ՀՈՒԴԱ1
- 1Յուդա Յիսուս Քրիստոսի ծառայ, եւ Յակոբոսի եղբայր. Աստուած Հօրից սրբուած, եւ Յիսուս Քրիստոսումն պահուած կանչուածներիդ.
- 2Ողորմութիւն եւ խաղաղութիւն եւ սէր շատանայ ձեր վերայ։
- 3Սիրելիներ, որովհետեւ ամեն ջանք արի որ գրեմ ձեզ մեր հասարակաց փրկութեան համար, հարկ եղաւ ինձ որ գրեմ ձեզ եւ յորդորեմ, որ մրցիք սրբերին մի անգամ աւանդուած հաւատքովը։
- 4Որովհետեւ մի քանի մարդիկ ներս պրծան, որոնք առաջուց հաստատուած էին սոյն այս դատաստանի համար, ամբարիշտներ, որ մեր Աստուծոյ շնորհքն անառակութեան դարձրին. Եւ ուրանում են այն միայն Իշխանին, [Աստուծուն] եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսին։
- 5Իսկ ես կամենում եմ յիշեցնել ձեզ, որ արդէն այս բանը գիտէք, թէ Տէրը ժողովրդին փրկեց Եգիպտոսի երկրիցը. Եւ յետոյ չ’հաւատացողներին կորցրեց։
- 6Եւ այն հրեշտակներին որ իրանց իշխանութիւնը չ’պահեցին, այլ իրանց բնակութիւնը թողեցին, յաւիտենական կապանքներով խաւարի մէջ պահեց մեծ օրուայ դատաստանի համար։
- 7Ինչպէս Սոդոմը եւ Գոմորը եւ նորանց շուրջի քաղաքները, հէնց սորանց կերպով պոռնկելով եւ ուրիշ մարմնի ետեւից գնալով՝ օրինակի համար մեր առաջին դրուած են, յաւիտենական կրակի դատաստանն ընդունելով։
- 8Եւ նմանապէս էլ սորանք, որ ցնորուած լինելով մարմինը պղծում են, տէրութիւնը անարգում են, եւ փառքը հայհոյում են։
- 9Եւ Միքայէլ հրեշտակապետը, երբոր սատանայի հետ վիճելով պատասխան էր տալիս Մովսէսի մարմնին համար, չ’համարձակեց հայհոյանքի դատաստան անել, բայց ասեց Տէրը քեզ յանդիմանէ։
- 10Իսկ սորանք այն բաները, որ չեն իմանում, հայհոյում են. Եւ ինչ որ էլ անխօս անասունի պէս բնականաբար գիտեն, նորանցում ապականվում են։
- 11Վա՜յ նորանց, որ Կայէնի ճանապարհովը գնացին, եւ Բաղաամի մոլորութիւնովը վարձքին նուիրուեցան, եւ Կորխի հակառակութեան պէս կորան։
- 12Սորանք գայթակղութեան ժայռեր են ձեր սէրի խնջոյքներումը, որ աներկիւղ միասին ուտել խմելիս, իրանց անձերն են արածեցնում։ Անջուր ամպեր են քամիներից տատանուած, պտղակորոյս անպտուղ ծառեր, երկու անգամ մեռած արմատախիլ եղած.
- 13Ծովու կատաղած ալիքներ, որ իրանց անձերի ամօթն են փրփրեցնում. Մոլար աստղեր, որոնց պահվում է յաւիտեան խաւարի մութը։
- 14Ենովքն էլ, որ եօթներորդն է Ադամից, սորանց համար մարգարէացաւ եւ ասեց. Ահա Տէրը եկաւ իր բիւրաւոր սուրբերովը,
- 15Որ դատաստան անէ ամենին, եւ նորանց ամբարիշտներին յանդիմանէ իրանց արած բոլոր ամբարիշտ գործերի համար, եւ բոլոր այն խիստ խօսքերի համար, որ ամբարիշտ մեղաւորները նորա դէմ խօսեցին։
- 16Սորանք տրտնջողներ եւ փսփսողներ են, որ իրանց անձերի ցանկութիւնների պէս են գնում. Եւ նորանց բերանը ամբարտաւան բաներ է խօսում, երեսպաշտութիւն են անում շահի համար։
- 17Բայց դուք, սիրելիներ, յիշեցէք մեր Տէր Յիսուս Քրիստոսի առաքեալներից առաջուց ասած խօսքերը։
- 18Որովհետեւ ասում էին ձեզ, թէ վերջի ժամանակներումը ծաղր անող մարդիկ կ’լինին, որ իրանց ամբարիշտ ցանկութիւնների ետեւից կ’գնան։
- 19Սորանք են որ ջոկում հեռացնում են իրանց, շնչաւորներ որ Հոգին չ’ունին։
- 20Բայց դուք, սիրելիներ, ձեր անձերը ձեր սուրբ հաւատքի վերայ շինեցէք Սուրբ Հոգովը, աղօթք անելով։
- 21Որ ձեր անձերը Աստուծոյ սէրի մէջ պահէք, սպասելով մեր Տէր Յիսուս Քրիստոսի ողորմութեանը յաւիտենական կեանքի համար։
- 22Եւ մի քանիսին ողորմեցէք խտրութիւն անելով։
- 23Եւ մի քանիսին վախով ապրեցրէք կրակից յափշտակելով. Ատելով այն պատմուճանն էլ որ մարմնիցն աղտոտուած է։
- 24Եւ նորան որ կարող է անարատ պահել ձեզ եւ անկեղծ կանգնեցնել իր փառքի առաջին անբիծ ցնծութիւնով.
- 25Այն մէկ իմաստուն Աստուծուն եւ մեր Փրկչին [մեր Տէր Յիսուս Քրիստոսով] փառք եւ մեծութիւն, զօրութիւն եւ իշխանութիւն, [բոլոր դարերից առաջ] եւ հիմա եւ ամեն յաւիտեաններում։ Ամէն։