ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ32
- 1Ականջ դրէք, ով երկինք, որ խօսեմ. Եւ երկիր լսէ իմ բերանի խօսքերը։
- 2Անձրեւի պէս թող կաթի իմ խրատը. Ցօղի պէս իջնէ իմ խօսքը՝ Ինչպէս անձրեւը կանանչեղէնի վերայ, Եւ ինչպէս առատ անձրեւներ խոտի վերայ։
- 3Որովհետեւ ես կանչում եմ Եհովայի անունը. Պատիւ տուէք մեր Աստուծուն։
- 4Աստուծոյ գործը կատարեալ է. Որովհետեւ նորա ամեն ճանապարհները իրաւունք են. Աստուած հաւատարիմ է եւ անիրաւութիւն չ’ունի. Արդար եւ ուղիղ է նա։
- 5Ապականուեցան նորա դէմ. Նորա որդիքը չեն. Իրանցն է արատը Մէկ խոտորուած եւ ծռած ազգ է։
- 6Դա՞ է ձեր Եհովային արած հատուցումը, Ով յիմար եւ անմիտ ժողովուրդ։ Նա չէ՝ քո հայրը, քեզ ստացողը. Նա քեզ ստեղծեց եւ քեզ հաստատեց։
- 7Յիշիր հին օրերը, Մտածիր անցած դարերի տարիները. Քո հօրդ հարցրու, եւ նա քեզ կ’պատմէ. Եւ քո ծերերին, եւ նորանք քեզ կ’ասեն.
- 8Երբոր Բարձրեալը ազգերին ժառանգութիւն բաժանեց, Եւ տարածեց Ադամի որդիները, Ազգերի սահմանները դրաւ Իսրայէլի որդկանց թիւովը.
- 9Որովհետեւ Եհովայի բաժինը իր ժողովուրդն է, Յակոբը նորա ժառանգութեան վիճակն է։
- 10Նորան ամայի երկրի մէջ գտաւ, Վայրի ոռնացող անապատումը. Նորան շրջապատեց, նորան խրատեց, Նորան պահպանեց իր աչքի բիբին պէս։
- 11Ինչպէս որ արծիւը քրքրում է իր բոյնը, Շուռ է գալիս իր ձագերի վերայ, Տարածում է թեւերը, վեր առնում նորանց, Տանում նորանց իր թեւերի վերայ,
- 12Այնպէս Եհովան միայն ման ածեց նորան, Եւ նորա հետ օտար աստուած չ’կար։
- 13Նորան վեր հանեց երկրիս բարձր տեղերը, Որ ուտէ արտերի պտուղը. Եւ նորան վէմից մեղր ծծել տուաւ, Եւ ապառաժ ժայռից՝ իւղ.
- 14Կովերի իւղ եւ ոչխարների կաթ, Գառների եւ Բասանի խոյերի եւ նոխազների ճարպով, Եւ ցորենի երիկամունքի ճարպովը. Եւ խաղողի արիւնը՝ խմեցիր գինի։
- 15Եւ գիրացաւ Յեսուրունը եւ քացի տուաւ. (Գիրացա՜ր, հաստացա՜ր, իւղ կապեցի՜ր.) Եւ թողեց իր Արարիչ Աստուծուն, Եւ արհամարհեց իր փրկութեան վէմը։
- 16Օտար աստուածներով նորան նախանձեցրին, Գարշելի բաներով նորան բարկացրին։
- 17Զոհեցին դեւերին, որ Աստուած չեն, Աստուածների, որ չէին ճանաչում. նորեր՝ որ մօտերից եկան. Որոնցից ձեր հայրերը չ’վախեցան.
- 18Դու քեզ ծնող Վէմը թողեցիր, Եւ քեզ ստեղծող Աստուծուն մոռացար։
- 19Եւ Եհովան տեսաւ եւ զզուեց, Բարկութիւնով իր տղերքից եւ աղջիկներից.
- 20Եւ ասեց Երեսս ծածկեմ նորանցից, Տեսնեմ նորանց վերջը ինչ կ’լինի. Որովհետեւ նորանք մի ծուռ ազգ են, Որդիք՝ որոնց մէջ հաւատ չ’կայ։
- 21Նորանք գրգռեցին իմ նախանձը չաստուածով Ինձ բարկացրին իրանց սնոտի բաներովը. Եւ ես էլ կ’գրգռեմ նորանց նախանձը մի չժողովուրդով, Մի անմիտ ազգով կ’բարկացնեմ նորանց.
- 22Որովհետեւ կրակ վառուեցաւ իմ բարկութիւնովը, Եւ կ’այրէ մինչեւ դժոխքի ներքին տեղերը. Եւ կ’ուտէ երկիրը եւ նորա արմտիքը, Եւ կ’բորբոքեցնէ սարերի հիմունքը։
- 23Նորանց վերայ չարիքներ կ’դիզեմ, Իմ նետերը կ’վերջացնեմ նետելով նորանց վերայ։
- 24Նորանք կ’մաշուին սովով, Եւ կ’սպառուին տենդով եւ լեղի ժանտախտով, Եւ գազանների ժանիք կ’ուղարկեմ նորանց վերայ Գետնի վերայ սողացողների թոյնի հետ։
- 25Դրսիցը սուրը անորդի կ’անէ եւ սենեակներից՝ երկիւղը. Երիտասարդներին եւ կոյս աղջիկներին, Կաթնկերին ալեւոր ծերի հետ։
- 26Ես ասեցի՝ Ցրուեմ նորանց, Նորանց յիշատակը մարդկանց միջիցը վերացնեմ,
- 27Միայն թէ թշնամիի բարկութիւնից վախեցայ. Մի գուցէ նորանց հակառակորդներն ուրանան. Մի գուցէ ասեն՝ Մեր բարձր ձեռքն է, Եւ ոչ թէ Եհովան որ արաւ այս բոլոր բաները։
- 28Որովհետեւ նորանք մի խորհրդակորոյս ազգ են, Եւ իմաստութիւն չ’կայ նորանց մէջ։
- 29Երանի թէ իմաստուն լինէին, այս բանը հասկանային, Իրանց վախճանը մտածէին։
- 30Մէկ մարդն ի՞նչպէս կ’հալածէր հազարին. Եւ երկու մարդը ի՞նչպէս կ’փախցնէր տասը հազարին, Եթէ նորանց Վէմը նորանց չ’ծախէր, Եւ Եհովան նորանց չ’մատնէր։
- 31Որովհետեւ մեր Վէմի պէս չէ նորանց վէմը. Եւ մեր թշնամիները թող դատաւոր լինեն։
- 32Որովհետեւ Սոդոմի որթիցն է նորանց որթը, Եւ Գոմորի արտիցը. Նորանց խաղողները թունաւոր խաղողներ են, Նորանց ողկոյզները դառն են.
