ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ9
- 1Լսիր, Իսրայէլ. Դու այսօր Յորդանանովն անց ես կենում, որ գնաս ժառանգես քեզանից մեծ եւ զօրաւոր ազգեր, և մինչեւ երկինքը պարսպաւոր մեծ քաղաքներ,
- 2Այն մեծ եւ երկայնահասակ ազգը Ենակիմների որդկանցը, որոնց դու ճանաչում ես, եւ լսել ես թէ ո՞վ կ’դիմանայ Ենակի որդկանցը։
- 3Եւ այսօր իմացիր, որ քո Եհովայ Աստուածը քո առաջին գնացողն իբրև մաշող կրակ է. Նորանց կ’կորցնէ, եւ քո առաջիցը նորանց կ’նուաճէ, եւ դու նորանց կ’հալածես եւ շուտով բնաջինջ կ’անես, ինչպէս որ Եհովան քեզ ասեց։
- 4Սրտիդ մէջ չ’ասես, երբոր քո Եհովայ Աստուածը նորանց քո առաջիցը հալածէ, թէ Եհովան իմ արդարութեան համար ինձ բերաւ որ այս երկիրը ժառանգեմ. Բայց Եհովան այս ազգերի անօրէնութեան համար է հալածում նորանց քո առաջից։
- 5Ոչ թէ քո արդարութեան եւ քո սրտի ուղղութեան համար ես մտնում դու նորանց երկիրը ժառանգելու. Այլ այն ազգերի անօրէնութեան համար քո Եհովայ Աստուածը նորանց քո առաջիցը քշում է, եւ նորա համար որ հաստատէ այն խօսքը՝ որ քո հայրերն՝ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին երդում արաւ։
- 6Եւ իմացիր, որ քո արդարութեան համար չէ որ քո Եհովայ Աստուածը այս բարի երկիրը քեզ է տալիս, որ նորան ժառանգես. Որովհետեւ դու մի խստապարանոց ժողովուրդ ես։
- 7Յիշիր, մի մոռանար որ քո Եհովայ Աստուծուն անապատումը բարկացրիր. Եգիպտոսի երկրից դուրս եկած օրիցդ մինչեւ այստեղ գալդ անհնազանդ էիք Եհովային։
- 8Եւ Քորեբումն էլ բարկացրիք Եհովային. Եւ Եհովան բարկացաւ որ ձեզ կորցնէ։
- 9Երբոր ես վեր ելայ սարը, որ առնեմ քարի տախտակները՝ տախտակները այն ուխտին՝ որ Եհովան արաւ ձեզ հետ, եւ սարումը մնացի քառասուն օր եւ քառասուն գիշեր. Ոչ հաց կերայ եւ ոչ ջուր խմեցի.
- 10Եւ Եհովան տուաւ ինձ այն երկու քարի տախտակները Աստուծոյ մատովը գրուած եւ նորանց վերայ գրուած բոլոր այն խօսքերը, որ Եհովան ասեց ձեզ սարումը կրակի միջիցը ժողովքի օրը։
- 11Եւ քառասուն օրից եւ քառասուն գիշերից յետոյ Եհովան տուաւ ինձ այն երկու քարի տախտակները՝ ուխտի տախտակները։
- 12Եւ Եհովան ինձ ասեց. Վեր կաց, շուտով իջիր այստեղից, որովհետեւ ապականուեցաւ քո ժողովուրդը՝ որ Եգիպտոսի երկրից հանեցիր. շուտով խոտորուեցան այն ճանապարհիցը, որ պատուիրեցի նորանց. Իրանց համար ձուլածոյ կուռք շինեցին։
- 13Ու նաեւ Եհովան ինձ հետ խօսելով ասեց. Ես տեսայ այս ժողովրդին, եւ ահա մի խստապարանոց ժողովուրդ է նա։
- 14Թող տուր ինձ որ նորանց կորցնեմ, եւ նորանց անունը երկնքի տակից բնաջինջ անեմ, եւ քեզ նորանցից զօրաւոր եւ բազմաթիւ ազգ շինեմ։
- 15Եւ ես ետ դառայ, եւ ցած իջայ սարիցը. Եւ սարը կրակով այրվում էր. Եւ ուխտի երկու տախտակները իմ երկու ձեռքերի վերայ էին։
- 16Եւ նայեցի, եւ ահա ձեր Եհովայ Աստուծոյ դէմ մեղք էիք գործել՝ ձեզ համար ձուլածոյ որթ էիք շինել, շուտով խոտորուել էիք այն ճանապարհիցը որ Եհովան պատուիրել էր ձեզ.
