ԳԱՂԱՏԱՑԻՍ3
- 1Ով անմիտ Գաղատացիներ, ո՞վ կախարդեց ձեզ որ ճշմարտութեանը չ’հնազանդիք. Որոնց համար աչքերի առաջին նկարագրուեցաւ Յիսուս Քրիստոսը խաչուած ձեր մէջ։
- 2Այս միայն կամենում եմ սովորիլ ձեզանից. օրէնքի գործերի՞ցն ընդունեցիք Հոգին՝ թէ հաւատքի լսելուցը։
- 3Այդքան անմի՞տ էք. հոգով սկսեցիք, եւ հիմա մարմնո՞վ էք վերջանում։
- 4Այնքան նեղութիւններ զո՞ւր տեղը կրեցիք. Թէ որ զուր էլ լինի։
- 5Արդ ձեզ Հոգին բաժանողը եւ ձեր միջումը զօրութիւններ գործողը, օրէնքի գործերի՞ց է թէ հաւատքի լսելուցը։
- 6Ինչպէս որ Աբրահամը հաւատաց Աստուծուն, եւ այն նորա համար արդարութիւն համարուեցաւ։
- 7Ուրեմն գիտացէք. Թէ նորանք որ հաւատքիցն են, նորանք են Աբրահամի որդիք։
- 8Գիրքն էլ առաջուց գիտենալով, որ Աստուած հաւատքիցն է արդարացնում հեթանոսներին՝ առաջուց Աբրահամին խոստացաւ, թէ Քեզանում պիտի օրհնուին բոլոր ազգերը։
- 9Ուրեմն նորանք որ հաւատքից են, օրհնվում են հաւատացեալ Աբրահամի հետ։
- 10Որովհետեւ որոնք որ օրէնքի գործերից են, անէծքի տակ են. Վասնզի գրուած է թէ Անիծեալ լինի ամեն մարդ, որ չէ կենում օրէնքի գրքի մէջի բոլոր գրուածներումը, որ ամենն անէ։
- 11Եւ թէ օրէնքովն ոչ ով չէ արդարանում Աստուծոյ առաջին, դա յայտնի է. Որովհետեւ Արդարը հաւատքիցը կ’ապրէ։
- 12Բայց օրէնքը հաւատքիցը չէ այլ՝ Նորանց կատարող մարդը կ’ապրէ նորանով։
- 13Քրիստոս գնեց մեզ օրէնքի անէծքիցը մեզ համար անէծք լինելով. (վասնզի գրուած է թէ Անիծեալ լինի ամեն փայտից կախուածը։)
- 14Որ Աբրահամի օրհնութիւնը հեթանոսների մէջ լինի Քրիստոս Յիսուսով, որ մենք Սուրբ Հոգու խոստմունքն ընդունենք հաւատքով։
- 15Մարդկօրէն եմ ասում, եղբարք. ապաքէն մի մարդի հաստատուած կտակը ոչ ով չէ անարգում. Եւ ոչ էլ նորա վերայ ուրիշ հրաման աւելացնում։
- 16Եւ Աբրահամին խոստացուեցան այն խոստմունքները, եւ նորա զաւակին. Չէ ասում, Եւ զաւակներին՝ ինչպէս շատերին, այլ ինչպէս մէկին. Եւ քո զաւակին. որ է Քրիստոսը։
- 17Բայց սա եմ ասում. Այն կտակը, որ առաջուց Աստուածանից հաստատուած էր Քրիստոսի վերայ, չորս հարիւր եւ երեսուն տարուց յետոյ եղած օրէնքը չի քանդիլ որ խոստմունքը խափանուի։
- 18Որովհետեւ եթէ ժառանգութիւնն օրէնքից լիներ, ապա խոստմունքից չէր. Բայց Աստուած խոստմունքով շնորհեց Աբրահամին։
- 19Արդ օրէնքն ի՞նչ է. նա յանցանքների պատճառով աւելացաւ. մինչեւ որ գայ այն զաւակը, որին եղաւ խոստմունքը հրեշտակներով կարգուած միջնորդի ձեռով։
- 20Բայց միջնորդը մէկի չէ, սակայն Աստուած մէկ է։
- 21Ուրեմն օրէնքը Աստուծոյ խոստմունքներին հակառա՞կ է. Քաւ լիցի. որովհետեւ եթէ օրէնք տրուած լինէր որ կարող լինէր կենդանի անել, ապա իրաւի օրէնքից կ’լինէր արդարութիւնը։
- 22Բայց գիրքը փակեց ամենքը մեղքի ներքեւ, որ խոստմունքը Յիսուս Քրիստոսի հաւատքիցը տրուի հաւատացողներին։
- 23Դեռ որ հաւատքը չէր եկած՝ օրէնքի ներքեւ փակուած պահվում էինք այն հաւատքի համար, որ պէտք էր յայտնուէր։
- 24Ուրեմն օրէնքը մեզ համար դաստիարակ եղաւ դէպի Յիսուս Քրիստոսը, որ հաւատքից արդարանանք։
- 25Բայց երբոր հաւատքն եկաւ, այլեւս դաստիարակի տակ չենք։
- 26Որովհետեւ ամենքդ Աստուծոյ որդիք էք Քրիստոս Յիսուսի հաւատքովը։
- 27Վասնզի ամենքդ՝ որ Քրիստոսումը մկրտուեցաք, Քրիստոսին հագած էք։
- 28Այլ եւս ոչ Հրէայ կայ եւ ոչ Յոյն, ոչ ծառայ կայ եւ ոչ ազատ, ոչ արու կայ եւ ոչ էգ. որովհետեւ դուք ամենքդ մէկ էք Քրիստոս Յիսուսումը։
- 29Ապա եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի զաւակ էք՝ եւ խոստմունքի համեմատ ժառանգներ։