ՀԱԿՈԲՈՍ3
- 1Շատ վարդապետներ մի լինիք, եղբարքս. գիտենալով որ մեծ դատաստան պիտի ընդունիք։
- 2Որովհետեւ շատ բաներով մեղանչում ենք ամենս։ Եթէ մէկը խօսքով չէ մեղանչում նա կատարեալ մարդ է, որ կարող է իր բոլոր մարմինը սանձահարել։
- 3Տես, ձիերի բերանը սանձ ենք դնում, որ նորանք հնազանդեն մեզ, եւ նորանց բոլոր մարմինը կառավարում ենք։
- 4Ահա նաւերն էլ, որ այսչափ մեծ են եւ սաստիկ քամիներից քշվում են, մի փոքր ղեկով կառավարվում են որ կողմն որ ղեկավարի միտքը կամենայ։
- 5Այնպէս էլ լեզուն՝ մի փոքր անդամ է, բայց մեծ մեծ բաներ է խօսում. Տես, մի փոքր կրակը ո՞րքան բան է վառում։
- 6Լեզուն էլ կրակ է՝ այդ անիրաւութեան աշխարհքը. Այսպէս է լեզուն դրուած մեր անդամների մէջ, որ նա բոլոր մարմինն ապականում է եւ կրակով վառում է մեր գոյութեան անիւը, եւ ինքը բորբոքուած է գեհենիցը։
- 7Որովհետեւ գազանների, եւ թռչունների, եւ սողունների, եւ ծովում լինողների բոլոր բնութիւնը նուաճուած է եւ նուաճվում է մարդկային բնութիւնից։
- 8Բայց մարդկանց լեզուն ոչ ով կարող չէ նուաճել, մի անզուսպ չար է՝ լցուած մահաբեր թոյնով։
- 9Նորանով օրհնում ենք Աստուած եւ Հայրը, եւ նորանով անիծում ենք մարդկանց, որ Աստուծոյ նմանութիւնովը ստեղծուած են։
- 10Միեւնոյն բերանից դուրս են գալիս օրհնութիւն եւ անէծք. Պէտք չէ, եղբարքս, որ սա այսպէս լինի։
- 11Մի՞թէ մի աղբիւր նոյն ակնից քաղցր եւ դառն ջուր կ’բղխէ։
- 12Մի՞թէ կարելի է, եղբարքս, որ թզենին ձիթապտուղ բերէ, կամ որթը թուզ. Այնպէս էլ աղի աղբիւրը չէ կարող քաղցր ջուր հանել։
- 13Ո՞վ է ձեզանում իմաստուն եւ խելացի, թող իր բարի վարքովը ցոյց տայ իր գործերը իմաստութեան հեզութիւնովը։
- 14Բայց եթէ դառն նախանձ եւ հակառակութիւն ունիք ձեր սրտերումը, մի պարծենաք եւ սուտ մի ասէք ճշմարտութեան դէմ։
- 15Այս իմաստութիւնը վերեւից իջած չէ, այլ երկրաւոր, շնչաւոր եւ դիւական։
- 16Որովհետեւ ուր որ նախանձ եւ կռիւ կայ, այնտեղ անկարգութիւն եւ ամեն չար բաներ կան։
- 17Բայց վերին իմաստութիւնը նախ եւ առաջ սուրբ է, եւ յետոյ խաղաղարար, հեզ, հլու, ողորմութիւնով եւ բարի պտուղներով լիքը, անկողմնասէր, անկեղծ։
- 18Եւ արդարութեան պտուղը խաղաղութիւնով է սերմվում նորանց համար որ խաղաղութիւն են անում։