Բ ՏԻՄՈԹԵՈՍ4
- 1Արդ այս վկայութիւնը դնում եմ Աստուծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի առաջին որ դատելու է կենդանիներին եւ մեռելներին իր յայտնութիւնումը ու թագաւորութիւնումը.
- 2Խօսքը քարոզիր. Վերայ հասիր թէ ժամանակին լինի թէ ժամանակից դուրս, յանդիմանիր, սաստիր, յորդորիր ամեն երկայնմտութիւնով եւ վարդապետութիւնով։
- 3Որովհետեւ ժամանակ կ’գայ որ ողջամիտ վարդապետութեանը չեն համբերիլ. այլ իրանց յատուկ ցանկութիւնների համեմատ վարդապետներ կ’դիզեն իրանց վերայ, իրանց լսելիքների մարմաջելու պէս։
- 4Եւ իրանց լսելիքը ճշմարտութիւնիցը ետ կ’դարձնեն եւ առասպելների ետեւից կ’մոլորին։
- 5Բայց դու արթուն կաց ամեն բանի մէջ նեղութիւններ կրելով. աւետարանչի գործը գործիր. Քո պաշտօնը կատարիր։
- 6Որովհետեւ ես արդէն նուիրվում եմ, եւ իմ բաժնուելու ժամանակը հասած է։
- 7Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հաւատքը պահեցի.
- 8Այսուհետեւ մնում է ինձ արդարութեան պսակը, որ Տէրը կ’տայ ինձ այն օրումը՝ արդար դատաւորը. Եւ ոչ միայն ինձ, այլ եւ ամենին, որ սիրեցին նորա յայտնութիւնը։
- 9Շտապիր որ շուտով ինձ մօտ գաս. Որովհետեւ Դեմասը թողեց ինձ եւ այս աշխարհքը սիրեց, եւ գնաց Թեսաղոնիկէ.
- 10Կրէսկէսը Գաղատիա. Տիտոսը՝ Դաղմատիա. Ղուկասն է միայն ինձ հետ.
- 11Մարկոսին առնես հետդ բերես. Որ ինձ ծառայութեան համար պէտք է։
- 12Տիւքիկոսին ուղարկեցի Եփեսոս։
- 13Վերարկուն, որ Տրովադայումն Կարպոսի մօտ թողեցի, գալիս՝ բեր, գրքերն էլ, մանաւանդ մագաղաթները։
- 14Աղեքսանդրոս դարբինն ինձ շատ չարութիւն արաւ. Տէրը նորան հատուցում տայ իր գործերի պէս։
- 15Դու էլ նորանից զգուշացիր. Որ նա շատ հակառակ կեցաւ մեր խօսքերին։
- 16Ատեանումն առաջին անգամ պատասխանելիս՝ ոչ ով չ’կանգնեց իմ կողմը, այլ ամենքը ինձ թողեցին. թող չ’համարուի նորանց։
- 17Իսկ Տէրն ինձ մօտ կանգնեց, եւ զօրացրեց ինձ որ ինձանով քարոզութիւնը հաստատուի, եւ բոլոր հեթանոսները լսեն. եւ ես ազատուեցայ առիւծի բերանիցը։
- 18Եւ կ’փրկէ ինձ Տէրն ամեն չար բանից եւ կ’ազատէ կ’հասցնէ իր երկնային արքայութեանը. որին լինի փառք յաւիտեանս յաւիտենից. Ամէն։
- 19Բարեւ տուր Պրիսկէին եւ Ակիւղային, եւ Ոնեսիփորի տանը,
- 20Երաստոսը մնաց Կորնթոսումը. Եւ Տրոփիմոսին հիւանդ թողեցի Մելիտոսումը։
- 21Շտապիր որ ձմեռիցն առաջ գաս։ Բարեւ է տալիս քեզ Եւբուղոսը, եւ Պուդէսը եւ Լինոսը, եւ Կլաւդիան եւ բոլոր եղբարքը։
- 22Տէր Յիսուս Քրիստոսը քո հոգու հետ լինի. Շնորհք ձեզ հետ։ Ամէն։