ԿՈՂՈՍԱՑԻՍ1
  • 1Պօղոս՝ Յիսուս Քրիստոսի առաքեալ Աստուծոյ կամքովը, եւ Տիմոթէոս եղբայրը.
  • 2Կողոսայում լինող սուրբերին եւ հաւատացեալ եղբայրներին Քրիստոսումը։ Շնորհք լինի ձեզ հետ՝ եւ խաղաղութիւն Աստուած մեր Հօրիցը՝ եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։
  • 3Գոհանում ենք Աստուածանից եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրիցը՝ ամեն ժամանակ ձեզ համար աղօթք անելով.
  • 4Երբոր լսեցինք ձեր հաւատքը, որ մեր Տէր Յիսուս Քրիստոսի վերայ, եւ սէրը՝ որ դէպի ամեն սուրբերն ունիք.
  • 5Այն յոյսի համար՝ որ պահվում է ձեզ համար երկնքումն, որի համար առաջուց լսեցիք աւետարանի ճշմարիտ խօսքովը.
  • 6Որ հասաւ ձեզ, ինչպէս ամեն աշխարհի մէջ, եւ պտուղ է բերում, ինչպէս ձեր միջումն էլ, այն օրիցն հետէ՝ որ լսեցիք եւ Աստուծոյ շնորհքը ճանաչեցիք ճշմարտութիւնով։
  • 7Ինչպէս էլ սովորեցիք Եպափրասիցը՝ մեր սիրելի ծառայակցիցը, որ ձեզ համար Քրիստոսի հաւատարիմ պաշտօնեայ է,
  • 8Որ էլ պատմեց մեզ ձեր սէրը հոգով։
  • 9Նորա համար մենք էլ այն օրիցը հետէ որ լսեցինք, չենք դադարում ձեզ համար աղօթք անելուց եւ խնդրուածք մատուցանելուց որ լցուիք նորա կամքի գիտութիւնովը, ամեն իմաստութիւնով եւ հոգեւոր հանճարով.
  • 10Որ դուք գնաք ինչպէս արժանի է Տիրոջը, ամեն բանի մէջ հաճոյ լինելով նորան, ամեն բարի գործով պտղաբեր լինիք եւ աճիք Աստուծոյ գիտութեան մէջ.
  • 11Ամեն զօրութիւնով զօրացած իր փառքի զօրութեան համեմատ, ամեն համբերութեան եւ երկայնմտութեան մէջ ուրախութիւնով.
  • 12Եւ գոհութիւն տաք Հօրը որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սուրբերի վիճակին լոյսումը.
  • 13Որ փրկեց մեզ խաւարի իշխանութիւնիցը, եւ փոխադրեց մեզ իր սիրելի Որդու արքայութեան մէջ,
  • 14Որի ձեռովն ունինք փրկութիւն նորա արիւնովը՝ մեղքերի թողութիւնը.
  • 16Վասն զի նորանով ամեն բան ստեղծուեցաւ ինչ որ երկնքումն՝ եւ ինչ որ երկրիս վերայ է՝ երեւողները եւ չ’երեւողները, թէ աթոռները, թէ տէրութիւնները, թէ պետութիւնները, թէ իշխանութիւնները. ամեն բաները նորանով՝ եւ նորա համար ստեղծուեցան։
  • 17Եւ նա ամենից առաջ է, եւ ամեն բան նորանով է հաստատ.
  • 18Եւ նա է մարմնի այսինքն եկեղեցու գլուխը, որ նա է սկիզբը, մեռելների անդրանիկը. որպէս զի ամեն բանի մէջ նա լինի առաջինը։
  • 19Որովհետեւ Աստուած հաճեց, որ նորանում Աստուածութեան բոլոր լիութիւնը բնակուի։
  • 20Եւ նորանով ամենը հաշտեցնէ իրան հետ, խաղաղութիւն անելով նորա ձեռովը նորա խաչի արիւնովը, թէ երկրիս վերայ թէ երկնքումը լինողներին։
  • 21Եւ ձեզ էլ, որ մի ժամանակ օտարացած եւ թշնամի էիք մտքով չար գործերումը,
  • 22Հիմա հաշտեցրեց իր մսեղէն մարմնի մէջ իր մահի ձեռովը, որ ձեզ սուրբ, եւ անբիծ, եւ անարատ կանգնեցնէ իր առաջին։
  • 23Եթէ հաւատքի մէջ հիմնուած եւ հաստատ կենաք, եւ առանց շարժուելու այն աւետարանի յոյսիցը՝ որ լսեցիք, որ երկնքի տակ լինող բոլոր արարածներին քարոզուեցաւ. որին ես Պօղոսս պաշտօնեայ եղայ։
  • 24Հիմա ուրախ եմ իմ չարչարանքներումը ձեզ համար, եւ լրացնում եմ Քրիստոսի նեղութիւնների պակասը իմ մարմնումը նորա մարմնի տեղ որ է եկեղեցին,
  • 25Որի ես պաշտօնեայ եղայ, Աստուծոյ այն տնտեսութեան պէս, որ ինձ տրուած է ձեզ համար Աստուծոյ խօսքը կատարելու համար.
  • 26Այն խորհուրդը որ ծածկուած էր յաւիտենից եւ դարերից, իսկ հիմա յայտնուեցաւ իր սուրբերին.
  • 27Որոնց Աստուած կամեցաւ ցոյց տալ, թէ ինչ է այս խորհուրդի փառաւոր ճոխութիւնը հեթանոսներումը, որ է Քրիստոսը ձեզանում՝ այն փառքի յոյսը։
  • 28Որին մենք քարոզում ենք ամեն մարդի խրատելով եւ ամեն մարդի սորվեցնելով ամեն իմաստութիւնով, որ ամեն մարդի կատարեալ կանգնեցնենք Քրիստոս Յիսուսումը.
  • 29Որի համար էլ աշխատում եմ ճիգ թափելով նորա ներգործութեան չափովը, որ ինձանում ներգործում է զօրութիւնով։
← Ցանկ