ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ19
  • 1Երբոր քո Եհովայ Աստուածը բնաջինջ անէ այն ազգերին, որոնց երկիրը քո Եհովայ Աստուածը քեզ է տալիս, եւ դու նորանց քշես եւ նորանց քաղաքներումն ու տներումը բնակուես,
  • 2Քեզ համար երեք քաղաք ջոկես քո երկրումը, որ քո Եհովայ Աստուածը քեզ կ’տայ ժառանգելու.
  • 3Քեզ համար ճանապարհ պատրաստես, եւ երեքի բաժանես քո երկրի սահմանը, որ քո Եհովայ Աստուածը քեզ կ’տայ ժառանգութեան համար. Որպէս զի ամեն մարդասպան այնտեղ փախչէ։
  • 4Եւ այս է մարդասպանի կանոնը, որ այնտեղ փախչէ եւ ողջ մնայ. Նա որ զարկէ իր դրացիին անգիտութեամբ մեռցնէ՝ առանց նորա հետ երէկուանից եւ միւս օրուանից թշնամութիւն ունենալու.
  • 5Եւ որ մէկն իր դրացիի հետ ծմակը գնայ փայտ կտրելու համար, եւ փայտ կտրելու համար իր ձեռքը կացինով բարձրացնելիս կոթիցը դուրս թռչէ եւ դրացիին դպչէ եւ նա մեռնէ. Նա այս քաղաքներից մէկի մէջը փախչէ, որ ապրէ,
  • 6Որ արիւնի վրէժխնդիրը մարդասպանի ետեւից չ’ընկնէ, ըստ որում սիրտը վառուել է, եւ ճանապարհը շատ լինելով՝ նորան հասնէ եւ նորան մեռցնէ, թէպէտ եւ նորա համար մեռնելու առիթ չ’կայ, որովհետեւ նորա դէմ թշնամութիւն չ’ունէր երէկուանից եւ միւս օրուանից։
  • 7Սորա համար ես քեզ պատուիրում եմ եւ ասում, որ քեզ համար երեք քաղաք ջոկես։
  • 8Եւ եթէ քո Եհովայ Աստուածը ընդարձակէ քո սահմանը ինչպէս որ քո հայրերին երդում է արել, եւ Եհովան քեզ տայ այն բոլոր երկիրը, որ խոստացաւ քո հայրերին տալ,
  • 9Եթէ պահես այս բոլոր պատուիրանքը որ ես այսօր քեզ պատուիրում եմ, որ քո Եհովայ Աստուծուն սիրես եւ նորա ճանապարհներումը գնաս ամեն ժամանակ, ապա այս երեք քաղաքի վերայ ուրիշ երեք քաղաք էլ աւելացնես.
  • 10Եւ որ անմեղ արիւն չ’թափուի քո երկրի մէջ, որ քո Եհովայ Աստուածը քեզ ժառանգութիւն կ’տայ. Եւ որ դու արիւնի պարտական չ’լինես։
  • 11Բայց եթէ մէկ մարդ իր դրացիին ոխ ունենայ եւ նորան դարանամուտ լինի, եւ վեր կենայ նորա դէմ եւ նորան զարկէ, եւ նա մեռնէ, եւ սա փախչէ այս քաղաքների մէկ մէջը,
  • 12Այն ժամանակ նորա քաղաքի ծերերն ուղարկեցէք, եւ նորանք վեր առնեն նորան այնտեղից, եւ տան նորան արիւնի վրէժխնդրի ձեռքը, որ մեռնէ։
  • 13Քո աչքը նորան չ’խնայէ, եւ Իսրայէլի միջից անմեղ արիւնը վերացնես, որ քեզ համար բարի լինի։
  • 14Քո դրացիի սահմանը, որ նախնիքները հաստատեցին, չ’փոխես քո կալուածքի մէջ, որ քո Եհովայ Աստուծոյ քեզ ժառանգութիւն տուած երկրումը կ’ժառանգես։
  • 15Մէկ վկայ չ’կանգնէ մի մարդի դէմ որ եւ իցէ անօրէնութեան եւ մեղքի համար՝ ինչ եւ է մեղքի մասին որ մեղանչել է. Այլ երկու կամ երեք վկաների բերանով հաստատուի բանը։
  • 16Եթէ մէկ մարդի դէմ մի սուտ վկայ վեր կենայ, եւ նորա վերայով անօրէնութեան համար վկայէ,
  • 17Այն ժամանակ այն երկու մարդիկը, որոնց մէջ այդ հակառակութիւնը կայ, կանգնեն Եհովայի առաջին՝ այն ժամանակի քահանաների եւ դատաւորների առաջին.
  • 18Եւ դատաւորները լաւ քննեն. Եւ եթէ տեսնեն որ այն վկան սուտ վկայ է՝ իր եղբօրը դէմ սուտ վկայութիւն է արել,
  • 19Այն ժամանակ նորան անէք ինչպէս որ նա խորհեց իր եղբօրն անելու, եւ չարութիւնը քո միջիցը վերացնես.
  • 20Եւ մնացեալները կ’լսեն եւ կ’վախենան, եւ այլ եւս քո միջում այսպիսի չար բան չեն անիլ։
  • 21Քո աչքը չ’խնայէ. անձի տեղ անձ, աչքի տեղ աչք, ատամի տեղ ատամ, ձեռքի տեղ ձեռք, եւ ոտքի տեղ ոտք։
← Ցանկ