- 33Նորանց գինին վիշապների թոյն է Եւ իժերին սատակող մահադեղն է։
- 34Միթէ սա ծածկուած չէ՞ ինձ մօտ, Կնքուած չէ՞ իմ շտեմարաններումը։
- 35Իմն է վրէժխնդրութիւնը եւ հատուցումը. Ժամանակին կ’գլորուի նորանց ոտքը, Որովհետեւ մօտ է նորանց կորուստի օրը։ Եւ շտապում է նորանց համար պատրաստուածը։
- 36Որովհետեւ Եհովան կ’դատէ իր ժողովրդին, Եւ կ’գթայ իր ծառաների վերայ, Որովհետեւ կ’տեսնէ որ նորանց ձեռքը տկար է, Եւ չ’կայ կապուածը եւ ազատը.
- 37Եւ կ’ասէ. Ո՞ւր են նորանց աստուածները. Այն վէմը, որի վերայ յոյս էին դրել,
- 38Որոնք նորանց զոհերի ճարպն ուտում էին, Խմում էին նորանց թափելու նուէրների գինին. Թող վեր կենան եւ ձեզ օգնեն, Ձեզ վերայ պաշտպան լինեն։
- 39Հիմա նայեցէք, որ Ես ԵՍ ԵՄ, Եւ Ինձ հետ միասին է՛լ աստուած չ’կայ. Ես կ’մեռցնեմ եւ կ’ապրեցնեմ. Եւ ես կ’զարկեմ եւ կ’բժշկեմ, Եւ իմ ձեռքիցն ազատող չ’կայ։
- 40Որովհետեւ իմ ձեռքը դէպի երկինքն եմ բարձրացնում Եւ ասում՝ Ես յաւիտեան կենդանի եմ,
- 41Եթէ կայծակի սուրս սրեմ, Եւ ձեռքս դատաստանը բռնէ, Իմ թշնամիներին վրէժխնդրութիւն կ’անեմ, Եւ ինձ ատողներին հատուցում կ’անեմ։
- 42Իմ նետերն արիւնով կ’արբեցնեմ, Եւ իմ սուրը միս կ’ուտէ, Սպանուածների եւ գերիների արիւնիցը, Թշնամիների իշխանների գլխիցը։
- 43Ուրախացէք, ով ազգեր, նորա ժողովուրդը. Որովհետեւ իր ծառաների արիւնի վրէժը խնդրում է. Եւ իր թշնամիներից վրէժ է առնում, Եւ քաւում է իր երկիրը ու իր ժողովուրդը։
- 44Եւ Մովսէսն եկաւ, եւ այս երգի բոլոր խօսքերը ժողովրդի ականջներին խօսեց, եւ Նաւէի որդի Յեսուն էլ։
- 45Եւ երբոր Մովսէսն այս ամեն խօսքերը բոլոր Իսրայէլի հետ խօսեց վերջացրեց,
- 46Նորանց ասեց. Ձեր ուշը դարձրէք այն ամեն խօսքերին, որոնք այսօր ձեզ համար վկայութիւն բերի, որ նորանք ձեր տղերանցը պատուիրէք, որ նորանք այս օրէնքի ամեն խօսքերը պահեն եւ կատարեն։
- 47Որովհետեւ այս ձեզ համար դարտակ բան չէ. որովհետեւ ձեր կեանքն է, եւ այս բանովը երկայնակեաց կ’լինէք այն երկրի վերայ, որի համար Յորդանանովն անցնում էք նորան ժառանգելու համար։
- 48Եւ Եհովան նոյն օրը խօսեց Մովսէսի հետ ասելով.
- 49Վեր ելիր այդ Աբարիմ սարը՝ Նաբաւ սարը որ Մովաբի երկրումն է Երիքովի դիմացին, եւ տես Քանանի երկիրը, որ ես տալիս եմ Իսրայէլի որդկանցն իբրև կալուածք.
- 50Եւ մեռիր քո վեր ելած սարի վերայ, եւ քո ժողովրդի վերայ աւելացիր, ինչպէս որ քո եղբայր Ահարօնը Հովր սարի վերայ մեռաւ եւ իր ժողովրդի վերայ աւելացաւ.
- 51Որովհետեւ ինձ դէմ անհնազանդ եղաք Իսրայէլի որդկանց մէջ՝ Սին անապատումը Կադեսի հակառակութեան ջրերի վերայ. Որովհետեւ Իսրայէլի որդկանց մէջ ինձ չ’սրբեցիք։
- 52Ուրեմն այն երկիրը հեռուից կ’տեսնես, բայց այնտեղ չես մտնիլ, այն երկիրը որ ես Իսրայէլի որդկանցը կ’տամ։