ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ22
- 1Երբոր տեսնես քո եղբօր եզը կամ ոչխարը մոլորուած, նորանց անտես չ’անես. Անպատճառ քո եղբօր մօտ դարձնես նորանց։
- 2Բայց եթէ քո եղբայրը քեզանից մօտիկ չէ, կամ նորան չես ճանաչում, այն ժամանակ քո տունն առնես նորան, եւ քեզ մօտ մնայ մինչեւ քո եղբայրը նորան որոնէ. Յետոյ նա նորան դարձնես։
- 3Եւ այսպէս անես նորա էշին, եւ այսպէս էլ անես նորա զգեստին. Նաեւ եղբօրդ ամեն կորած բանին, որ դու կ’գտնես, այսպէս անես. Նորանց չես կարող անտես անել։
- 4Երբոր տեսնես քո եղբօր էշը կամ եզը ճանապարհի վերայ ընկած, նորանց անտես չ’անես, անպատճառ նորա հետ վեր կանգնեցնես։
- 5Մի կնկայ վերայ այր մարդի հագուստ չ’լինի, եւ մարդը կնկայ հագուստ չ’հագնէ. Որովհետեւ քո Եհովայ Աստուծոյ առաջին պիղծ է ամեն ով որ այս բաներն անէ։
- 6Եթէ ճանապարհին մի ծառի վերայ կամ գետնի վերայ ձագերով կամ ձուերով թռչնի բոյն հանդիպէ քո առաջին եւ մայրը ձագերի կամ ձուերի վերայ նստած լինի, մօրն իր ձագերովը մէկտեղ չ’առնես։
- 7Անպատճառ մօրն արձակես, եւ ձագերը առնես քեզ համար. որպէս զի բարի լինի քեզ համար, եւ կեանքդ երկայն լինի։
- 8Եթէ նոր տուն շինես, կտուրիդ շրջանակ շինիր, որ քո տան վերայ արիւն չ’բերես, երբոր մէկը այնտեղից վայր ընկնէ։
- 9Այգիումդ այլ եւ այլ սերմեր չ’ցանես, որ նզովք չ’անես ցանած սերմիդ արդիւնքը եւ այգիիդ բերքը։
- 10Էշը եւ եզը մէկտեղ վարելու չ’գործածես։
- 11Բուրդով եւ քթանով գործուած այլախառն հանդերձ չ’հագնես։
- 12Հագած հանդերձիդ չորս ծայրը ծոպեր շինես։
- 13Եթէ մէկ մարդ կնիկ առնէ, եւ նորա մօտ մտնէ եւ յետոյ նորան ատէ,
- 14Եւ նորա վերայ զրպարտութեան խօսքեր դնէ եւ նորա վերայ վատ անուն հանէ, եւ ասէ. Ես այս կնկան առայ, բայց երբոր նորան մօտեցայ, նորա վերայ կուսութիւն չ’գտայ,
- 15Այն ժամանակ աղջկան հայրը եւ մայրը աղջկան կուսութեան նշանը առնեն եւ դուրս տանեն դուռը քաղաքի ծերերի առաջը։
- 16Եւ աղջկան հայրը ծերերին ասէ. Իմ աղջիկը այս մարդին կին տուի, բայց նա ատում է նորան,
- 17Ահա զրպարտութեան խօսքեր է դնում ասելով. Թէ Ես քո աղջկան վերայ կուսութիւն չ’գտայ. Բայց ահա իմ աղջկան կուսութեան նշանը. Եւ հանդերձը փռեն քաղաքի ծերերի առաջին։
- 18Եւ այն քաղաքի ծերերն այն մարդին առնեն եւ նորան խրատեն,
- 19Եւ նորա վերայ տուգանք դնեն հարիւր սիկղ արծաթ եւ տան աղջկան հօրը, որովհետեւ վատ անուն հանեց Իսրայէլացի կոյսի վերայ. Եւ նա նորա կին լինի. Եւ իր բոլոր օրերումը կարող չ’լինի նորան արձակելու։
- 20Բայց եթէ այս բանը ստոյգ լինի, եւ աղջկան վերայ կուսութիւն չէ գտնուել,
- 21Այն ժամանակ աղջկան դուրս հանեն նորա հօր տան դուռը, եւ նորա քաղաքի մարդիկը քարերով քարկոծեն նորան, որ մեռնէ. Որովհետեւ Իսրայէլի մէջ անզգամութիւն արաւ իր հօր տանը պոռնկութիւն անելով. Եւ այս կերպով չարութիւնը քո միջիցը վերացնես։
- 22Եթէ մէկը այր ունեցող մի կնկայ հետ պառկած գտնուի, այն ժամանակ երկուսն էլ մեռնեն, այն կնկայ հետ պառկող մարդը եւ այն կնիկը. Եւ Իսրայէլից չարութիւնը վերացնես։
- 23Եթէ մէկ կոյս աղջիկ մի մարդի նշանուած լինի, եւ մէկ մարդ գտնէ նորան քաղաքի մէջ եւ նորա հետ պառկէ,
- 24Այն ժամանակ երկուսին էլ դուրս հանէք այն քաղաքի դուռը, եւ նորանց քարերով քարկոծէք, որ մեռնեն. Աղջկանը նորա համար՝ որ չ’աղաղակեց քաղաքումը. Եւ մարդին նորա համար որ իր դրացիի կնկան լլկեց. Եւ չարութիւնը քո միջիցը վերացնես։
- 25Բայց եթէ մէկ մարդ մի նշանած աղջիկ դաշտի մէջ գտնէ, եւ նորան բռնադատելով նորա հետ պառկէ, այն ժամանակ միայն նորա հետ պառկող մարդը մեռնէ։
- 26Եւ աղջկանը մի բան չ’անես. Աղջկան մօտ մահի յանցանք չ’կայ. Որովհետեւ ինչպէս որ մէկը իր դրացիի վերայ կ’յարձակէ եւ կ’մեռցնէ նորան, այս դիպուածն էլ այնպէս է։
- 27Որովհետեւ դաշտումը գտաւ նորան. Նշանուած աղջիկը աղաղակել է, բայց նորան մէկ ազատող չէ եղել։
- 28Եթէ մէկ մարդ մի չ’նշանուած կոյս աղջիկ գտնէ, եւ նորան բռնադատելով նորա հետ պառկէ, եւ նորանք գտնուին.
- 29Այն ժամանակ նորա հետ պառկող մարդը աղջկան հօրը յիսուն սիկղ արծաթ տայ, եւ նա նորա կնիկը լինի, որովհետեւ լլկեց նորան, իր բոլոր օրերումը կարող չ’լինի նորան արձակելու։
- 30Մէկ մարդ իր հօրը կնկան չ’առնէ, եւ իր հօր քղանցքը չ’բանայ։