ԴԱՏԱՎՈՐԱՑ19
  • 1Եւ եղաւ որ (այն օրերը որ Իսրայէլի մէջ թագաւոր չ’կար.) Եփրեմի սարի կողմերին մէկ պանդուխտ Ղեւտացի էր բնակվում, եւ նա Յուդայի Բեթլեհէմիցը մէկ հարճ առաւ իր համար։
  • 2Եւ նորա հարճը նորա դէմ շնութիւն արաւ եւ գնաց նորա մօտիցն իր հօր տունը՝ Յուդայի Բեթլեհէմը, եւ չորս ամսի չափ այնտեղ մնաց։
  • 3Եւ նորա մարդը վեր կացաւ գնաց նորա ետեւիցը, որ քաղցրութեամբ խօսէ նորա հետ եւ նորան ետ բերէ. Եւ իր հետ էին իր ծառան եւ երկու մարդ էլ. Եւ նա նորան տարաւ իր հօր տունը. Եւ աղջկան հայրը երբոր նորան տեսաւ՝ ուրախութեամբ նորան դիմաւորեց։
  • 4Եւ աղջկան հայրը՝ նորա աները նորան պահեց, եւ նա երեք օր նորա մօտ մնաց. Կերան խմեցին եւ գիշերները այնտեղ մնացին։
  • 5Եւ չորրորդ օրը երբոր առաւօտը կանուխ վեր կացան, նա վեր կացաւ որ գնայ. Բայց աղջկան հայրն իր փեսային ասեց. Սիրտդ մի կտոր հացով պնդացրու, եւ յետոյ կ’գնաք։
  • 6Եւ նստեցին եւ երկուսը մէկտեղ կերան եւ խմեցին, եւ աղջկան հայրն այն մարդին ասեց. Աղաչում եմ՝ այս գիշեր էլ այստեղ կաց, որ սիրտդ զուարճանայ։
  • 7Եւ այն մարդը վեր կացաւ որ գնայ, բայց նորա աները նորան բռնադատեց, եւ նա ետ դառաւ գիշերը այնտեղ մնաց։
  • 8Եւ հինգերորդ օրը առաւօտը կանուխ վեր կացաւ որ գնայ, եւ աղջկան հայրն ասեց. Աղաչում եմ՝ սիրտդ պնդացրու. Եւ ուշացան մինչեւ օրուայ թեքուիլը, եւ երկուսը կերան միասին։
  • 9Եւ այն մարդը վեր կացաւ ինքը, իր հարճը եւ իր ծառան՝ որ գնան. Բայց նորա աները՝ աղջկան հայրն ասեց նորան. Ահա օրն իրիկուն է լինում. Աղաչում եմ՝ գիշերը մնացէք. Ահա օրը անցել է, գիշերը այստեղ մնա, եւ սիրտդ զուարճանայ, եւ էգուց կանուխ ճանապարհ ընկէք, եւ գնա քո վրանը։
  • 10Եւ այն մարդը գիշերը մնալ չ’ուզեց, եւ վեր կացաւ գնաց, եւ եկաւ մինչեւ Յեբուսի՝ այսինքն Երուսաղէմի դիմացը. Եւ իր հետ երկու համետած էշ ունէր, եւ իր հարճն էլ իր հետն էր։
  • 11Եւ երբոր Յեբուսին մօտեցան, օրը շատ անցել էր, ծառան իր տիրոջն ասեց. Եկ ճանապարհը ծռենք այս Յեբուսացիների քաղաքը գնանք, եւ գիշերը այնտեղ մնանք։
  • 12Բայց տէրը նորան ասեց. Ճանապարհը չ’ծռենք դէպի օտարազգիների քաղաքը, որ Իսրայէլի որդկանցը չէ, այլ անցնենք մինչեւ Գաբաա։
  • 13Եւ իր ծառային ասեց. Եկ այնտեղերի մէկին մօտենանք, եւ գիշերը Գաբաայի կամ Ռամայի մէջ մնանք.
