ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ22
  • 1Եւ ցոյց տուաւ ինձ մի մաքուր գետ, կենդանի ջրի ակնվանու նման փայլուն, որ դուրս էր գալիս Աստուծոյ եւ Գառի աթոռից։
  • 3Եւ այլ եւս նզովք բնաւ չի լինիլ. եւ Աստուծոյ եւ Գառի աթոռը նորանում կ’լինի. եւ նորա ծառաները կ’պաշտեն նորան։
  • 4Եւ նորա երեսը կ’տեսնեն, եւ նորա անունը նորանց ճակատների վերայ։
  • 5Եւ գիշեր չի լինիլ այնտեղ, եւ ճրագի եւ արեգակի լոյս պէտք չէր նորանց. որովհետեւ Տէր Աստուածը լուսաւորում է նորանց, եւ կ’թագաւորեն յաւիտեանս յաւիտենից։
  • 6Եւ ասեց ինձ. Այս խօսքերը հաւատարիմ եւ ճշմարիտ են. Եւ Տէրը՝ սուրբ մարգարէից Աստուածն իր հրեշտակն ուղարկեց որ իր ծառաներին ցոյց տայ այն որ շուտով պիտի լինի։
  • 7Ահա շուտով գալիս եմ. երանի նորան որ այս գրքի մարգարէութեան խօսքերը պահում է։
  • 8Եւ ես Յովհաննէսս՝ այս բաները լսող եւ տեսնողս, երբոր լսեցի եւ տեսայ, ընկայ որ երկրպագեմ այն հրեշտակի ոտների առաջին, որ այս բաները ցոյց էր տալիս ինձ։
  • 9Եւ նա ինձ ասեց. Զգուշացիր. Մի անիր. Որովհետեւ ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայր մարգարէների եւ այս գրքի մարգարէութեան խօսքերը պահողների. Աստուծուն երկրպագիր։
  • 10Եւ ասեց ինձ. Մի կնքիր այս գրքի մարգարէութեան խօսքերը. որովհետեւ ժամանակը մօտ է։
  • 11Անիրաւութիւն գործողը թող էլ անիրաւանայ, եւ կեղտոտը թող էլ կեղտոտուի, եւ արդարը թող էլ արդարանայ, եւ սուրբը թող էլ սրբուի։
  • 12Եւ ահա շուտով գալիս եմ եւ իմ վարձքն ինձ հետ, որ ամեն մէկին կ’հատուցանեմ ինչպէս իր գործը կ’լինի։
  • 13Ես եմ Ալֆան եւ Օմեղան. Սկիզբը եւ վերջը, առաջինը եւ վերջինը։
  • 14Երանելի են նորա պատուիրանքները պահողները. որ նորանցը կ’լինի իշխանութիւնը կեանքի ծառի վերայ, եւ քաղաքի դռնովը ներս կ’մտնեն։
  • 15Բայց դուրսն են շները եւ կախարդները եւ պոռնիկները եւ սպանողները եւ կռապաշտները. Եւ ամեն ստութիւն սիրողն ու գործողը։
  • 16Ես Յիսուսս իմ հրեշտակն ուղարկեցի, որ վկայէ ձեզ այս բաները եկեղեցիների մասին. ես եմ Դաւիթի արմատը եւ սերունդը եւ առաւօտեան պայծառ աստղը։
  • 17Եւ Հոգին եւ հարսն ասում են. Եկ. Եւ լսողն ասէ, Եկ. եւ նա որ ծարաւ է՝ թող գայ, եւ նա որ կամենում է՝ թող առնէ կեանքի ջուրը ձրի։
  • 18Որովհետեւ ես վկայում եմ ամենին որ լսում է այս գրքի մարգարէութեան խօսքերը. եթէ մէկը բան աւելացնէ սորանց վերայ, Աստուած կ’աւելացնէ նորա վերայ այն պատուհասները որ այս գրքումը գրուած են։
  • 19Եւ եթէ մէկն այս գրքի մարգարէութեան խօսքերիցը բան պակասեցնէ, Աստուած կ’պակասեցնէ նորա բաժինը կեանքի գրքիցը, եւ սուրբ քաղաքիցը, եւ այս գրքում գրուածներիցը։
  • 20Այս բաներին վկայողը ասում է. Այո. ես շուտով գալիս եմ։ Ամէն։ Եկ, Տէր Յիսուս։
  • 21Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը լինի ձեր ամենի հետ։ Ամէն։
← Ցանկ