ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ20
  • 1Երբոր քո թշնամիների դէմ դուրս գաս պատերազմի եւ տեսնես ձիեր եւ կառքեր՝ քեզանից շատ մի ժողովուրդ, նորանցից չ’վախենաս. Որովհետեւ քո Եհովայ Աստուածը քեզ հետ է, որ քեզ Եգիպտացիների երկրիցը հանեց։
  • 2Եւ երբոր պատերազմի մօտենաք, թող քահանան մօտենայ եւ խօսէ ժողովրդի հետ,
  • 3Եւ նորանց ասէ. Լսիր, Իսրայէլ, դուք այսօր մօտեցել էք պատերազմի ձեր թշնամիների դէմ. Ձեր սրտերը չ’թուլանան, մի վախենաք, մի զարհուրիք, եւ նորանց երեսիցը մի դողաք.
  • 4Որովհետեւ ձեր Եհովայ Աստուածը գնում է ձեզ հետ, որ ձեզ համար ձեր թշնամիների դէմ պատերազմէ և ձեզ օգնէ։
  • 5Եւ ոստիկանները խօսեն ժողովրդի հետ ասելով. Ով է այն մարդը, որ նոր տուն է շինել եւ նորա նաւակատիքը չէ արել, թող ետ դառնայ գնայ իր տունը. Մի գուցէ պատերազմումը մեռնէ, եւ մի ուրիշ մարդ անէ նաւակատիքը.
  • 6Եւ ով է այն մարդը, որ այգի է տնկել եւ նորան չէ վայելել, թող ետ դառնայ գնայ իր տունը. Մի գուցէ պատերազմումը մեռնէ, եւ մի ուրիշ մարդ վայելէ նորան։
  • 7Եւ ով է այն մարդը որ կնկայ է նշանուել եւ նորան չէ առել, թող ետ դառնայ գնայ իր տունը. Մի գուցէ պատերազմումը մեռնէ, եւ մէկ ուրիշ մարդ առնէ նորան։
  • 8Եւ ոստիկանները շարունակեն իրանց խօսքը եւ ասեն ժողովրդին. Ով է այն մարդը որ վախկոտ եւ թուլասիրտ է, թող ետ դառնայ գնայ իր տունը, որ չ’թուլացնէ իր եղբայրների սիրտն էլ իր սրտին պէս։
  • 9Եւ երբոր ոստիկանները ժողովրդի առաջին իրանց խօսքը վերջացնեն, այն ժամանակ ժողովրդի վերայ զօրապետներ կարգեն։
  • 10Երբոր մի քաղաքի մօտենաս նորա հետ պատերազմելու, նորան խաղաղութեան հրաւիրիր։
  • 11Եւ եթէ քեզ խաղաղութեան պատասխան տայ, եւ դռները քեզ համար բաց անէ, այն ժամանակ նորանում գտնուած բոլոր ժողովուրդը քեզ հարկատու լինեն, եւ քեզ ծառայութիւն անեն։
  • 12Բայց եթէ չ’ուզէ քեզ հետ խաղաղութիւն անել, եւ քեզ հետ պատերազմ անէ, այն ժամանակ նորան պաշարես.
  • 13Եւ քո Եհովայ Աստուածը նորան քո ձեռքը կ’մատնէ, եւ դու նորա բոլոր արուներին սուրի բերանից անցկացնես.
  • 14Բայց կանայքը, տղայքը եւ անասունները եւ ինչ որ կայ այն քաղաքումը, նորա բոլոր աւարը առնես քեզ համար. Եւ ուտես քո թշնամիների աւարը, որ քո Եհովայ Աստուածը քեզ մատնել է։
  • 15Այսպէս անես այն ամեն քաղաքներին, որ քեզանից շատ հեռու են, որ այս ազգերի քաղաքներիցը չեն։
  • 16Սակայն այս ազգերի քաղաքներիցը, որ քո Եհովայ Աստուածը քեզ ժառանգութիւն է տալիս, ոչ մի շունչ ունեցողին ողջ չ’թողես.
  • 17Այլ բնաջինջ անես Քետացիներին, Ամօրհացիներին, Քանանացիներին, Փերեզացիներին, Խեւացիներին եւ Յեբուսացիներին, ինչպէս որ քո Եհովայ Աստուածդ քեզ պատուիրել է.
  • 18Որպէս զի ձեզ չ’սովորեցնեն իրանց բոլոր գարշութիւնների համեմատ անել, որ անում են իրանց աստուածներին. Եւ որ դուք ձեր Եհովայ Աստուծոյ առաջին մեղք չ’գործէք։
  • 20Բայց այն ծառերը, որոնք ճանաչում եւ թէ ուտուելու պտուղ չեն բերում, նորանց փչացնես եւ կոտրես, եւ նորանցով պատնէշ շինես քեզ հետ պատերազմող քաղաքի դէմ, մինչեւ որ նուաճուի։
← Ցանկ