ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ4
- 1Եւ սորանից յետոյ տեսայ, եւ ահա մի բացուած դուռ երկնքումը, եւ այն առաջին ձայնը, որ լսեցի փողի պէս որ խօսում էր ինձ հետ, ասեց. Վեր ելիր այստեղ, եւ ես ցոյց տամ քեզ ինչ որ լինելու է սորանից յետոյ։
- 2Եւ ես շուտով Հոգում եղայ. Եւ ահա մի աթոռ կար երկնքումը. Եւ աթոռի վերայ մէկը նստած։
- 3Եւ նստողը յասպիս եւ սարդիոն քարի երեւոյթի նման էր.
- 4Եւ աթոռի չորս կողմովը ծիածան կար զմրուխտի երեւոյթի նման. Եւ աթոռի չորս կողմովը քսանեւչորս աթոռներ, եւ այն աթոռների վերայ քսանեւչորս երէցներ նստած՝ սպիտակ հանդերձներ հագած, եւ իրանց գլուխներին ոսկի պսակներ։
- 5Եւ աթոռիցը փայլատակներ եւ որոտմունք եւ ձայներ էին դուրս գալիս. Եւ եօթը ղամբարներ՝ կրակով բորբոքուած աթոռի առաջին, որոնք Աստուծոյ եօթը հոգիներն են։
- 6Եւ աթոռի առաջին ապակեայ ծով կար ակնվանու նման, եւ աթոռի մէջ եւ աթոռի չորս կողմովը չորս կենդանիք՝ առաջից եւ ետեւից լիքն աչքերով։
- 7Եւ առաջին կենդանին առիւծի նման էր, եւ երկրորդ կենդանին՝ զուարակի նման, եւ երրորդ կենդանին մարդի նման երես ունէր, եւ չորրորդ կենդանին թռչող արծուի նման։
- 8Եւ չորս կենդանիների իւրաքանչիւրը վեց թեւ ունէին, իրանց չորս կողմովը եւ ներսեւանց լիքն էին աչքերով. Եւ հանգստութիւն չ’ունէին ցերեկ եւ գիշեր ասելով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր Աստուած ամենակարող, որ էր, եւ որ է, եւ որ գալու է։
- 9Եւ երբոր այն կենդանիները փառք, եւ պատիւ, եւ գոհութիւն են տալիս աթոռի վերայ նստողին որ կենդանի է յաւիտեանս յաւիտենից,
- 10Քսանեւչորս երէցները ընկնում են աթոռի վերայ նստողի առաջին, եւ երկրպագում նորան, որ կենդանի է յաւիտեանս յաւիտենից եւ իրանց պսակները գցում են աթոռի առաջին եւ ասում.
- 11Արժանի ես, Տէր, որ առնես փառքը, եւ պատիւը, եւ զօրութիւնը. որ դու ստեղծեցիր ամեն բաները եւ քո կամենալովը կան եւ ստեղծուեցան։