ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ29
  • 1Սորանք են այն ուխտի խօսքերը որ Եհովան Մովսէսին հրամայեց Իսրայէլի որդկանց հետ անելու Մովաբի երկրումը, բացի այն ուխտից, որ նորանց հետ Քորեբի վերայ արաւ։
  • 2Եւ Մովսէսը բոլոր Իսրայէլին կանչեց եւ նորանց ասեց. Դուք տեսաք այն ամենը ինչ որ Եհովան արաւ ձեր աչքերի առաջին Եգիպտոսի երկրումը Փարաւօնին, եւ նորա բոլոր ծառաներին, եւ նորա բոլոր երկրին.
  • 3Այսինքն այն մեծ փորձութիւնները, որոնք քո աչքերը տեսան՝ այն նշանները եւ մեծ հրաշքները.
  • 4Եւ Եհովան չ’տուաւ ձեզ մի այնպիսի սիրտ որ իմանաք, եւ աչքեր՝ որ տեսնէք, եւ ականջներ՝ որ լսէք, մինչեւ այսօր։
  • 5Եւ ես քառասուն տարի անապատումը ձեզ ման ածեցի. Ձեր վերայից չ’հինացան ձեր հագուստները եւ ձեր ոտքերի կօշիկները չ’մաշուեցան.
  • 6Հաց չ’կերաք եւ գինի ու ցքի չ’խմեցիք, որ գիտենաք թէ ես ձեր Եհովայ Աստուածն եմ։
  • 7Եւ երբոր այստեղ եկաք, Եսեփոնի Սեհոն թագաւորը եւ Բասանի Ովգ թագաւորը մեր առաջը դուրս եկան մեզ հետ պատերազմելու, եւ մենք զարկեցինք նորանց.
  • 8Եւ առանք նորանց երկիրը եւ ժառանգութիւն տուինք այն՝ Ռուբենեանների, Գադեանների եւ Մանասէի կէս ցեղին։
  • 9Ուրեմն այս ուխտի խօսքերը պահէք եւ կատարէք, որ յաջողուիք ձեր ամեն գործքի մէջ։
  • 10Այսօր դուք ամենքդ ձեր Եհովայ Աստուծոյ առաջին կանգնած է. Ձեր իշխանները, ձեր ցեղերը, ձեր ծերերը, ձեր ոստիկանները՝ բոլոր Իսրայէլի մարդիկը,
  • 11Ձեր տղերքը, ձեր կանայքը, եւ քո բանակում եղող օտարականը, քո փայտ կտրողիցը մինչեւ ջրկիրը.
  • 12Որ մտնես քո Եհովայ Աստուծոյ ուխտը եւ նորա երդումը, որ այսօր քո Եհովայ Աստուածը քեզ հետ անում է.
  • 13Որպէս զի քեզ այսօր իրան համար ժողովուրդ կանգնեցնէ, եւ ինքը քեզ համար Աստուած լինի ինչպէս որ քեզ ասեց, եւ ինչպէս որ քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին երդում արաւ։
  • 14Եւ ոչ միայն ձեզ հետ եմ անում ես այս ուխտը եւ այս երդումը,
  • 15Այլ այսօր մեզ հետ մեր Եհովայ Աստուծոյ առաջին այստեղ կանգնողների հետ, եւ նորանց հետ որ այսօր մեզ հետ այստեղ չեն.
  • 16Որովհետեւ դուք գիտէք, թէ ինչպէս բնակուեցինք Եգիպտոսի երկրումը, եւ ինչպէս անցանք այն ազգերի միջիցն, որ դուք անցաք.
  • 18Մի գուցէ ձեզանում մի մարդ կամ մի կին կամ մի ազգատոհմ կամ մի ցեղ գտնուի, որ իր սիրտն այսօր մեր Եհովայ Աստուածանից խոտորեցնէ, որ գնայ այն ազգերի աստուածներին ծառայութիւն անէ. մի գուցէ ձեզանում մի արմատ գտնուի, որ թոյն ու դառնութիւն բերէ.
  • 19Եւ երբոր այս անէծքի խօսքերը լսէ եւ իր սրտի մէջ իրան օրհնելով ասէ. Ինձ համար խաղաղութիւն կ’լինի, եթէ իմ սրտի յամառութիւնովը գնամ. Որ ծարաւութեանը վերայ գինովութիւն աւելացնէ։
  • 20Եհովան չի հաճիլ նորան խնայելու, այլ այն ժամանակ Եհովայի բարկութիւնը եւ նախանձը կ’բորբոքուի այն մարդի վերայ, եւ այս գրքի մէջ գրուած ամեն անէծքը կ’իջնէ նորա վերայ, եւ Եհովան կ’ջնջէ նորա անունը երկնքի տակիցը.
  • 21Եւ Եհովան կ’բաժանէ նորան Իսրայէլի բոլոր ցեղերիցը չարիքի համար այս օրէնքի գրքում գրուած ուխտի ամեն անէծքների համեմատ։
  • 22Եւ կ’ասէ յետագայ ազգը՝ այսինքն ձեզանից յետոյ ձեր վեր կենող զաւակները, եւ հեռու երկրից եկող օտարականը, երբոր տեսնեն այն երկրի հարուածները եւ նորա նեղութիւնները, որոնցով Եհովան նորան պիտի նեղէ.
  • 23Նորա բոլոր երկիրը ծծումբ, աղ եւ այրուած կ’լինի, ուր մի բան չի ցանուիլ, եւ մի բան չի բուսնիլ, եւ մի խոտ չի բարձրանալ. Սոդոմի, Գոմորի, Ադմայի եւ Սեբոյիմի խորտակման պէս, որ նորանց խորտակեց Եհովան իր բարկութիւնովը եւ սրտմտութիւնովը։
  • 24Նաեւ ամեն ազգերը կ’ասեն. Ի՞նչու համար Եհովան այս երկրին այսպէս արաւ. ի՞նչ է այս մեծ սրտմտութիւնն ու բարկութիւնը։
  • 25Եւ կ’ասեն. Որովհետեւ նորանք մերժեցին իրանց հայրերի Եհովայ Աստուծոյ ուխտը, որ նորանց հետ արել էր՝ նորանց Եգիպտոսի երկրիցը հանած ժամանակը,
  • 26Եւ գնացին ծառայեցին ուրիշ աստուածների, եւ նորանց երկրպագութիւն արին, աստուածներ՝ որ բնաւ չ’էին ճանաչած, եւ որ Եհովան չէր որոշել նորանց համար։
  • 27Եւ Եհովայի բարկութիւնը այն երկրի դէմ բորբոքուեցաւ, որ այս գրքի մէջ գրուած ամեն անէծքները նորա վերայ բերէ.
  • 28Եւ Եհովան նորանց արմատից խլեց իրանց երկրի վերայից բարկութիւնով, սրտմտութիւնով եւ մեծ զայրացումով եւ գցեց մէկ ուրիշ երկիր՝ ինչպէս որ այսօր։
  • 29Ծածուկ բաները մեր Եհովայ Աստուծոյ համար է, բայց յայտնուած բաները մեզ եւ մեր որդկանց համար յաւիտեան, որ այս օրէնքի ամեն խօսքերը կատարենք։
← Ցանկ