Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ5
- 1Ամեն ով որ հաւատում է թէ Յիսուսն է Քրիստոսը, Աստուածանից է ծնուած եւ ամեն ով որ ծնողին սիրում է, նորանից ծնուածին էլ սիրում է։
- 2Սորանով ենք ճանաչում թէ Աստուծոյ որդիներին սիրում ենք, երբոր սիրում ենք Աստուծուն, եւ նորա պատուիրանքները պահում։
- 3Որովհետեւ սա է Աստուծոյ սէրը որ նորա պատուիրանքները պահենք. եւ նորա պատուիրանքները ծանր չեն։
- 4Որովհետեւ ամեն ով որ Աստուածանից է ծնուած յաղթում է աշխարհքին. Եւ սա է յաղթութիւնն, որ աշխարհքին յաղթեց, այսինքն մեր հաւատքը։
- 5Եւ ո՞վ է որ յաղթում է աշխարհքին, եթէ ոչ նա, որ հաւատում է, թէ Յիսուսն Աստուծոյ Որդին է։
- 6Սա է որ եկաւ ջրով եւ արիւնով՝ Յիսուս Քրիստոսը. Ոչ թէ միայն ջրով, բայց ջրով եւ արիւնով. Եւ Հոգին է վկայողը. Որովհետեւ Հոգին է ճշմարտութիւնը։
- 7Որովհետեւ երեք են որ [երկնքումը վկայում են, Հայրը եւ Բանը եւ Սուրբ Հոգին. Եւ այս երեքը մի են։
- 8Եւ երեք են որ երկրումը] վկայում են. Հոգին, եւ ջուրը, եւ արիւնը. Եւ այս երեքը միաբան են։
- 9Եթէ մարդկանց վկայութիւնն ընդունում ենք, Աստուծոյ վկայութիւնն աւելի մեծ է. որովհետեւ սա է Աստուծոյ վկայութիւնն, որ վկայեց իր Որդու մասին։
- 10Ով որ հաւատում է Աստուծոյ Որդուն, վկայութիւնն ունի իր անձումը. Ով որ չէ հաւատում Աստուծուն, ստախօս է արել նորան. Որովհետեւ չ’հաւատաց այն վկայութեանն, որ Աստուած վկայեց իր Որդու մասին։
- 11Եւ սա է վկայութիւնը, որ Աստուած յաւիտենական կեանք տուաւ մեզ. եւ այս կեանքը նորա Որդու մէջ է։
- 12Ով որ Որդուն ունի, նա կեանքն ունի. Եւ ով որ Աստուծոյ Որդուն չ’ունի, կեանքը չ’ունի։
- 13Այս բաները գրեցի ձեզ՝ Աստուծոյ Որդու անունին հաւատացեալներիդ, որ գիտենաք թէ յաւիտենական կեանք ունիք։
- 14Եւ սա է այն համարձակութիւնը որ ունինք դէպի նորան, թէ ինչ որ նորա կամքի պէս խնդրում ենք, լսում է մեզ։
- 15Եւ եթէ գիտենք թէ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք որ առնում ենք մեր խնդրուածքներն, որ խնդրեցինք նորանից։
- 16Եթէ մէկը տեսնէ իր եղբօրը որ մեղանչել է եւ այնպիսի մեղքով որ դէպի մահ չէ, թող խնդրէ, եւ Աստուած կեանք կ’տայ նորան այսինքն նորան որ մեղանչել է ոչ թէ դէպի մահ. կայ մեղք որ դէպի մահ է, նորա համար ես չեմ ասում որ խնդրես։
- 17Ամեն անիրաւութիւն մեղք է. Եւ կայ մեղք որ դէպի մահ չէ։
- 18Գիտենք որ ամեն ով որ Աստուածանից է ծնուած, մեղք չէ գործում, բայց նա որ Աստուածանից է ծնուած, իր անձը պահում է, եւ չարը չէ մօտենում նորան։
- 19Գիտենք որ Աստուածանից ենք, եւ բոլոր աշխարհքը չարութեան մէջ է կենում։
- 20Եւ գիտենք որ Աստուծոյ Որդին եկաւ եւ մեզ միտք տուաւ, որ ճշմարիտը ճանաչենք. Եւ ճշմարիտումն ենք, այսինքն նորա որդի Յիսուս Քրիստոսումը, նա է ճշմարիտ Աստուածը եւ յաւիտենական կեանքը։
- 21Որդեակներ, պահեցէք ձեր անձերը կուռքերիցը։