Ա ՏԻՄՈԹԵՈՍ5
  • 1Ծերին սաստիկ մի յանդիմանիր, այլ յորդորիր ինչպէս հօր, երիտասարդներին եղբայրների պէս։
  • 2Պառաւներին մայրերի պէս, մատղաշ կանանցը՝ քոյրերի պէս բոլոր սրբութիւնով։
  • 3Որբեւայրիներին պատուիր՝ որ ճշմարիտ որբեւայրի են։
  • 4Բայց եթէ մէկ որբեւայրի որդիք եւ թոռներ ունենայ, թող առաջ սովորեն իրանց ընտանիքումը որդիական սէր ցոյց տալ եւ փոխարէն հատուցանել ծնողներին. որովհետեւ սա բարի է եւ Աստուծոյ առաջին ընդունելի։
  • 5Իսկ նա որ ճշմարիտ որբեւայրի է եւ մինակ մնացած, նա յոյսը Աստուծոյ վերայ է դնում, եւ գիշեր եւ ցերեկ աղօթքին եւ աղաչանքին հետեւում։
  • 6Բայց փափկասէր որբեւայրին կենդանոյն մեռած է։
  • 7Եւ այս բաները պատուիրիր, որ անարատ լինեն։
  • 8Բայց եթէ մէկը իրանների եւ մանաւանդ ընտանիքների համար խնամք չ’տանի, նա հաւատքիցն ուրացած է եւ անհաւատից էլ չար է։
  • 9Որբեւայրի նա ընտրուի, որ վաթսուն տարուց պակաս չէ եւ մէկ մարդի կին եղած է.
  • 10Բարի գործերով վկայուած, եթէ երեխաներ է մեծացրել, հիւրեր ընդունել, սուրբերի ոտները լուացել, նեղացածներին ձեռնտու եղել, ամեն բարի գործերին հետեւել։
  • 11Բայց մատղաշ որբեւայրիներիցը ետ կաց. Որ երբոր ցանկութիւնով լցվում են՝ Քրիստոսի հակառակ՝ կամենում են ամուսնանալ.
  • 12Եւ դատապարտութիւն են ընդունում, որ առաջին հաւատքը դէն գցեցին։
  • 13Միանգամայն էլ ծոյլ են սովորում տուները ման գալով. Եւ ոչ թէ միայն ծոյլ այլ եւ շատախօս, եւ հետաքրքիր, եւ խօսում են ինչ որ պէտք չէ։
  • 14Կամենում եմ որ մատղաշ որբեւայրիներն ամուսնանան, որդիք ծնեն, տնաշէն լինեն. եւ հակառակողին ոչ մի պատճառ չ’տան հայհոյանք անելու։
  • 15Որովհետեւ արդէն մի քանիսը խոտորուեցան սատանայի ետեւիցը։
  • 16Եթէ մի հաւատացեալ մարդ կամ հաւատացեալ կին որբեւայրիներ ունենայ, նա թող նորանց խնամք տանէ. Եւ եկեղեցուն ծանրութիւն չ’լինի, որ ճշմարիտ որբեւայրիներին խնամք տանէ։
  • 17Լաւ վերակացութիւն անող երէցները թող երկուպատիկ պատիւի արժանի լինեն. Մանաւանդ նորանք որ խօսքով եւ վարդապետութիւնով են աշխատում։
  • 18Որովհետեւ գիրքն ասում է թէ Կալի մէջ աշխատող եզի դունչը չ’կապես. Թէ մշակը արժանի է իր վարձքին։
  • 19Երէցի վերայ գանգատ մի ընդունիր. բայց միայն երկու կամ երեք վկաներով։
  • 20Մեղանչողներին ամենի առաջին յանդիմանիր, որ ուրիշներն էլ վախենան։
  • 21Վկայութիւն եմ դնում Աստուծոյ եւ Յիսուս Քրիստոսի եւ ընտրուած հրեշտակների առաջին, որ այս բաները պահես առանց նախապաշարման. Ոչինչ չ’անելով աչառութեամբ։
  • 22Ձեռը շուտով մի դնիր մէկի վերայ, եւ ուրիշների մեղքերին մասնակից մի լինիր. Քո անձը սուրբ պահիր։
  • 23Այսուհետեւ միայն ջուր չ’խմես, այլ մի քիչ գինի գործածիր քո ստամոքսի եւ քո շուտ շուտ տկարանալու համար։
  • 24Կան մարդիկ, որոնց մեղքերը յայտնի են, եւ առաջուց դատաստանի հասած. Իսկ ոմանցն էլ ետեւիցն են գալիս։
  • 25Այնպէս էլ բարի գործերը յայտնի են. Եւ ուրիշ կերպ լինողներն էլ չեն կարող ծածկուիլ։
← Ցանկ