Իսրայէլի ամեն ցեղերիցը վեր չ’գնայ ժողովքի հետ Տիրոջ առաջը. որովհետեւ Տիրոջ առաջը Մասփա վեր չ’գնացող մարդի համար մեծ երդում էին արել, ասելով թէ՝ Նա անպատճառ պիտի մեռնէ։
  • 6Այն ժամանակ Իսրայէլի որդիքն իրանց եղբօր Բենիամինի համար ցաւելով ասեցին. Այսօր Իսրայէլիցը մէկ ցեղ բնաջինջ եղաւ։
  • 7Այս մնացածներին ի՞նչ անենք կնիկների մասին. Որովհետեւ մենք Տիրոջ անունովը երդում արինք որ մեր աղջիկներից նորանց կին չ’տանք։
  • 8Եւ ասեցին. Ո՞վ է որ Իսրայէլի ցեղերիցը վեր չ’գնաց Տիրոջ առաջը Մասփա. Եւ ահա Գաղաադի Յաբիսիցը ոչ մի մարդ չէր եկած բանակը և ժողովքը։
  • 9Եւ ժողովուրդը հանդիսացաւ. Եւ ահա նորանց մէջ Գաղաադի Յաբիսի բնակիչներիցը մարդ չ’գտնուեցաւ։
  • 10Այն ժամանակ ժողովքը շատ զօրաւորներից տասնեւերկու հազար մարդ ուղարկեցին այնտեղ, եւ նորանց պատուիրելով ասեցին. Գնացէք, եւ Գաղաադի Յաբիսի բնակիչներին սուրի բերանով զարկեցէք, կանանցն էլ տղերանցն էլ։
  • 11Եւ այս է ձեր անելիքը. Ամեն արու եւ արուի անկողին գիտացող ամեն կին փչացրէք։
  • 12Եւ Գաղաադի Յաբիսի բնակիչների մէջ չորս հարիւր կոյս աղջիկներ գտան, որոնք արուի հետ պառկած չէին, եւ արու չ’գիտէին, եւ նորանց Քանանի երկրի մէջ Սելովի բանակը բերին։
  • 13Եւ բոլոր ժողովքը մարդ ուղարկելով Ռեմօնի վէմումն եղող Բենիամինի որդկանց հետ խօսեցին եւ նորանց խաղաղութեան հրաւիրեցին։
  • 14Եւ այն ժամանակ Բենիամինեանք ետ դառան. Եւ այն կանայքը տուին նորանց որ ողջ էին թողել Գաղաադի Յաբիսի կանանցից. Բայց նորանց համար բաւական չ’եղան։
  • 15Եւ ժողովուրդը Բենիամինի համար ցաւեց. Որ Տէրը Իսրայէլի ցեղերի մէջ խրամատութիւն արաւ։
  • 16Եւ ժողովքի ծերերն ասեցին. Մնացածներին ի՞նչ անենք կանանց մասին. Որովհետեւ Բենիամինի կանայքը կորան։
  • 17Եւ ասեցին. Ողջ մնացող Բենիամինեանց համար ժառանգութիւն թող մնայ. Որ Իսրայէլիցը մի ցեղ բնաջինջ չ’լինի։
  • 18Եւ մենք մեր աղջկերքից չենք կարող նորանց կին տալ. որովհետեւ Իսրայէլի որդիքը երդում արին ասելով. Բենիամինին կին տուողը անիծեալ լինի։
  • 19Եւ ասեցին. Ահա տարուց տարի Տիրոջ տօնախմբութիւն է լինում Սելովի մէջ, որ Բեթէլի հիւսիսային կողմին, եւ Բեթէլից Սիւքէմ վեր գնացող ճանապարհի արեւելեան կողմին, եւ Ղեբօնայի հարաւային կողմին է։
  • 20Եւ Բենիամինի որդկանցը պատուիրելով՝ ասեցին. Գնացէք, այգիներումը թաք կացէք։
  • 21Եւ երբոր տեսնէք, որ Սելովի աղջկերքը պար բռնած դուրս են գալիս պարելու, այն ժամանակ այգիներիցը դուրս եկէք, եւ ձեր ամեն մէկն իր համար Սելովի աղջկերքիցը կին յափշտակեցէք, եւ Բենիամինի երկիրը գնացէք։
  • 22Եւ եթէ նորանց հայրերը կամ եղբայրները գան մեզ հետ կռուելու, նորանց կ’ասենք թէ Նորանց մեզ շնորհեցէք, որովհետեւ մենք պատերազմումը նորանց ամենի համար կին չ’պահեցինք. Եւ հիմա որ դուք չ’տաք նորանց յանցաւոր կ’լինէք։
  • 23Եւ Բենիամինի որդիքը այնպէս արին, եւ իրանց թիւին չափ պար բռնածներիցը կանայք յափշտակելով՝ առան եւ գնացին ետ դառան իրանց ժառանգութիւնը, եւ քաղաքներ շինեցին եւ նորանց մէջ բնակուեցան։
  • 24Եւ այն ժամանակ Իսրայէլի որդիքն այնտեղից ամեն մարդ իր ցեղի ու իր ազգատոհմի մօտ գնաց. Եւ ամեն մարդ այնտեղից դուրս գնաց դէպի իր ժառանգութիւնը։
  • 25Այն օրերը Իսրայէլի մէջ թագաւոր չ’կար. ամեն մարդ իր աչքին հաճելի եղածն էր անում։
← Ցանկ