  • 14Եւ անցան գնացին, եւ երբոր Բենիամինի Գաբաային մօտեցան, արեգակը մայր մտաւ։
  • 15Եւ այնտեղ դարձան որ մտնեն Գաբաա եւ իջեւանեն, եւ գնաց քաղաքի հրապարակի մէջ նստեց, եւ մի մարդ չ’եղաւ որ նորանց իր տունը առնէր՝ իջեւանելու համար։
  • 16Եւ ահա իրիկունը արտիցը մէկ ծեր մարդ էր գալիս իր գործիցը. Եւ նա Եփրեմի սարիցն էր, եւ Գաբաայի մէջ պանդուխտ էր. Իսկ այնտեղի բնակիչները Բենիամինեանք էին։
  • 17Եւ երբոր նա աչքերը բարձրացրեց եւ տեսաւ ճանապարհորդ մարդին քաղաքի հրապարակումը՝ ծեր մարդն ասեց. Ո՞ւր ես գնում, եւ ո՞րտեղից ես գալիս։
  • 18Մենք Յուդայի Բեթլեհէմիցը մինչեւ Եփրեմի սարի կողմերն ենք անցնում. Ես այնտեղացի եմ, եւ մինչեւ Յուդայի Բեթլեհէմը գնացի, եւ Տիրոջ տունն եմ գնում. Եւ ինձ իր տունը ընդունող մարդ չ’կայ.
  • 19Բայց մեր էշերի համար յարդ եւ ճարակ կայ. Եւ ինձ համար, քո աղախնի համար եւ քո ծառաների հետ եղող պատանիի համար հաց ու գինի ունեմ, ոչ մէկ բան պակաս չէ։
  • 20Եւ այն ծեր մարդն ասեց. Խաղաղութիւն քեզ. Քո ամեն պակասութիւնն ինձ վերայ. Բայց գիշերը հրապարակումը մի մնար։
  • 21Եւ նորան տարաւ իր տունը, եւ էշերին կեր տուաւ. Եւ նորանք իրանց ոտքերը լուանալուց յետոյ կերան եւ խմեցին։
  • 22Եւ երբոր նորանց սիրտը զուարճանում էր, ահա քաղաքի բնակիչներից չար զաւակներ տունը պաշարեցին՝ դռան վերայ յարձակուելով, եւ այն տան տէր ծեր մարդի հետ խօսեցին եւ ասեցին. տունդ եկող մարդին հանիր, որ նորան գիտենանք։
  • 23Եւ այն տան տէր մարդը նորանց մօտ դուրս գնաց, եւ նորանց ասեց. Ոչ, եղբայրներս, աղաչում եմ, չարութիւն մի անիք. Այս մարդն իմ տունը մտնելուց յետոյ այս անզգամութիւնը մի անիք։
  • 24Ահա իմ կոյս աղջկանը, եւ այն մարդի հարճին թող դուրս բերեմ ձեզ մօտ, եւ նորանց լլկեցէք, եւ ձեր ուզածն արէք նորանց, բայց այս մարդին այդ անզգամ գործը մի անիք։
  • 25Բայց այն մարդիկը չ’ուզեցին նորա խօսքին լսել, եւ այն մարդն իր հարճին բռնեց դուրս հանեց նորանց մօտ, եւ նորանք նորան գիտեցան, եւ բոլոր գիշերը նորան լլկեցին մինչեւ առաւօտ, եւ երբոր արշալոյսը ծագեց, նորան թող տուին որ գնայ։
  • 26Եւ այն կինը առաւօտուայ դէմ գնաց եւ ընկաւ մինչեւ լոյսը այն մարդի տան դռան առաջն ուր որ իր տէրն էր։
  • 27Եւ նորա տէրը առաւօտը վեր կացաւ, տան դռները բացաւ, որ դուրս գայ գնայ իր ճանապարհը. Եւ ահա կնիկը՝ իր հարճը, տան դռան առաջին ընկած էր, եւ ձեռքերը սեմի վերայ էր։
  • 28Եւ նորան ասեց. Վեր կաց գնանք. Բայց պատասխան տուող չ’կար։ Այն ժամանակ նա նորան իր էշի վերայ դրաւ եւ մարդը վեր կացաւ իր տեղը գնաց։
  • 29Եւ երբոր իր տունը հասաւ մի դանակ առաւ, եւ իր հարճը բռնեց եւ կոտորեց նորան ոսկորներովը տասնեւերկու կտոր, եւ Իսրայէլի ամեն սահմաններն ուղարկեց։
  • 30Եւ ամեն տեսնողներն ասում էին. Թէ այսպիսի բան ոչ եղել է, ոչ էլ տեսնուել է Իսրայէլի որդկանց Եգիպտոսի երկրից ելած օրիցը մինչեւ այս օրը, սորա վերայ մտածեցէք, խորհուրդ արէք եւ խօսեցէք։
← Ցանկ