ԴԱՏԱՎՈՐԱՑ20
  • 1Այն ժամանակ բոլոր Իսրայէլի որդիքը դուրս եկան, եւ ժողովուեցաւ ժողովքը մէկ մարդի պէս Դանիցը մինչեւ Բերսաբէէ եւ Գաղաադի երկիրը՝ Մասփայի մէջ Տիրոջ առաջին։
  • 2Եւ ներկայացան բոլոր ժողովրդի՝ Իսրայէլի բոլոր ցեղերի գլխաւոր մարդիկը՝ չորս հարիւր հազար սուր քաշող հետեւակ զօրք Աստուծոյ ժողովրդի ժողովքի մէջ։
  • 3Եւ Բենիամինի որդիքը լսեցին, որ Իսրայէլի որդիքը վեր են գնացել Մասփա։ Եւ Իսրայէլի որդիքն ասեցին. Պատմեցէք թէ այս չարութիւնն ի՞նչպէս եղաւ։
  • 4Եւ այն Ղեւտացի մարդը՝ այն մեռցրուած կնկայ մարդը պատասխանեց եւ ասեց. Ես ու իմ հարճը եկանք Բենիամինի Գաբաան, որ գիշերը մնանք։
  • 5Եւ Գաբաայի բնակիչները ինձ դէմ վեր կացան, եւ գիշերով պաշարեցին տունը ինձ դէմ, եւ ինձ ուզում էին սպանել, եւ իմ հարճին լլկեցին, եւ նա մեռաւ։
  • 6Ես էլ իմ հարճն առայ եւ նորան կոտորեցի, եւ Իսրայէլի ժառանգութեանը բոլոր երկրին ուղարկեցի. Որովհետեւ նորանք Իսրայէլի մէջ մեծ յանցանք եւ անզգամութիւն արին։
  • 7Ահա դուք ամենքդ Իսրայէլի որդիք էք, ձեր մէջ խօսեցէք եւ խորհուրդ արէք այստեղ։
  • 8Եւ բոլոր ժողովուրդը մէկ մարդի պէս վեր կացաւ, եւ ասեց. Մեզանից ոչ մէկն իր վրանը չ’գնայ, եւ ոչ մէկն իր տունը չ’դառնայ։
  • 9Եւ հիմա այս բանն անենք Գաբաային. նորա վերայ գնանք վիճակով.
  • 11Եւ այն քաղաքի վերայ ժողովուեցան Իսրայէլի բոլոր մարդիկը մէկ մարդի պէս միաբանութեամբ։
  • 12Եւ Իսրայէլի ցեղերը Բենիամինի բոլոր ցեղին մարդիկ ուղարկեցին եւ ասեցին. Այս ի՞նչ չարութիւն է որ ձեր մէջ եղաւ։
  • 13Եւ հիմա Գաբաայի մէջ եղող այն չար զաւակ մարդիկը տուէք, որ նորանց մեռցնենք, եւ չարութիւնը Իսրայէլիցը վեր առնենք։ Բայց Բենիամինեանք չ’ուզեցին լսել իրանց եղբարց՝ Իսրայէլի որդկանց խօսքին։
  • 14Եւ Բենիամինի որդիքը ժողովուեցան իրանց քաղաքներիցը Գաբաայի մէջ որ Իսրայէլի որդկանց դէմ պատերազմ անեն։
  • 15Եւ այն օրն իրանց քաղաքներիցն եկող Բենիամինի որդիքը համարուեցան քսանեւվեց հազար սուր քաշող մարդ բացի Գաբաայի բնակիչներից՝ որոնք եօթը հարիւր ընտիր մարդիկ համարուեցան։
  • 16Այս բոլոր ժողովրդի մէջ եօթը հարիւր ընտրուած ձախաձեռն մարդիկ կային, որոնց ամենն էլ պարսատիկով մազի վերայ քար էին գցում առանց սխալուելու։
  • 17Եւ Իսրայէլի մարդիկն էլ համարուեցան՝ բացի Բենիամինից չորս հարիւր հազար սուր քաշող մարդ, սորանք ամենն էլ պատերազմող մարդիկ էին։
  • 18Եւ վեր կացան գնացին՝ Բեթէլ. Եւ Իսրայէլի որդիքը Աստուծուն հարցրին եւ ասեցին. Բենիամինի հետ պատերազմելու համար ո՞վ լինի մեզ առաջնորդ. Եւ Տէրն ասեց. Յուդան լինի առաջնորդ։
