ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ21
  • 1Եթէ մի սպանուած գտնուի քո Եհովայ Աստուծոյ քեզ ժառանգութիւն տուած երկրումը դաշտի վերայ ընկած, և չ’իմացուի թէ ով է նորան զարկողը,
  • 2Այն ժամանակ քո ծերերը եւ դատաւորները դուրս գան եւ չափեն մինչեւ այն քաղաքները, որ սպանուածի շրջակայքումն են.
  • 3Եւ սպանուածից մօտ եղող քաղաքի ծերերն առնեն արջառներից մի երինջ, որ չէ գործածուած՝ այսինքն լուծի տակ չէ մտած,
  • 4Եւ այն քաղաքի ծերերը իջեցնեն երինջը մի չ’հերկուած եւ չ’ցանուած ապառաժ ձոր, եւ այնտեղ այն ձորումը երնջի վիզը կտրեն։
  • 5Եւ Ղեւիի որդիքը՝ քահանաները մօտենան. Որովհետեւ քո Եհովայ Աստուածը նորանց ընտրեց իրան ծառայութիւն անելու եւ Եհովայի անունովը օրհնելու համար. Եւ ամեն վէճ եւ ամեն վէրք նորանց խօսքովը դատուի։
  • 6Եւ այն քաղաքի բոլոր ծերերը, որ սպանուածից մօտիկ են, իրանց ձեռքերը լուանան այն ձորումը վիզը կտրած երնջի վերայ,
  • 7Եւ պատասխանեն եւ ասեն՝ Մեր ձեռքերը չ’թափեցին այս արիւնը, եւ մեր աչքերը չ’տեսան.
  • 8Քաւիր քո Իսրայէլ ժողովրդին որ դու փրկեցիր, ով Եհովայ. Եւ անմեղ արիւն մի գցիր քո Իսրայէլ ժողովրդի վերայ, այսպէս այն արիւնը կ’քաւուի նորանցից.
  • 9Իսկ դու անմեղ արիւնը քեզանից վերացնես Եհովայի առաջին ուղիղն անելով։
  • 10Երբոր դուրս գաս պատերազմի քո թշնամիների դէմ, եւ քո Եհովայ Աստուածը նորանց քո ձեռքը տայ, եւ նորանցից գերիներ առնես,
  • 11Եւ գերիների մէջ գեղեցիկ տեսքով կնիկ տեսնես, եւ նորան սիրես եւ քեզ համար կին առնես,
  • 12Նորան քո տունը տանես, եւ նա իր գլուխը ածիլէ եւ իր եղունգները կտրէ.
  • 14Եւ եթէ նորան չ’հաւանես, նորան ազատ արձակես իր համար բայց փողով բնաւ չ’ծախես նորան, ոչ էլ ստրկացնես, որովհետեւ լլկեցիր նորան։
  • 15Եթէ մէկ մարդ երկու կնիկ ունենայ, մէկը սիրելի եւ միւսը ատելի. Սիրելին էլ ատելին էլ նորա համար զաւակներ ծնած են, եւ եթէ անդրանիկ զաւակը ատելի կնոջը լինի,
  • 16Իր ստացուածքը որդիներին բաժանելու օրը կարող չէ սիրելի կնկայ զաւակը անդրանկացնելու, ատելիին անդրանիկից առաջ գցելով.
  • 17Այլ ատելիին զաւակին անդրանիկ ճանաչէ, եւ բոլոր իր մօտ գտնուածիցը երկու բաժին տայ նորան. Որովհետեւ նա է նորա զօրութեան սկիզբը. անդրանկութեան իրաւունքը նորանն է։
  • 18Եթէ մէկ մարդ մի անզգամ եւ անհնազանդ տղայ ունենայ, որ իր հօր եւ իր մօր խօսքին չէ լսում, եւ երբոր նորան խրատում են՝ նորանց մտիկ չէ անում.
  • 19Այն ժամանակ նորա հայրը եւ մայրը նորան բռնեն եւ նորան դուրս տանեն քաղաքի ծերերի մօտ եւ նորա բնակած տեղի դուռը.
  • 20Եւ քաղաքի ծերերին ասեն՝ Մեր այս տղան անզգամ եւ անհնազանդ է, մեր ձայնին չէ լսում, լափող եւ լակող է.
  • 21Այն ժամանակ նորա քաղաքի բոլոր մարդիկը քարերով քարկոծեն նորան, որ մեռնէ. Եւ չարութիւնը քո միջիցը վերացնես. Եւ բոլոր Իսրայէլը լսեն եւ վախենան։
  • 22Եւ երբոր մի մարդ մահի արժանի մեղք գործէ, նա մեռցնուի, եւ դու նորան ծառից կախես,
  • 23Նորա մարմինը ծառի վերայ գիշերը չ’մնայ, այլ նոյն օրը անպատճառ թաղես նորան. Որովհետեւ կախուածը Աստուծոյ անիծածն է. Եւ չ’պղծես այն քո երկիրը՝ որ քո Եհովայ Աստուածը քեզ կ’տայ ժառանգելու համար։
← Ցանկ