- 17Եւ ես այն երկու տախտակները բռնեցի, եւ գցեցի իմ երկու ձեռքերի վերայից, եւ կոտրատեցի նորանց ձեր աչքերի առաջին։
- 18Եւ առաջուայ պէս վայր ընկայ Եհովայի առաջին քառասուն օր եւ քառասուն գիշեր. Ոչ հաց կերայ եւ ոչ ջուր խմեցի ձեր գործած բոլոր մեղքի համար, որ չարութիւն արիք Եհովայի առաջին նորան բարկացնելու համար.
- 19Որովհետեւ վախեցայ այն սոսկալի բարկութիւնիցը՝ որով Եհովան ձեզ վերայ բարկացաւ ձեզ կորցնելու համար. սակայն Եհովան այն անգամին էլ լսեց ինձ։
- 20Եւ Եհովան Ահարօնի վերայ շատ բարկացաւ, որ նորան կորցնէր. Բայց Ահարօնի համար էլ աղօթք արի։
- 21Եւ ձեր արած մեղքը՝ այսինքն այն որթը առայ, եւ կրակով այրեցի նորան. Եւ ծեծելով լաւ փշրեցի նորան, մինչեւ որ մանր փոշի եղաւ. Եւ այն փոշին սարիցը իջնող առուի մէջ գցեցի։
- 22Նաեւ Տաբերայում, Մասսայում եւ Կիբրօթ-հաթթավայում Եհովային բարկացրիք։
- 23Եւ երբոր Եհովան ձեզ Կադէս-Բառնեայից ուղարկեց, եւ ասեց. Վեր ելէք եւ ժառանգեցէք այն երկիրը, որ ես ձեզ տուի, այն ժամանակ ձեր Եհովայ Աստուծոյ հրամանին անհնազանդութիւն արիք, եւ նորան չ’հաւատացիք եւ նորա խօսքին մտիկ չ’արիք։
- 24Դուք անհնազանդութիւն էք անում Եհովային՝ ձեզ ճանաչած օրիցս։
- 25Եւ ես այն քառասուն օրը եւ այն քառասուն գիշերը վայր ընկայ Եհովայի առաջը եւ աղաչեցի, որովհետեւ Եհովան ասեց որ ձեզ կորցնէ։
- 26Եւ ես Եհովային աղաչեցի եւ ասեցի. Ով Տէր Եհովայ, մի կորցնիր քո ժողովրդին եւ ժառանգութիւնը, որ քո մեծութեամբը ազատեցիր եւ զօրաւոր ձեռքով Եգիպտոսից հանեցիր։
- 27Յիշիր քո ծառաներին՝ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին, եւ ուշ մի դարձնիր այս ժողովրդի խստութեանը, անօրէնութեանը ու մեղքին։
- 28Մի գուցէ այն երկիրը, որտեղից մեզ հանեցիր, ասեն թէ Եհովան չ’կարողանալով նորանց տանելու այն երկիրը, որ նորանց խոստացել էր, կամ նորանց ատելով, հանեց նորանց որ անապատումը մեռցնէ։
- 29Եւ սակայն նորանք քո ժողովուրդը եւ ժառանգութիւնն են, որոնց դու քո մեծ զօրութեամբը եւ բարձր բազուկովը հանեցիր։