ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ18
  • 1Եւ սորանից յետոյ տեսայ մի հրեշտակ երկնքիցը վայր գալիս. Որ մեծ իշխանութիւն ունէր, եւ երկիրը լուսաւորուեցաւ նորա փառքիցը։
  • 2Եւ զօրութեամբ աղաղակեց մեծ ձայնով եւ ասեց. Ընկա՜ւ, ընկա՜ւ մեծ Բաբիլոնը, եւ եղաւ դեւերի բնակութիւն եւ ամեն պիղծ հոգու արգելանոց, եւ ամեն անսուրբ եւ ատելի թռչունի վանդակ։
  • 3Որովհետեւ նորա պոռնկութեան բարկութեան գինուցը խմեցին բոլոր ազգերը, եւ երկրի թագաւորները նորա հետ պոռնկուեցան. եւ երկրի վաճառականները նորա զեղխութեան զօրութիւնիցը հարստացան։
  • 4Եւ մի ուրիշ ձայն լսեցի երկնքիցը որ ասում էր. Դուրս եկէք դորանից, ով իմ ժողովուրդ, որ մասնակից չ’լինիք դորա մեղքերին, եւ որ դորա պատուհասիցը չ’ընդունիք.
  • 5Վասնզի դորա մեղքերը հասան մինչեւ երկինքը, եւ Աստուած յիշեց դորա անիրաւութիւնները։
  • 6Հատուցումն արէք դորան ինչպէս դա հատուցում տուաւ ձեզ, եւ երկուպատիկ տուէք դորան իր գործերի չափովը. այն բաժակը որ դա լցրեց, լցրէք դորա համար երկուպատիկ։
  • 7Եւ որչափ որ իրան փառաւորեց եւ զեղխացաւ, այնչափ տանջանք եւ սուգ տուէք դորան. Որովհետեւ նա իր սրտումն ասում է. Թագուհի եմ նստած, եւ այրի չեմ, եւ բնաւ սուգ չեմ տեսնիլ։
  • 9Եւ լաց եւ կոծ կ’անեն դորա վերայ երկրի թագաւորները որ դորա հետ պոռնկուեցան եւ զեղխութիւն արին, երբոր կ’տեսնեն դորա այրուելու ծուխը,
  • 10Հեռու կանգնած դորա տանջանքի վախիցը, եւ կ’ասեն. Վա՜յ, վա՜յ քեզ, մեծ քաղաքդ Բաբիլոն, զօրաւոր քաղաք. որ մէկ ժամում եկաւ քո դատաստանը։
  • 11Եւ երկրի վաճառականները ողբ եւ սուգ կ’անեն նորա վերայ, որ այլ եւս ոչ ոք չէ առնում նորանց ապրանքը։
  • 12Ոսկու եւ արծաթի եւ պատուական ակունքների եւ մարգարիտի եւ բեհեզի եւ ծիրանիի եւ մետաքսի եւ որդան կարմիրի ապրանքը, եւ ամեն խնկէ փայտը եւ ամեն փղոսկրեայ անօթը, եւ ամեն ազնիւ փայտից եւ պղնձից եւ երկաթից եւ մարմարիոնից շինած անօթը,
  • 13Եւ կինամոնը եւ խունկերը եւ իւղը եւ կնդրուկը եւ գինին եւ ձէթը, եւ նաշիհը եւ ցորենը եւ արջառներն ու ոչխարները. Եւ ձիանքը եւ կառքերը, եւ մարմինները եւ մարդկանց հոգիները։
  • 14Եւ քո հոգու ցանկացած պտուղները գնացին քեզանից, եւ ամեն շքեղ եւ լուսափայլ վայելչութիւնները գնացին քեզանից, եւ այլ եւս բնաւ չես գտնիլ նորանց։
  • 15Եւ այս բաների վաճառականները, որ նորանից հարստացան հեռուից կ’կանգնեն նորա տանջանքի վախիցը լաց եւ սուգ անելով, կ’ասեն.
  • 16Վա՜յ, վա՜յ մեծ քաղաք որ բեհեզ եւ ծիրանի եւ որդան կարմիր էիր հագած, եւ ոսկով եւ ազնիւ քարերով եւ մարգարիտով զարդարուած։
  • 17Որովհետեւ մէկ ժամի մէջ այդչափ մեծութիւնը աւերակ եղաւ. եւ ամեն նաւավար եւ այն ամենն որ նաւով գնում են տեղ տեղ, եւ նաւաստիները եւ նորանք որ ծովումն են գործում, հեռուից կանգնեցին,
  • 18Եւ աղաղակում էին նորա այրուելու ծուխը տեսնելով եւ ասում. Ո՞րն է այս մեծ քաղաքին նման։
  • 19Եւ հող ցանեցին իրանց գլուխների վերայ, եւ մեծ ձայնով աղաղակեցին լաց եւ սուգ անելով եւ ասեցին. Վա՜յ, վա՜յ մեծ քաղաք որ նորանում հարստացան բոլոր ծովի վերայ նաւեր ունեցողները նորա պատուականութիւնիցը. Որովհետեւ մէկ ժամի մէջ աւերակ դառաւ։
  • 20Ուրախ եղէք նորա վերայ, երկինք եւ սուրբ առաքեալներ եւ մարգարէներ, որ Աստուած ձեր դատաստանը դատեց դորա վերայ։
  • 21Եւ մէկ զօրաւոր հրեշտակ մի քար առաւ մեծ ջաղացաքարի պէս եւ գցեց ծովի մէջ ասելով. Այսպէս ուժով պիտի վայր գցուի Բաբիլոն մեծ քաղաքը, եւ այլ եւս չ’գտնուի։
  • 22Եւ քնարերգների, եւ երաժիշտների եւ սրնգահարների, եւ փողահարների ձայնը այլեւս պիտի չ’լսուի քո միջումը եւ այլեւս ոչ մի արհեստագէտ բնաւ չի գտնուիլ քեզանում. Եւ ջաղացի ձայն այլեւս չի լսուիլ քեզանում.
  • 23Եւ ճրագի լոյս այլեւս լոյս չի տալ քեզանում. Եւ փեսայի եւ հարսի ձայնը այլեւս բնաւ չի լսուիլ քեզանում. որովհետեւ քո վաճառականները երկրի մեծամեծներն էին. քո կախարդութիւնովը մոլորուեցան բոլոր ազգերը։
  • 24Եւ նորանում գտնուեցաւ մարգարէների եւ սուրբերի եւ երկրի վերայ բոլոր սպանուածների արիւնը։
← Ցանկ