ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ21
  • 1Եւ տեսայ նոր երկինք եւ նոր երկիր. որովհետեւ առաջի երկինքը եւ երկիրն անցան. Եւ էլ ծով չ’կայ։
  • 2Եւ ես՝ [Յովհաննէսս] տեսայ սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղէմը վայր գալիս Աստուածանից երկնքիցը պատրաստուած ինչպէս մի զարդարուած հարս իր մարդի համար։
  • 3Եւ մի մեծ ձայն լսեցի երկնքիցը, որ ասում էր. Ահա Աստուծոյ խորանը մարդկանց հետ, եւ նա կ’բնակուէ նորանց հետ, եւ նորանք կ’լինին նորան ժողովուրդ, եւ ինքն Աստուած նորանց հետ կ’լինի նորանց Աստուած։
  • 4Եւ կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. Եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան։
  • 5Եւ աթոռի վերայ նստողն ասեց. Ահա ամեն բան նոր եմ անում. Եւ ասեց ինձ. Գրիր. որ այս խօսքերը ճշմարիտ եւ հաւատարիմ են։
  • 6Եւ ինձ ասեց. Եղաւ, ես եմ Ալֆան եւ Օմեղան. Սկիզբը եւ վերջը. ես ձրի կ’տամ ծարաւին կեանքի ջրի աղբիւրիցը։
  • 7Ով որ յաղթէ, ամենը կ’ժառանգէ. Եւ ես կ’լինիմ նորան Աստուած, եւ նա կ’լինի ինձ որդի։
  • 8Իսկ վախկոտներին եւ անհաւատներին, եւ պիղծերին եւ մարդասպաններին եւ պոռնիկներին, եւ կախարդներին եւ կռապաշտներին եւ ամեն ստախօսներին բաժինը այս լճումը կ’լինի որ կրակով եւ ծծմբով վառուած է։ Սա է երկրորդ մահը։
  • 9Եւ այն եօթը հրեշտակներից մէկը, որ եօթը սկաւառակն ունէին վերջի եօթը պատուհասներովը լցուած, ինձ մօտ եկաւ, խօսեց ինձ հետ եւ ասեց. Եկ ցոյց տամ քեզ այն հարսը, որ Գառի կինն է.
  • 11Եւ Աստուծոյ փառքն ունէր. Եւ նորա լուսաւորութիւնը պատուական ակունքի նման ինչպէս բիւրեղացած յասպիս քար։
  • 12Որ մեծ եւ բարձր պարիսպ ունէր, եւ տասնեւերկու դուռ ունէր, եւ դռների վերայ տասնեւերկու հրեշտակ, եւ նորանց վերայ անուններ էին գրուած որ Իսրայէլի որդկանց տասնեւերկու ցեղերի անուններն են։
  • 13Արեւելքից երեք դուռ, հիւսիսից երեք դուռ, հարաւից երեք դուռ, եւ արեւմուտքից երեք դուռ։
  • 14Եւ քաղաքի պարիսպը տասնեւերկու հիմեր ունէր, եւ նորանց վերայ Գառի տասնեւերկու առաքեալների տասնեւերկու անունները։
  • 15Եւ ինձ հետ խօսողը մի ոսկի եղէգ ունէր, որ չ’ափէր քաղաքը, եւ նորա դռները, եւ նորա պարիսպը.
  • 16Եւ քաղաքը քառակուսի էր. Եւ նորա երկայնութիւնն այնչափ է որչափ նորա լայնութիւնը, եւ չափեց քաղաքը եղէգովը, եւ նորա չափը տասնեւերկու հազար ասպարէզ, նորա երկայնութիւնը եւ լայնութիւնը եւ բարձրութիւնը հաւասար է։
  • 17Եւ նորա պարիսպը չափեց հարիւր քառասուն եւ չորս կանգուն. Մարդի չափով որ հրեշտակինն է։
  • 18Եւ նորա պարիսպի շինուածքը յասպիս քարից էր. Եւ քաղաքը մաքուր ոսկի էր իստակ ապակու նման։
  • 19Եւ քաղաքի պարիսպի հիմունքը զարդարուած էին ամեն ազնիւ ակունքներով. Առաջին հիմը յասպիս, երկրորդը շափիղայ, երրորդը քաղկեդոն, չորրորդը զմրուխտ,
  • 20Հինգերորդը եղնգնաքար, վեցերորդը սարդիոն, եօթներորդը ոսկեքար, ութերորդը բիւրեղ, իններորդը տպազիոն, տասներորդը քրիսոպրասոս, տասնեւմէկերորդը յակինթ, տասնեւերկուերորդը ամեթովս։
  • 21Եւ տասնեւերկու դուռը տասնեւերկու մարգարիտից՝ ամեն մէկ դուռը մէկ մարգարիտից. եւ քաղաքի հրապարակը մաքուր ոսկի ինչպէս թափանցիկ ապակի։
  • 22Եւ տաճար չ’տեսայ նորա մէջ, որովհետեւ Տէր Աստուած Ամենակալը եւ Գառն է նորա տաճարը։
  • 23Եւ քաղաքը ոչ արեգակին եւ ոչ լուսնի պէտք չ’ունէր, որ լոյս տան նորա մէջ. Որովհետեւ Աստուծոյ փառքը լուսաւորում էր նորան, եւ նորա ճրագը Գառն էր։
  • 24Եւ [փրկեալների] ազգերը նորա լոյսովը պիտի գնան. Եւ երկրի թագաւորները իրանց փառքը եւ պատիւը կ’բերեն նորա մէջ։
  • 25Եւ նորա դռները չեն փակուիլ ցերեկը, որովհետեւ գիշեր չի լինիլ այնտեղ։
  • 26Եւ ազգերի փառքը եւ պատիւը կ’բերեն նորա մէջ։
  • 27Եւ բնաւ չի մտնիլ նորա մէջ ոչ մի անմաքրութիւն անող եւ պղծութիւն եւ ստութիւն գործող, բայց միայն նորանք որ Գառի կեանքի գրքի մէջ գրուած են։
← Ցանկ