ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ13
- 1եթէ միջիցդ մէկ մարգարէ կամ երազատես դուրս գայ, եւ քեզ նշան կամ հրաշք տայ,
- 2Եւ կատարուի քեզ ասած նշանը կամ հրաշքը, եւ քեզ ասէ թէ գնանք օտար աստուածներ պաշտենք, որոնք դու չես ճանաչում.
- 3Այն մարգարէի կամ երազատեսի խօսքին մի լսիր. Որովհետեւ Եհովայ Աստուածը ձեզ փորձում է, որ հասկանայ թէ արդեօք դուք ձեր Եհովայ Աստուծուն ձեր բոլոր սրտովը եւ բոլոր հոգիովը սիրում էք։
- 4Ձեր Եհովայ Աստուծուն հետեւէք, եւ նորանից վախենաք, նորա պատուիրանքները պահէք, եւ նորա ձայնին լսէք, նորան պաշտէք եւ նորան յարէք։
- 5Եւ այն մարգարէն կամ երազատեսը պիտի մեռցնուի, որովհետեւ ապստամբութիւն խօսեց ձեր Եհովայ Աստուծոյ դէմ, որ ձեզ Եգիպտոսի երկրիցը հանեց եւ ձեզ ծառայութեան տանից ազատեց, որ ձեզ խոտորեցնէ այն ճանապարհից որ ձեր Եհովայ Աստուածը ձեզ պատուիրեց որ նորա մէջ գնաք. Եւ չարութիւնը ձեր միջիցը վերացնէք։
- 6Եթէ մօրդ տղան քո եղբայրը, կամ քո տղան կամ աղջիկը, կամ ծոցիդ կինը, եւ կամ քո բարեկամը, որ անձիդ պէս սիրում ես, քեզ մոլորեցնել ուզենալով ծածուկ ասէ. Գնանք եւ օտար աստուածներ պաշտենք, որոնք չես ճանաչել ոչ դու, ոչ քո հայրերը,
- 7Ձեր շուրջը եղող ազգերի աստուածներից՝ թէ քեզ մօտիկ լինեն եւ թէ քեզանից հեռու, երկրիս մէկ ծայրիցը մինչեւ միւս ծայրը,
- 8Նորան հաւանութիւն չ’տաս, ոչ էլ նորան լսես. Եւ քո աչքը չ’խնայէ նորան, ոչ էլ նորայ վերայ գութ ունենաս, եւ ոչ պահես նորան.
- 9Այլ անպատճառ մեռցնես. Եւ նորան մեռցնելու համար նախ քո ձեռքը լինի նորա վերայ, եւ յետոյ բոլոր ժողովրդի ձեռքը.
- 10Քարերով քարկոծես նորան, եւ նա մեռնէ, որովհետեւ ուզեց քեզ ապստամբեցնել քո Եհովայ Աստուածանից, որ քեզ Եգիպտոսի երկրից՝ ծառայութեան տանիցը հանեց։
- 11Եւ բոլոր Իսրայէլը լսելով վախենայ, եւ այլեւս ձեր միջումը սրա նման չարութիւն չ’անեն։
- 12Եթէ քո այն քաղաքների մէկումը լսես, որ քո Եհովայ Աստուածը՝ բնակութեան համար քեզ կ’տայ, որ ասեն թէ
- 13Ձեր միջից մի քանի անպիտան մարդիկ՝՝ են դուրս եկել, եւ իրանց քաղաքի բնակիչներին ապստամբեցնում են, ասելով. Գնանք ձեր չ’ճանաչած օտար աստուածներին պաշտենք,
- 14Այն ժամանակ քննես եւ լաւ հարցուփորձ անես, եւ երբոր տեսնես որ այն բանը ճշմարիտ ստոյգ է՝ այն գարշելի բանը քեզանում եղել է,
- 15Այն քաղաքի բնակիչներին անպատճառ սուրի բերանից անցկացնես, նորան եւ նորա մէջ եղած բոլոր բաները նզովելով. Անասուններին էլ սուրի բերանից անցկացնես.
- 16Եւ նորա բոլոր աւարը նորա հրապարակի մէջ ժողովես, եւ այն քաղաքը եւ նորա բոլոր աւարը քո Եհովայ Աստուծոյ համար բոլորովին կրակով այրես. Եւ նա յաւիտեան աւերակի թումբ լինի, այլ եւս չ’շինուի։
- 17Եւ այն նզովածից ձեռքիդ մի բան չ’փակչէ, որպէս զի Եհովան իր սաստիկ բարկութիւնիցը դառնայ եւ քեզ ողորմութիւն ու գթութիւն անէ, եւ քեզ շատացնէ, ինչպէս որ քո հայրերին երդում արաւ,
- 18Եթէ քո Եհովայ Աստուծոյ ձայնին լսես նորա այն բոլոր պատուիրանքները պահելու, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ, եւ Եհովայ Աստուծոյ առաջին ուղիղ եղածը անես։