  • 19Եւ Իսրայէլի որդիքը առաւօտը վեր կացան եւ Գաբաայի դէմ բանակ տուին։
  • 20Եւ Իսրայէլացիք դուրս եկան Բենիամինի հետ պատերազմ անելու, եւ Իսրայէլացիք Գաբաայի մօտ նորանց դէմ շարուեցան պատերազմի համար։
  • 21Եւ Բենիամինի որդիքը դուրս եկան Գաբաայիցը եւ այն օրը Իսրայէլիցը քսանեւերկու հազար մարդ խորտակեցին գետինը։
  • 22Եւ ժողովուրդը՝ այսինքն Իսրայէլացիք ուժովացան, եւ միւս անգամ գնացին շարուեցան նոյն տեղը պատերազմելու համար, ուր որ առաջին օրը շարուել էին։
  • 23Եւ Իսրայէլի որդիքը վեր գնացին, եւ Տիրոջ առաջին մինչեւ իրիկուն լաց եղան, եւ Տիրոջը հարցրին ասելով, Մեր եղբօրը՝ Բենիամինի հետ պատերազմելու համար միւսանգամ վեր գնա՞նք։ Եւ Տէրն ասեց. Նորա դէմ վեր գնացէք։
  • 24Եւ երկրորդ օրը Իսրայէլի որդիքը Բենիամինի որդկանց մօտեցան։
  • 25Եւ երկրորդ օրը Բենիամինեանք Գաբաայիցը նորանց դէմ դուրս եկան, եւ Իսրայէլի որդկանցից կրկին տասնեւութը հազար մարդ խորտակեցին գետինը. Սորանց ամենն էլ սուր քաշող մարդիկ էին։
  • 26Այն ժամանակ բոլոր Իսրայէլի որդիքը՝ այսինքն բոլոր ժողովուրդը վեր գնացին Բեթէլ, եւ այնտեղ Տիրոջ առաջին նստեցին լաց եղան, եւ այն օրը մինչեւ իրիկուն ծոմ պահեցին, եւ Տիրոջ առաջին ողջակէզներ եւ խաղաղութեան զոհեր մատուցրին։
  • 27Եւ Իսրայէլի որդիքը Տիրոջ հարցրին. (եւ այն օրերը Աստուծոյ ուխտի տապանակն այնտեղ էր.
  • 28Եւ այն օրերը նորա առաջին Ահարօնեան Եղիազարի որդի Փենէհէսն էր կանգնում.) եւ ասեցին. Մեր եղբօր Բենիամինի որդկանց հետ պատերազմելու համար միւս անգամ էլ վեր գնա՞նք, թէ դադարենք։ Եւ Տէրն ասեց. Վեր գնացէք, որովհետեւ էգուց ձեր ձեռքը պիտի մատնեմ նորանց։
  • 29Եւ Իսրայէլացիք Գաբաայի շրջակայքումը դարանակալներ դրին։
  • 30Եւ Իսրայէլի որդիքը երրորդ օրը Բենիամինի որդկանց վերայ գնացին, եւ միւս անգամների պէս Գաբաայի դէմ շարուեցան։
  • 31Այն ժամանակ Բենիամինի որդիքը ժողովրդին դիմաւորեցին, եւ քաղաքիցը բաժանուեցան եւ առաջին անգամների պէս սկսեցին ժողովուրդը զարկել, եւ երեսունի չափ Իսրայէլացի մեռցրին այն ճանապարհների մէջ՝ որոնց մէկը Բեթէլ է գնում եւ միւսը դաշտի Գաբաան։
  • 32Եւ Բենիամինի որդիքն ասեցին. Ահա նորանք մեր առաջն առաջի անգամների պէս կոտորվում են։ Եւ Իսրայէլի որդիքն ասեցին. Փախչենք եւ նորանց քաղաքիցը դուրս հանենք ճանապարհները։
  • 33Եւ Իսրայէլի բոլոր մարդիկն իրանց տեղիցը վեր կացան, եւ Բաալթամարի առաջին շարուեցան։ Եւ Իսրայէլի դարանակալները յանկարծ իրանց տեղիցը՝ Գաբաայի դաշտիցը դուրս եկան։
