ԴԱՏԱՎՈՐԱՑ2
  • 1Եւ Տիրոջ հրեշտակը Գաղգաղայիցը Բոքիմ ելաւ եւ ասեց. Ձեզ Եգիպտոսիցը հանեցի, եւ ձեզ այն երկիրը բերի, որի համար ձեր հայրերին երդում էի արել. Եւ ասեցի Ձեզ հետ արած ուխտս յաւիտեան չեմ դրժիլ։
  • 2Իսկ դուք այս երկրի բնակիչների հետ դաշնակցութիւն մի անէք, նորանց սեղանները քանդեցէք. բայց դուք իմ ձայնին հնազանդութիւն չ’արիք. Դուք այդ ի՞նչ էք արել։
  • 3Ես էլ ասեցի. Նորանց ձեր առաջիցը չեմ քշիլ, եւ նորանք ձեզ համար թշնամի, եւ նորանց աստուածներն էլ ձեզ համար որոգայթ կ’լինեն։
  • 4Եւ երբոր Տիրոջ հրեշտակը բոլոր Իսրայէլի որդկանց հետ այս խօսքերը խօսեց, ժողովուրդը ձայնը բարձրացնելով լաց եղաւ։
  • 5Եւ այնտեղի անունը Բոքիմ կոչեցին. Եւ այնտեղ Տիրոջը զոհ մատուցրին։
  • 6Եւ երբոր Յեսուն արձակեց ժողովրդին, Իսրայէլի որդիքը ամեն մէկն իր կալուածքը գնաց երկիրը ժառանգելու համար։
  • 7Եւ ժողովուրդը Տիրոջը պաշտեց Յեսուի բոլոր օրերումը եւ Յեսուից յետոյ ողջ մնացող՝ եւ Իսրայէլի համար Տիրոջ արած ամեն մեծ գործքերը տեսնող ծերերի բոլոր օրերումը։
  • 8Եւ Տիրոջ ծառայ Նաւեան Յեսուն մեռաւ հարիւրեւտասը տարեկան,
  • 9Եւ նորան թաղեցին իր ժառանգութեան սահմանումը Գաաս սարի հիւսիսային կողմին Եփրեմի սարի Թամնաթ-հարեսումը։
  • 10Եւ այն դարի բոլոր մարդիկն իրանց հայրերի մօտ ժողովուեցան, եւ նորանցից յետոյ մէկ ուրիշ ազգ վեր կացաւ, որ չէր ճանաչում ոչ Տիրոջը եւ ոչ այն գործերը, որ նա արել էր Իսրայէլի համար։
  • 11Եւ Իսրայէլի որդիքը Տիրոջ առաջին չարութիւն արին եւ Բահաղիմը պաշտեցին.
  • 12Եւ թողեցին իրանց հայրերի Տէր Աստուծուն որ Եգիպտոսի երկրիցը հանել էր նորանց, եւ հետեւեցին օտար աստուածներին, այսինքն իրանց շուրջը եղող ազգերի մի քանի աստուածներին, եւ նորանց երկրպագութիւն արին եւ բարկացրին Տիրոջը։
  • 13Եւ Տիրոջը թողեցին եւ պաշտեցին Բահաղը եւ Աստարովթը։
  • 14Եւ Տիրոջ բարկութիւնը Իսրայէլի վերայ բորբոքուեց, եւ նա կողոպտիչների ձեռքը մատնեց նորանց, եւ նորանք կողոպտեցին նորանց. Եւ շրջակայ թշնամիներին ծախեց, եւ այլ եւս չէին կարողանում իրանց թշնամիների առաջին կանգնել։
  • 15Ուր որ էլ գնում էին՝ Տիրոջ ձեռքը նորանց վերայ էր չարիքի համար, ինչպէս որ Տէրը ասել էր, եւ ինչպէս որ նորանց երդում էր արել. Եւ նորանք շատ նեղութեան մէջ էին։
  • 16Եւ Տէրը դատաւորներ վերկացրեց, որոնք ազատեցին նորանց կողոպտիչների ձեռքից։
  • 17Սակայն նորանք իրանց դատաւորներին էլ չ’լսեցին, եւ օտար աստուածների հետեւելով պոռնկութիւն արին, եւ նորանց երկրպագեցին. Շուտով խոտորուեցան այն ճանապարհիցը, որ իրանց հայրերը Տիրոջը լսելու համար գնում էին. Նորանց պէս չ’արին։
  • 18Եւ երբոր Տէրը նորանց համար դատաւորներ էր կանգնեցնում, Տէրը այն դատաւորի հետն էր լինում եւ այն դատաւորի բոլոր օրերումն իրանց ձեռքիցն ազատում էր նորանց, որովհետեւ Տէրը զղջում էր նորանց նեղութիւն տուողների եւ չարչարողների երեսից նորանց հեծութիւնների համար։
  • 19Եւ երբոր այն դատաւորը մեռնում էր, նորանք դարձեալ իրանց հայրերից աւելի էին անօրինանում օտար աստուածների հետեւելով եւ նորանց պաշտելով եւ նորանց երկրպագութիւն անելով. Իրանց գործքերիցն ու իրանց խստապարանոց գնացքիցը ետ չէին դառնում։
  • 20Եւ Տիրոջ բարկութիւնը Իսրայէլի վերայ բորբոքուելով ասեց. Որովհետեւ այս ազգը զանց է անում այն ուխտը, որ իրանց հայրերին պատուիրեցի, եւ իմ ձայնին չէ լսում,
  • 21Ես էլ այսուհետեւ նորանց առաջիցը ոչ մէկին չեմ հալածիլ այն ազգերիցը, որոնց որ Յեսուն մեռնելիս թողեց,
  • 22Որպէս զի նորանցով Իսրայէլին փորձեմ, թէ արդեօք իրանց հայրերի պէս կ’զգուշանան Տիրոջ ճանապարհը գնալու, թէ ոչ։
  • 23Եւ Տէրն այս ազգերին թող տուաւ, եւ շուտով չ’հալածեց եւ նորանց Յեսուի ձեռքը չ’մատնեց։
← Ցանկ