ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ30
- 1Եւ երբոր քեզ վերայ գան այս բոլոր բաները՝ թէ անէծքը եւ թէ օրհնութիւնը, որ քո առաջին դրի, եւ դու քո սրտի մէջ դառնաս այն բոլոր ազգերի մէջ, ուր որ քո Եհովայ Աստուածը քեզ կ’քշէ,
- 2Եւ քո Եհովայ Աստուծուն դառնաս, եւ նորա խօսքը լսես, բոլորովին ինչպէս որ ես այսօր քեզ պատուիրեցի, դու եւ քո որդիքը բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ,
- 3Քո Եհովայ Աստուածն էլ քեզ գերութիւնից կ’դարձնէ եւ քեզ կ’ողորմէ եւ դարձեալ կ’ժողովէ քեզ այն ամեն ազգերիցը, ուր որ քո Եհովայ Աստուածը քեզ ցրուել էր։
- 4Եթէ մինչեւ երկնքի ծայրը քշուած էլ լինէիր, քո Եհովայ Աստուածը քէզ այնտեղից էլ կ’ժողովէ, եւ այնտեղ էլ կ’առնէ քեզ։
- 5Եւ քո Եհովայ Աստուածը կ’բերէ քեզ քո հայրերի ժառանգած երկիրը, եւ կ’ժառանգես նորան, եւ քեզ բարութիւն կ’անէ եւ քո հայրերիցն աւելի կ’շատացնէ քեզ.
- 6Եւ քո Եհովայ Աստուածը կ’թլփատէ քո սիրտը եւ քո որդկանց սիրտը, որ բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ քո Եհովայ Աստուծուն սիրես, որ ապրես։
- 7Եւ քո Եհովայ Աստուածն այս բոլոր անէծքները կ’բերէ քո թշնամիների վերայ՝ քեզ ատողների եւ հալածողների վերայ։
- 8Եւ դու ետ կ’դառնաս եւ կ’լսես Եհովայի խօսքը, կ’կատարես նորա բոլոր պատուիրանքները, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ։
- 9Եւ քո Եհովայ Աստուածը կ’առատացնէ քո ձեռքի բոլոր գործքերը, որովայնիդ պտուղը, անասուններիդ պտուղը եւ երկրիդ պտուղը բարիքի համար. Որովհետեւ Եհովան դարձեալ կ’ուրախանայ քեզ վերայ բարիքի համար, ինչպէս որ քո հայրերի վերայ ուրախացաւ,
- 10Երբոր դու քո Եհովայ Աստուծոյ ձայնին հնազանդես, եւ այս օրէնքի գրքի մէջ գրուած Աստուծոյ պատուիրանքները եւ կանոնները պահես, եւ բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ քո Եհովայ Աստուծուն դառնաս։
- 11Որովհետեւ այս պատուիրանքը, որ ես այսօր քեզ պատուիրում եմ, քեզ համար անիմանալի չէ, եւ հեռու չէ։
- 12Նա երկնքումը չէ որ ասես թէ Ո՞վ վեր կ’ելնէ մեզ համար երկինքը, եւ կ’բերէ նորան մեզ համար, որ լսենք նորան եւ անենք։
- 13Եւ ծովի այն կողմումն էլ չէ, որ ասես թէ՝ Ո՞վ կ’անցնէ մեզ համար ծովի այն կողմը, եւ կ’բերէ մեզ համար, որ լսենք նորան եւ անենք.
- 14Որովհետեւ խօսքը քեզանից շատ մօտ է, բերանումդ ու սրտումդ է, որ դու նորան կատարես։
- 15Տես, ես այսօր քո առաջն եմ դնում կեանքը եւ բարին, մահը եւ չարը.
- 16Որ ես այսօր քեզ պատուիրում եմ, որ քո Եհովայ Աստուծուն սիրես, նորա ճանապարհներումը գնաս, եւ նորա պատուիրանքները, կանոնները եւ դատաստանները պահես, որ ապրես եւ շատանաս, եւ քո Եհովայ Աստուածը քեզ օրհնէ այն երկրումը, ուր որ գնում ես նորան ժառանգելու համար։
- 17Բայց եթէ քո սիրտը ետ դառնայ, եւ չ’լսես, այլ մոլորուելով ուրիշ աստուածների երկրպագութիւն անես եւ նորանց պաշտես,
- 18Ես ձեզ այսօր իմաց եմ տալիս, որ անպատճառ կ’կորչէք, երկար կեանք չէք ունենալ այն երկրի վերայ, ուր որ Յորդանանն անցնելով գնում ես նորան ժառանգելու համար։
- 19Այսօր երկինքն եւ երկիրը վկայ եմ կանչում ձեզ վերայ, որ կեանքը եւ մահը, օրհնութիւնը եւ անէծքը ձեր առաջը դրի. Ուրեմն կեանքը ընտրիր որ ապրես՝ դու եւ քո սերունդը.
- 20Որ քո Եհովայ Աստուծուն սիրես՝ նորա ձայնին լսես, եւ նորան յարես, որովհետեւ նա է քո կեանքը եւ քո օրերի երկայնութիւնը, որ բնակուես այն երկրի վերայ, որ Եհովան քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին երդում արաւ նորանց տալու համար։