ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ13
- 1Եւ տեսայ ծովիցը մի գազան դուրս գալիս, որ եօթը գլուխ ունէր եւ տասը եղջիւր, եւ նորա եղջիւրների վերայ տասը թագ, եւ նորա գլուխների վերայ հայհոյութեան անուն։
- 2Եւ այն գազանը որ տեսայ ինձու նման էր, եւ նորա ոտները արջի ոտների նման, եւ նորա բերանն առիւծի բերանի նման. եւ վիշապը տուաւ նորան իր զօրութիւնը եւ իր աթոռը եւ մեծ իշխանութիւն։
- 3Եւ տեսայ նորա գլուխներից մէկը մեռնելու չափ խոցուած. Եւ նորա մահի վէրքը ողջացաւ. եւ բոլոր երկիրը զարմացաւ այն գազանի ետեւիցը։
- 4Եւ երկրպագեցին այն վիշապին, որ իշխանութիւն տուաւ այն գազանին, եւ երկրպագեցին գազանին ասելով. Ո՞վ է այս գազանի նման. Կամ ո՞վ է կարող դորա հետ պատերազմել։
- 5Եւ նորան տրուեցաւ մի բերան մեծ մեծ բաներ եւ հայհոյանք խօսող, եւ իշխանութիւն տրուեցաւ նորան քառասունեւերկու ամիս իր ուզածն անելու։
- 6Եւ նա իր բերանը բացաւ Աստուծոյ դէմ հայհոյանքով, որ հայհոյէ նորա անունին եւ նորա խորանին, եւ երկնքումը բնակողներին։
- 7Եւ նորան իշխանութիւն տրուեցաւ որ սուրբերի հետ պատերազմ անէ եւ նորանց յաղթէ. եւ իշխանութիւն տրուեցաւ նորան ամեն ցեղի եւ լեզուի եւ ազգի վերայ.
- 8Եւ կ’երկրպագեն նորան երկրի վերայ բոլոր բնակողները, որոնց անունները գրուած չեն Գառի կեանքի գրքի մէջ որ աշխարհքի սկզբիցը հետէ մորթուած է։
- 9Եթէ մէկն ականջ ունի թող լսէ։
- 10Եթէ մէկը գերութեան քաշէ, գերութեան պիտի քաշուի. եթէ մէկը սրով սպանէ, պիտի սրով սպանուի. այստեղ է սուրբերի համբերութիւնը եւ հաւատքը։
- 11Եւ ես տեսայ մի ուրիշ գազան դուրս գալիս երկրիցը, եւ երկու եղջիւր ունէր գառի նման. Բայց խօսում էր վիշապի նման։
- 12Եւ այն առաջի գազանի բոլոր իշխանութիւնը բանեցնում էր նորա առաջին. Եւ այնպէս էր անում, որ երկիրը եւ նորա վերայ բնակողները երկրպագեն այն առաջի գազանին որի մահի վէրքը ողջացել էր։
- 13Եւ մեծ նշաններ է անում, որ երկնքիցը կրակ էլ է վայր բերել տալիս երկրի վերայ մարդկանց առաջին։
- 14Եւ մոլորեցնում է երկրի վերայ բնակողներին այն նշաններովը որ տրուած էին նորա ձեռքը, որ գործէ գազանի առաջին, ասելով երկրի բնակողներին որ պատկեր շինեն այն գազանին որ սուրի վէրքն ունէր եւ ապրեց։
- 15Եւ տրուեցաւ նորան, որ հոգի տայ գազանի պատկերին, որ պատկերը խօսի էլ. Եւ անէ էլ՝ որ նորանք, որ չ’երկրպագեն գազանի պատկերին, սպանուին։
- 16Եւ ստիպում է ամենին՝ փոքրերին եւ մեծամեծներին, հարուստներին եւ աղքատներին, ազատներին եւ ծառաներին, որ նորանց դրոշմ տայ նորանց աջ ձեռքումը կամ նորանց ճակատումը։
- 17Եւ որ ոչ ով չ’կարողանայ գնել կամ ծախել բացի նորանից, որ գազանի դրոշմը կամ նորա անունն ունի կամ նորա անունի համարը։
- 18Այստեղ է իմաստութիւնը. Ով որ միտք ունի թող գազանի թիւը համարէ. որ մարդի թիւ է, եւ նորա թիւը վեց հարիւր վաթսունեւվեց է։