ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ26
  • 1Երբոր մտնես այն երկիրը, որ քո Եհովայ Աստուածը քեզ կ’տայ իբրեւ ժառանգութիւն, եւ նորան ժառանգես եւ այնտեղ բնակուես,
  • 2Այն ժամանակ երկրի ամեն պտուղների երախայրիներիցն առնես, որոնք կ’ժողովես քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած երկրիցը եւ դնես մէկ կողովի մէջ եւ գնաս այն տեղը, որ քո Եհովայ Աստուածը կ’ընտրէ իր անունը այնտեղ դնելու համար.
  • 3Եւ գնաս այն օրերը եղող քահանայի մօտ եւ ասես. Ես այսօր քո Եհովայ Աստուծուն յայտնում եմ, որ ես մտայ այն երկիրը, որի համար Եհովան մեր հայրերին երդում էր արել որ մեզ տայ։
  • 4Եւ քահանան կողովը քո ձեռքիցն առնէ եւ նորան քո Եհովայ Աստուծոյ սեղանի առաջը դնէ.
  • 5Եւ դու պատասխան տաս եւ ասես քո Եհովայ Աստուծոյ առաջին. Իմ հայրս մի թափառող Ասորի էր, եւ իջաւ Եգիպտոս, եւ այնտեղ քիչ հոգիներով պանդխտութիւն արաւ եւ մէկ մեծ, զօրաւոր եւ բազմաթիւ ազգ դառաւ.
  • 6Եւ Եգիպտացիները մեզ չարչարեցին, մեզ նեղեցին եւ մեզ վերայ ծանր ծառայութիւններ դրին.
  • 7Եւ մենք դէպի մեր հայրերի Եհովայ Աստուածն աղաղակեցինք. Եւ Եհովան լսեց մեր ձայնին եւ տեսաւ մեր նեղութիւնը, աշխատութիւնը եւ մեր զրկանքը.
  • 8Եւ Եհովան մեզ հանեց Եգիպտոսից զօրաւոր ձեռքով եւ բարձր բազուկով, մեծ ահարկութիւններով, նշաններով եւ հրաշքներով.
  • 9Եւ մեզ այս տեղը բերաւ, եւ մեզ տուաւ այս երկիրը՝ կաթ ու մեղր բղխող երկիրը։
  • 10Եւ արդ ինձ տուած երկրիդ պտուղների երախայրիները բերում եմ, ով Եհովայ։ Եւ նորանց քո Եհովայ Աստուծոյ առաջը դնելով՝ Եհովայ Աստուծուդ առաջին երկրպագութիւն անես.
  • 12Երբոր տասանորդի տարին՝ երրորդ տարին՝ քո արդիւնքների բոլոր տասանորդները տաս վերջացնես, եւ նորանց Ղեւտացիին, օտարականին, որբին եւ որբեւայրիին տաս, եւ նորանք քո դռներումը ուտեն եւ կշտանան,
  • 13Այն ժամանակ քո Եհովայ Աստուծոյ առաջին ասես. Սուրբ եղած բանը բոլորովին տանիցս հանեցի, եւ քո բոլոր ինձ հրամայած պատուիրանքների համեմատ՝ Ղեւտացիին, օտարականին, որբին եւ որբեւայրիին տուի, քո պատուիրանքները զանց չ’արի եւ չ’մոռացայ.
  • 14Սուգիս օրերումը նորանից չ’կերայ, եւ անմաքուր բանի չ’գործածեցի, եւ նորանից մեռելի համար չ’տուի. Իմ Եհովայ Աստուծոյ խօսքին լսեցի. Բոլոր ինձ պատուիրածիդ համեմատ արի։
  • 15Նայիր երկնքից՝ քո սուրբ բնակարանիցը, եւ օրհնիր քո Իսրայէլ ժողովրդին, եւ այն երկիրը որ տուիր մեզ, ինչպէս որ մեր հայրերին երդում էիր արել, մի երկիր որ կաթ եւ մեղր է բղխում։
  • 16Այսօր քո Եհովայ Աստուածը քեզ պատուիրում է, որ այս կանոնները եւ դատաստանները կատարես. Եւ նորանց պահես եւ կատարես բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ։
  • 17Դու այսօր Եհովային խօսք ես տալիս, որ նա քեզ համար Աստուած լինի, եւ դու նորա ճանապարհներումը գնաս, եւ նորա կանոնները, պատուիրանքները եւ դատաստանները պահես, եւ նորա ձայնին լսես.
  • 18Եհովան էլ այսօր քեզ խօսք է տալիս, որ դու իր համար սեպհական ժողովուրդ լինես, ինչպէս որ քեզ ասել է, որ նորա բոլոր պատուիրանքները պահես.
  • 19Եւ նա քեզ բոլոր իր ստեղծած ազգերիցը գերազանց անէ գովութիւնով, համբաւով եւ փառքով, որ սուրբ ժողովուրդ լինես քո Եհովայ Աստուծոյ համար, ինչպէս որ ասել է։
← Ցանկ