Ա ՊԵՏՐՈՍ3
  • 1Նոյնպէս էլ, կանայք, հնազանդ եղէք ձեր մարդկանցը, որ եթէ նորանցից ոմանք էլ անհնազանդ լինեն խօսքին, կանանց վարքովը առանց խօսքի շահուին,
  • 2Տեսնելով ձեր երկիւղածութեամբ պարկեշտ վարքը։
  • 3Որ ձեր զարդարանքը չ’լինի դրսեւանց մազերի հիւսելը, եւ ոսկեղէնների շարելը կամ շքեղ հանդերձներ հագնելը.
  • 4Այլ սրտի ծածուկ մարդը հեզ եւ հանդարտ հոգու անեղծութեամբը. Որ դա Աստուծոյ առաջին շատ թանգագին է։
  • 5Որովհետեւ այսպէս էլ մի ժամանակով այն սուրբ կանայքը, որ իրանց յոյսն Աստուծոյ վերայ էին դրել, զարդարում էին իրանց անձերն իրանց մարդկանցը հնազանդելով։
  • 6Ինչպէս Սառան հնազանդ էր Աբրահամին, նորան տէր կոչելով, որի որդիներ էք եղել դուք, որ բարեգործ լինէք եւ ոչ մի երկիւղից չ’վախենաք։
  • 7Նմանապէս, մարդիկ, իմաստութիւնով բնակուեցէք նորանց հետ. ինչպէս տկար անօթի՝ կանանց պատիւ տալով, իբրեւ կեանքի շնորհքի ժառանգակիցներ. որ ձեր աղօթքը չ’խափանուի։
  • 9Չարի փոխարէն չար չ’հատուցանէք, կամ բամբասանքի փոխարէն բամբասանք. Այլ ընդհակառակն օրհնեցէք, գիտենալով որ իսկ սորա մէջ կանչուեցաք, որ օրհնութիւնը ժառանգէք։
  • 10Որովհետեւ ով որ կամենում է կեանք սիրել եւ լաւ օրեր տեսնել, թող իր լեզուն չարութիւնից լուռ պահէ, եւ իր շրթունքները՝ որ նենգութիւն չ’խօսեն.
  • 11Չարիցը ետ քաշուի եւ բարի անէ, խաղաղութիւն որոնէ եւ նորան հետեւէ։
  • 12Որովհետեւ Տիրոջ աչքերն արդարների վերայ են, եւ նորա ականջները դէպի նորանց աղօթքը, Տիրոջ երեսը չարագործների վերայ է։
  • 13Եւ ո՞վ է նա որ չարչարէ ձեզ, եթէ դուք բարիին հետեւող լինիք։
  • 14Բայց թէեւ չարչարուիք էլ արդարութեան համար, երանելի էք. Բայց նորանց երկիւղիցը մի վախենաք եւ մի շփոթուիք։
  • 15Այլ Տէր Աստուծուն ձեր սրտի մէջ սուրբ պահեցէք. Եւ միշտ պատրաստ եղէք հեզութեամբ եւ երկիւղածութեամբ պատասխան տալու ամենին, որ ձեր մէջ եղած յոյսի համար պատճառ հարցնէ։
  • 16Եւ բարի խղճմտանք ունենաք, որ ինչ բանի համար որ չարախօսում են ձեզանից ինչպէս չարագործներից, ամօթով մնան նորանք որ Քրիստոսում ձեր բարի վարքը բամբասում են։
  • 17Որովհետեւ աւելի լաւ է, եթէ Աստուծոյ կամքը սա կամենում է, բարի գործելով չարչարուիլ, քան թէ չար գործելով։
  • 18Որովհետեւ Քրիստոսն էլ մէկ անգամ մեղքերի համար չարչարուեցաւ, այն Արդարն անարդարների վերայ, որ մեզ մօտեցնէ Աստուծուն. որ թէեւ մեռաւ մարմնով, բայց կենդանի եղաւ հոգով։
  • 19Որով գնաց բանտումը եղող հոգիներին էլ քարոզեց։
  • 20Որոնք մի ժամանակ ապստամբ էին, երբոր Աստուծոյ երկայնմտութիւնը համբերում էր նորանց Նոյի օրերումը տապանը պատրաստուելիս, որի մէջ քիչ այսինքն ութ հոգի ջրիցը պրծան.
  • 21Որի օրինակն այսինքն մկրտութիւնը մեզ էլ հիմա ապրեցնում է, ոչ թէ մարմնի աղտը դէն գցելով, այլ բարի խղճմտանքի վկայութիւնը առ Աստուած, Յիսուս Քրիստոսի յարութիւնովը։
  • 22Որ գնացել է երկինքը, եւ Աստուծոյ աջ կողմն է. հրեշտակներն եւ իշխանութիւններն եւ զօրութիւններն հնազանդելով նորան։
← Ցանկ