  • 34Եւ եկան Գաբաայի առաջը բոլոր Իսրայէլիցը տասը հազար ընտրուած մարդ, եւ պատերազմը սաստկացաւ. Եւ նորանք չ’գիտէին որ իրանց վերայ չարիք է հասել։
  • 35Եւ Տէրը Իսրայէլի առաջին Բենիամինին զարկեց, եւ այն օրը Իսրայէլի որդիքը Բենիամինից քսանեւհինգ հազար հարիւր մարդ փչացրին. Նորանց ամենն էլ սուր քաշող էին։
  • 36Եւ Բենիամինի որդիքը տեսան որ իրանք յաղթուեցան, որովհետեւ Իսրայէլացիները Գաբաայի շրջակայքումը դրած դարանակալներին ապաւինելով՝ Բենիամինեանց տեղ տուին։
  • 37Եւ դարանակալները շուտով Գաբաայի վերայ յարձակուեցան, եւ դարանակալները տարածուեցան, եւ բոլոր քաղաքը սուրի բերանով զարկեցին։
  • 38Եւ Իսրայէլացիները դարանակալների հետ ժամանակ էին որոշել, որ քաղաքիցը մեծ կրակով ծուխ հանեն։
  • 39Այն ժամանակ Իսրայէլի մարդիկը պատերազմի մէջ փախուստ ցոյց տուին. Եւ Բենիամինեանք սկսեցին Իսրայէլացիներին զարկել, եւ երեսուն մարդի չափ մեռցրին. Որովհետեւ ասեցին թէ Անտարակոյս նորանք մեր առաջում առաջին պատերազմի պէս կոտորվում են։
  • 40Բայց երբոր քաղաքիցը կրակի ծուխը սկսեց սիւնի պէս բարձրանալ, Բենիամինեանք ետ դառան, եւ ահա քաղաքի հրդեհը երկինքն էր բարձրանում։
  • 41Եւ երբոր Իսրայէլացիները ետ դառան, Բենիամինեանք շուարեցան մնացին, որովհետեւ տեսան որ չարիքը իրանց վերայ հասել էր։
  • 42Եւ նորանք Իսրայէլացիների առաջից դէպի անապատի ճանապարհը դարձան, բայց պատերազմը հասաւ նորանց. Եւ քաղաքներիցը դուրս եկողները նորանց իրանց մէջ մեռցրին։
  • 43Այսպէս Բենիամինեաններին պաշարեցին, նորանց հալածեցին, եւ նորանց դիւրութեամբ մինչեւ Գաբաայի դէմ արեւելեան կողմից զարկեցին։
  • 44Եւ Բենիամինիցը տասնեւութը հազար մարդ ընկաւ. Նորանց ամենն էլ զօրաւոր մարդիկ էին։
  • 45Եւ մնացածները դարձան դէպի անապատը եւ դէպի Ռեմօնի վէմը փախան. Նորանցից ճանապարհներումը հինգ հազար մարդ ճռաքաղ արին. Եւ նորանց մինչեւ Գեդոմ հալածելով՝ նորանցից երկու հազար մարդ զարկեցին։
  • 46Եւ Բենիամինիցն այն օրը բոլոր ընկածները քսանեւհինգ հազար սուր քաշող մարդ էր. Նորանց ամենն էլ զօրաւոր մարդիկ էին։
  • 47Եւ վեց հարիւր մարդ դարձան եւ դէպի անապատը Ռեմօնի վէմը փախան, եւ Ռեմօնի վէմումը չորս ամիս կացան։
  • 48Եւ Իսրայէլացիները դէպի Բենիամինի որդիները դառնալով՝ նորանց սուրի բերանով զարկեցին, քաղաքների միջի մարդկանցից մինչեւ անասունները, եւ ինչ որ գտնուեցաւ, եւ բոլոր գտնուած քաղաքներն էլ կրակով այրեցին։
← Ցանկ