ՀԱԿՈԲՈՍ5
- 1Աղէ հիմա, ով հարուստներ, լացէք եւ ողբ արէք ձեր թշվառութիւնների վերայ, որ պիտի գան ձեզ վերայ։
- 2Ձեր հարստութիւնը փտել է, եւ ձեր հանդերձները ցեցի կերակուր եղան.
- 3Ձեր ոսկին եւ արծաթը ժանգոտած, նորանց ժանգը վկայ կ’լինի ձեզ դէմ, եւ ձեր միսերը կ’ուտէ կրակի նման. Դուք գանձեր դիզեցիք յետին օրերումը։
- 4Ահա այն մշակների վարձքը որ ձեր արտերը հնձել են, եւ որ դուք զրկել էք. Աղաղակում է, եւ հնձողների աղաղակները հասան զօրութեանց Տիրոջ ականջը։
- 5Երկրի վերայ փափուկ ապրեցիք եւ զբօսացիք. Ձեր սրտերը գիրացրիք ինչպէս մորթուելու օրուայ համար։
- 6Դատապարտեցիք, սպանեցիք արդարին, նա հակառակ չէ կենում։
- 7Արդ, եղբարքս, երկայնամիտ եղէք մինչեւ Տիրոջ գալուստը, ահա մշակը երկայնամիտ եղած սպասում է երկրի պատուական պտղին, մինչեւ որ առաջի եւ վերջի անձրեւն առնէ։
- 8Երկայնամիտ եղէք դուք էլ, հաստատեցէք ձեր սրտերը. Որ Տիրոջ գալուստը մօտացել է։
- 9Մի հառաչէք իրար դէմ, եղբարք, որ չ’դատուիք. ահա Դատաւորը դռան առաջին կանգնած է։
- 10Եղբարք, չարչարանքի եւ երկայնմտութեան օրինակ առէք մարգարէներին, որ Տիրոջ անունովը խօսեցին։
- 11Ահա համբերողներին երանի ենք տալիս. Յոբի համբերութիւնը լսել էք, եւ Տիրոջ նորա համար արած վախճանը տեսաք. որ Տէրը բազմագութ է եւ ողորմած։
- 12Եւ ամեն բանից առաջ, եղբարք, երդում մի անէք ոչ երկնքովը, ոչ երկրովը եւ ոչ էլ մի ուրիշ երդումով, բայց թող լինի ձեր այոն այո եւ ոչը ոչ. Որ դատաստանի տակ չ’ընկնիք։
- 13Եթէ ձեզանից մէկը նեղութիւն է քաշում, թող աղօթք անէ. Եթէ մէկն ուրախանում է, թող սաղմոս ասէ։
- 14Եթէ ձեզանից մէկը հիւանդ է, թող եկեղեցու երէցներին կանչէ, որ նորա վերայ աղօթք անեն, նորան իւղով օծեն Տիրոջ անունովը.
- 15Եւ հաւատքով աղօթքը կ’փրկէ այն հիւանդին, եւ Տէրը վեր կ’կացնէ նորան. Եւ եթէ մեղք գործած լինի, կ’թողուի նորան։
- 16Իրար խոստովանեցէք ձեր յանցանքները, եւ իրար վերայ աղօթք արէք, որ բժշկուիք, շատ զօրաւոր է արդարի աղօթքը ներգործելով։
- 17Եղիան մարդ էր մեզ պէս՝ կրքի ենթակայ. Եւ ջերմեռանդ աղօթք արաւ որ անձրեւ չ’գայ, եւ անձրեւ չ’եկաւ երկրի վերայ երեք տարի եւ վեց ամիս։
- 18Եւ դարձեալ աղօթք արաւ, եւ երկինքն անձրեւ տուաւ, եւ երկիրն իր պտուղը բուսեցրեց։
- 19Եղբարք, եթէ ձեզանից մէկը մոլորուի ճշմարտութեան ճանապարհիցը, եւ մէկը դարձնէ նորան,
- 20Թող գիտենայ, թէ մեղաւորին իր մոլորութեան ճանապարհիցը դարձնողը, մի հոգի կ’փրկէ մահից եւ մեղքերի շատութիւնը կ’ծածկէ։