ԴԱՏԱՎՈՐԱՑ17
- 1Եւ Եփրեմի սարիցը մի մարդ կար Միքա անունով.
- 2Եւ նա իր մօրն ասեց. Այն հազար հարիւր արծաթը՝ որ քեզանից վեր է առնուել, որի համար անէծք տուիր եւ իմ ականջին ասեցիր, ահա այն արծաթը ինձ մօտ է, այն ես եմ առել. Եւ մայրը նորան ասեց. Իմ որդեակն օրհնեալ լինի Տէրիցը։
- 3Եւ նա հազար հարիւր կտոր արծաթը ետ դարձրեց իր մօրը. Բայց նորա մայրն ասեց. Ես այն արծաթն իմ ձեռքիցը Տիրոջը նուիրեցի իմ որդիի համար, նորանով քանդակած եւ թափծու կուռք շինելու համար. Եւ հիմա ես այն քեզ եմ դարձնում։
- 4Իսկ նա այն արծաթը իր մօրը դարձրեց. Եւ մայրը երկու հարիւր արծաթ առաւ. Եւ ոսկերչին տուաւ նորանց. Նա էլ նորանցից քանդակած եւ թափծու կուռք շինեց, եւ Միքայի տանն էին լինում։
- 5Եւ այդ Միքա մարդը մի աստուածների տուն ունեցաւ, եւ եփուդ եւ թերափիմ շինեց, եւ իր տղերանց մէկին օրհնեց եւ իր համար քահանայ եղաւ։
- 6Այն օրերն Իսրայէլի մէջ թագաւոր չ’կար. ամեն մարդ իր աչքերի հաճելի եղածն անում էր։
- 7Եւ Յուդայի ազգատոհմից՝ Յուդայի Բեթլեհէմիցը մի պատանի կար, եւ նա Ղեւտացի էր, եւ այնտեղ էր բնակվում պանդուխտի պէս։
- 8Եւ այս մարդը Յուդայի Բեթլեհէմ քաղաքիցը դուրս եկաւ որ պանդխտութիւն անէ, ուր որ գտնէ, եւ ճանապարհորդութիւն անելով եկաւ մինչեւ Եփրեմի սարը մինչեւ Միքայի տունը։
- 9Եւ Միքան նորան ասեց. Որտեղի՞ց ես գալիս։ Եւ նա նորան ասեց. Ես Ղեւտացի եմ Յուդայի Բեթլեհէմիցը, եւ գնում եմ պանդխտանալու ուր որ գտնեմ։
- 10Եւ Միքան նորան ասեց. Ինձ հետ բնակուիր, եւ ինձ համար հայր եւ քահանայ եղիր. Եւ ես քեզ տարուց տարի տասը արծաթ եւ հագնելու հանդերձ եւ քո ուտելիքը կ’տամ։
- 11Ղեւտացին էլ գնաց։ Եւ Ղեւտացին հաւանեց որ այն մարդի հետ բնակուի. Եւ այս պատանին նորա որդկանց մէկին պէս եղաւ նորա համար։
- 12Եւ Միքան Ղեւտացիի ձեռքը լցրեց, եւ պատանին նորա քահանան եղաւ, եւ Միքայի տանն էր բնակվում։
- 13Եւ Միքան ասեց. Հիմա գիտեմ որ Տէրն ինձ բարիք է անելու, որովհետեւ այս Ղեւտացին իմ քահանան դառաւ։