Ա ՏԻՄՈԹԵՈՍ4
- 1Եւ Հոգին յայտնի ասում է թէ յետին ժամանակներումը ոմանք հաւատքիցը կ’հեռանան, եւ մտիկ կ’տան մոլար ոգիների եւ դեւերի վարդապետութիւնների,
- 2Ստախօսների կեղծաւորութեամբը, որոնց խղճմտանքը տաղուած է.
- 3Որ ամուսնանալուց կ’արգիլեն, կ’հրաժարեն կերակուրներից որ Աստուած ստեղծեց հաւատացեալների եւ ճշմարտութիւնը ճանաչողների համար որ գոհութեամբ վայելեն։
- 4Որովհետեւ Աստուծոյ բոլոր ստեղծուածները բարի են, եւ ոչ մի բան խոտան չէ. Երբոր գոհութիւնով ընդունուի։
- 5Որովհետեւ սրբվում է Աստուծոյ խօսքովը եւ աղօթքով։
- 6Եթէ այս բաները եղբայրներին խրատ տաս, Յիսուս Քրիստոսի բարի պաշտօնեայ կ’լինես, սնուած հաւատքի խօսքերովը, եւ այն բարի վարդապետութիւնովն, որին հետեւեցիր։
- 7Եւ պիղծ ու պառաւական առասպելներիցը ետ կաց. Բայց վարժեցրու քո անձը աստուածպաշտութեան։
- 8Որովհետեւ մարմնի վարժութիւնը քիչ բանի համար է օգտակար. բայց աստուածպաշտութիւնն ամեն բանի համար օգտակար է, ունենալով այժմեան եւ գալու կենաց խոստմունքը։
- 9Ճշմարիտ է այս խօսքը եւ ամեն ընդունելութեան արժանի։
- 10Որովհետեւ հէնց սորա համար էլ աշխատում ենք եւ նախատվում, որ յոյս ենք դրել կենդանի Աստուծոյ վերայ, որ Փրկիչ է ամեն մարդկանց, եւ մանաւանդ հաւատացեալներին։
- 11Այս բաները պատուիրիր եւ սովորեցրու։
- 12Ոչ ոք քո մանկութիւնը չ’անարգէ. այլ օրինակ եղիր հաւատացեալներին խօսքով, վարքով, սիրով, հաւատքով, սրբութիւնով,
- 13Մինչեւ որ գամ՝ միտք դիր կարդալուն, յորդորմունքին եւ վարդապետութեանը։
- 14Անհոգ մի լինիր այն քեզանում եղած շնորհքի համար. որ քեզ տրուեցաւ մարգարէութիւնով երիցութեան ձեռնադրութեամբը։
- 15Սորանք մտածիր, սորանցում կաց, որ քո յառաջադիմութիւնը ամենին յայտնի լինի։
- 16Զգոյշ կաց անձիդ եւ վարդապետութեանդ, եւ դորանում յարատեւիր. Որովհետեւ այդ անելով քո անձն էլ կ’ապրեցնես, եւ քեզ լսողներին էլ։