ԳԱՂԱՏԱՑԻՍ5
- 1Արդ այն ազատութիւնովը որ Քրիստոսը մեզ ազատեց, հաստատ կացէք եւ դարձեալ ծառայութեան լծի տակ մի մտնէք։
- 2Ահա ես Պօղոսս ասում եմ ձեզ, որ եթէ թլփատուիք, Քրիստոսը ձեզ օգուտ չի անիլ։
- 3Եւ դարձեալ վկայում եմ ամեն մարդի համար որ թլփատվում է, թէ նա պարտական է բոլոր օրէնքը կատարելու։
- 4Խափանուած էք Քրիստոսից դուք, որ օրէնքով էք կամենում արդարանալ. շնորհքիցն ընկած էք։
- 5Որովհետեւ մենք Հոգով հաւատքիցն ենք սպասում արդարութեան յոյսին։
- 6Վասնզի Քրիստոս Յիսուսումը ոչ թլփատութինն է մի բան կարող, եւ ոչ անթլփատութիւնը. այլ հաւատքը որ սիրով գործում է։
- 7Լաւ էիք վազում, ձեզ ո՞վ ետ կանգնեցրեց՝ որ չ’հնազանդիք ճշմարտութեանը։
- 8Այդ համոզումը նորանից չէ որ կանչեց ձեզ։
- 9Մի քիչ խմորը բոլոր զանգուածը խմորեցնում է։
- 10Ես ձեզ վերայ յոյս ունիմ Տէրովը՝ որ ուրիշ բան չէք մտածիլ. եւ ձեզ խռովեցնողը դատապարտութիւն կ’քաշէ ով որ էլ լինի։
- 11Բայց ես, եղբարք, եթէ տակաւին թլփատութիւն եմ քարոզում, էլ ի՞նչու համար եմ հալածվում. ուրեմն խաչի գայթակղութիւնը խափանուած է։
- 12Երանի թէ բոլորովին կտրուէին նորանք որ ձեզ խռովեցնում են։
- 13Որովհետեւ դուք ազատութեան համար էք կանչուել, եղբարք. միայն թէ ձեր ազատութիւնը պատճառ չ’տայ մարմնին. այլ սիրով ծառայեցէք իրար։
- 14Որովհետեւ բոլոր օրէնքն այս մէկ խօսքումն է կատարվում. Քո ընկերին քո անձի պէս սիրիր։
- 15Բայց եթէ իրար կծէք եւ ուտէք, զգուշացէք որ իրարից չ’փճանաք։
- 16Բայց ասում եմ. Հոգով գնացէք, եւ մարմնի ցանկութիւնը չէք կատարիլ։
- 17Որովհետեւ մարմինը ցանկանում է հոգուն հակառակ, եւ հոգին մարմնին հակառակ. Եւ սորանք իրար հակառակ են, որ մի գուցէ այն որ դուք կամենում էք՝ այն անէք։
- 18Բայց եթէ Հոգուց էք առաջնորդվում, օրէնքի տակ չէք.
- 19Եւ յայտնի են մարմնի գործերը, որ են՝ շնութիւն, պոռնկութիւն, պղծութիւն, գիճութիւն,
- 20Կռապաշտութիւն, կախարդութիւն, թշնամութիւններ, կռիւներ, նախանձներ, բարկութիւններ, հակառակութիւններ, երկպառակութիններ, բաժանմունքներ,
- 21Չար նայուածներ, սպանութիւններ, արբեցութիւններ, անառակութիւններ, եւ ինչ որ սորանց նման են. Որ առաջուց ասում եմ ձեզ, ինչպէս էլ առաջուց ասում էի, թէ այսպիսի բաներ գործողներն Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ։
- 22Բայց հոգու պտուղն է՝ սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, երկայնմտութիւն,
- 23Քաղցրութիւն, բարութիւն, հաւատք, հեզութիւն, ժուժկալութիւն. այնպիսիների դէմ օրէնք չ’կայ։
- 24Բայց նորանք որ Քրիստոսինն են, իրանց մարմինը խաչ հանեցին կիրքերովը եւ ցանկութիւններովը միասին։
- 25Եթէ Հոգով ենք ապրում, Հոգով վարուինք։
- 26Սնապարծ չ’լինինք իրար գրգռելով, եւ իրար վերայ նախանձելով։